«ՉԵՄ ՓՈՐՁՈՒՄ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ ԽԱՂԱԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի երիտասարդական նվագախմբի դիրիժոր ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԻ հետ զրուցեցինք կրթության դերի ու որակի մասին, նաեւ իմացանք, թե ինչպես է վերաբերում ռաբիս երաժշտությանը:
-Ուսանել եք դրսում, ինչո՞ւ չմնացիք այնտեղ, շատերը մնում են` մտածելով՝ գան այստեղ, ինչ են անելու:
-Մնալը դրսում մի քիչ այլ գաղափար է: Եթե ես խոսեմ իմ կրթության մասին, չեմ կարող ասել, որ կրթությանս մեծ մասը ստացել եմ դրսում: Նախ իմ տատիկի մոտ եմ սովորել, նաեւ  Հայաստանի լավագույն մասնագետների, հետո նոր դրսում: Իսկ եթե խոսենք կրթական մակարդակի մասին, ապա Հայաստանում կարելի է լավ կրթություն ստանալ՝ սովորել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, Կոնսերվատորիայում: Էստեղ կարող են դառնալ լավ մասնագետ:
Եթե մարդ սովորում է դրսում, այնուհետեւ, գալով Հայաստան, թիմ հավաքում, մարդկանց հետ է աշխատում, գտնում է իր տեղը, զգում, որ իրեն հասկանում են, ունի պրոգրես, պահանջարկ, սիրված հանդիսատես, հաջողություն, նրան հրավիրում են դուրս` տարբեր համերգների, էլ ի՞նչ պատճառ կա այստեղից գնալու:
Մենք պետք է ոչ թե քննադատենք հասարակությանը, այլ ինտեգրենք ինտելեկտուալ դաշտ, որ մարդիկ կարողանան գնահատել դասական երաժիշտներին, որ վերջիններս էլ հասկանան՝ պահանջարկ ունեն, հասարակությունն իրենց ճանաչում է, ու ցանկանան մնալ Հայաստանում:
-Այնուամենայնիվ, Դուք կրթվել եք նաեւ դրսում, չէ՞ որ դա էլ մեծ նշանակություն ունի:  
-Եթե ես մնայի Հայաստանում, էլի լավ կրթություն կստանայի: Բայց ես վերադարձել եմ ու  չեմ պատկերացնում իմ գնալը: Դրա հետ մեկտեղ ես ունեմ իմ համերգները դրսում: Այսօրվա գլոբալիզացիայի պարագայում, երբ կա ինտերնետ, skype, facebook, միեւնույն է՝ դու որտեղ ես, քո տարածքային պատկանելությունը ոչ մեկին հետաքրքիր չէ: Ունես մի բջջային համար, որով զանգում են, հրավիրում համերգի: Գնում, մասնակցում ես ու հետ գալիս: Իմ տունը Հայաստանն է, ես ավելի քան ուրախ եմ դրա համար:
-Հոնորարների մասին ի՞նչ կասեք, մի՞թե դրսում դրանք ավելի մեծ չեն:
-Ես ավելի քան վստահ եմ՝ եթե երաժիշտը զգա, որ այստեղ սիրված է, ունի պահանջարկ, հասարակությունն իրեն սիրում է, ուզում է գալ իր համերգներին, եթե նույնիսկ մի քանի հազար եվրո դրսում աշխատի, նա չի գնա:
-Վստա՞հ եք:
-Միանշանակ: Եթե պահանջարկ ունես, Հայաստանում էլ կարող ես համերգներով գումար վաստակել: Վստահ եմ՝ մի քանի տարի անց այս տարածաշրջանում կստեղծվի շուկայական պայման երաժիշտների համար, նրանք կստանան մոտավորապես նույն գումարները բոլոր նվագախմբերում, նույն հոնորարները համերգներից: Բայց դրան գալու համար մենք պետք է լինենք պատրաստված: Հավատացե՛ք, այսօր մենք ունենք լավագույն կրթական համակարգերից մեկն աշխարհում: Մենք պետք է դա հարգենք, օգնենք, որ զարգանա: Ես ունեմ կոլեգաներ, որոնք այդպես չեն կարծում: Մարդ պետք է լինի պոզիտիվ, կրեատիվ:
-Ինչքան էլ ուզում ես պոզիտիվ լինել, միեւնույն է, փաստերից հեռու չես փախչի: Կարծում եմ՝ Դուք էլ գիտեք, որ այսօր շատ դասական երաժիշտներ ռեստորաններում են նվագում:
-Հստակ պատասխան տամ, որ այդ հարցը Ձեզ մոտ էլ չծագի: Ռեստորանը ցա՞ծր արվեստ է ու վայե՞լ չէ երաժշտին: Իմ ավագ կոլեգաներից մեկն ինձ մի օր ասաց` գիտես, այսինչ երաժիշտը ռաբիս է նվագում, ու այնպես ասաց, կարծես ռաբիսը արժեք չունի, որակազրկեց բացարձակապես: Հիմա եկե՛ք այս հարցին այլ տեսանկյունից նայենք: Եթե այդ երաժիշտը ռաբիս է նվագում իր ընտանիքի կարիքները հոգալու համար, մենք իրավունք չունենք ասելու, որ դա ցածր արվեստ է: Ես այս հարցին այս տեսակ պատասխան ունեմ, այլ կերպ նայել չեմ կարող:  
-Փաստորեն, ռաբիսին վերեւից չե՞ք նայում:
-Իհարկե ո՛չ: Դա մարդկանց հացի խնդիրն է, ես իրավունք չունեմ գնահատական տալ: Եթե մարդ հնարավորություն ունի իր գումարն աշխատելու իրական արվեստով, շատ ողջունելի է, եթե ոչ… Վստահ եմ, որ դասական եւ ոչ մի երաժշտի հաճելի չէ, երբ ինքը ռեստորանում 6/8 է նվագում: Բայց ես գիտեմ մի բան. նա լուծում է հացի խնդիր: Մեզանից եւ ոչ մեկը չպետք է իրեն իրավունք վերապահի գնահատական տալ այդ մարդկանց: Շատ ընտանիքներ կան, որոնք բաժանվում են հենց ֆինանսական խնդիրների պատճառով, իսկ վա՞տ է, մարդն իր գումարը ռեստորաններում է աշխատում:  
-Չեք քննադատում ռաբիսը, բայց վստահ եմ՝ չեք էլ լսի, օրինակ, Ձեր մեքենայի մեջ:
-Ինչպե՞ս եք պատկերացնում իմ մեքենայի մեջ այս տեսակ երաժշտություն, իհարկե չեմ լսում: Բայց եթե ես ինչ-որ խնջույքի եմ մասնակցում, ու ռաբիս երաժշտություն են միացնում, չեմ ասում՝ վա՜յ, էս ի՞նչ է: Չեմ փորձում մտավորական խաղալ, մարդկանց ցույց տալ, թե ես բարձր մատերիաների մասին եմ մտածում: Այդ տեսակ խնդիր չունեմ: Ուրախ եմ, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք իմ նման են մտածում: Միասին մենք կհասնենք մեծ բարձունքների եւ արդյունքի:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս