Air Armenia-ն դադարեցնում է ուղևորափոխադրումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 22-ին լրացավ «Էյր Արմենիա» ավիաընկերության ուղևորափոխադրումների իրականացման 1 տարին:

Ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որով հայտնել է, որ ներկայումս հնարավոր չէ իրականացնել ուղևորային փոխադրումներ:

«Անցած մեկ տարվա ընթացքում «Air Armenia» ընկերությունը` որպես միակ հայկական ուղևորափոխադրող ավիաընկերություն, իր ծառայություններն է մատուցել քաղաքացիներին` թռիչքներ իրականացնելով դեպի Ռուսաստանի Դաշնություն և Եվրոպա:

Որպես միակ հայկական ուղևորափոխադրող ընկերության՝ «Air Armenia»-ի համար անցած տարին լի էր ձեռքբերումներով ինչպես նաև անցանկալի բացասական անակնկալներով: Տարածված տեղեկությունների համաձայն՝ ամռան ընթացքում փորձեր եղան ավիաընկերության գործունեությանը խոչընդոտելու ուղղությամբ, որի արդյունքում միտում դիտվեց միակ հայկական ավիափոխադրողի վերացման ուղղությամբ, ինչը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել օտարերկրյա ավիաընկերությունների համար՝ մենաշնորհային և անկախ քաղաքականություն իրականացնելու և Հայոց երկնքին տնօրինելու ուղղությամբ:

Սույն թվականի սեպտեմբերի 11-ին Ռոսաէռոնավիգացիայի կողմից ռուսական լրատվամիջոցների միջոցով տարածած հայտարարությունը առ այն, որ «Air Armenia» ավիաընկերությանը սեպտեմբերի 21-ից արգելվելու է չվերթներ իրականացնել դեպի Ռուսաստանի Դաշնություն, մեծ վնաս հասցրեց և լուրջ խնդիրների պատճառ դարձավ միակ հայկական ուղևորափոխադրող ավիաընկերության համար:

Ռոսաէռոնավիգացիայի կողմից տարածված հայտարարությունը, մեծ տարածում գտնելով Հայաստանյան լրատվամիջոցների շրջանում, պատճառ հանդիսացավ հայկական ավիափոխադրողի հեղինակության անկման, ինչի արդյունքում «Air Armenia» ավիաընկերությունը սկսեց կրել մեծ ֆինանսական կորուստներ:

Հայտարարությունը խուճապ առաջացրեց թե ուղևորների, թե կրեդիտորների և թե դեբիտորների շրջանում: Բազմաթիվ ուղևորներ սկսեցին վերադարձնել արդեն իսկ գնված տոմսերը: Ուղևորների մի մեծ զանգված հրաժարվեց հայկական ուղևորափխադրողի ծառայություններից: Վաճառքները նվազեցին ավելի քան 60%-ով:

Միաժամանակ բոլոր կրեդիտորները սկսեցին պահանջել իրենց հասանելիք գումարները, հրաժարվելով նախկինում պայմանավորված փոխանցումների գրաֆիկներից, իսկ դեբիտորները հրաժարվում էին փոխանցել արդեն իսկ վաճառված տոմսերի գումարները, պատճառաբանելով, որ ուղևորների հրաժարվելու դեպքում ստիպված կլինեն ետ վերադարձնել գումարները:

«Air Armenia» ավիաընկերության կողմից շահագործվող օդանավերից երկուսը ներկայումս մեկնել են Հոլանդիա տեխնիկական սպասարկման նպատակով: Օդանավերի տեխնիկական սպասարկումը պարտադիր և պլանային գործընթաց է, որն իրականացվում է օդանավերը վարձակալության հանձնած ընկերության հետ ձեռք բերված պարտավորությունների շրջանակներում: Առաջացած խուճապի և հասարակության շրջանում առկա անորոշությանը զուգահեռ Ա320 տիպի օդանավերի սեփականատերերը պահանջեցին օդանավերից մեկի տեխնիկական հերթական և մյուսի ոչ պլանավորված տեխնիկական սպասարկումը իրականացնել իրենց պատկանող օդանավակայանում իրենց ավելի ապահովագրված զգալու նպատակով:

«Air Armenia» ավիաընկերությունը, ի զարմանս շատերի, իր մեջ գտավ եռանդ, ուժ և միջոցներ՝ թռիչքները կազմակերպելու ընդամենը մեկ օդանավով:

Միևնույն ժամանակ որոշ գործակալներ իրենց մոտ պահեցին հասույթները, տոմսերի վերադարձի երաշխիք ապահովելու համար: Արդյունքում հասույթները Հայաստանում մոտեցան կրիտիկական մինիմումի և ներկայումս հնարավոր չէ իրականացնել ուղևորային փոխադրումներ:

Ստեղծված իրավիճակում ավիաընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել կտրուկ քայլերով իրականացնել կազմակերպության ֆինանսների ռեստրուկտուրիզացիա, բարեփոխել չվացուցակը մինչ դեկտեմբերի 20-ը՝ շեշտադրում անելով մեծ պահանջարկ ունեցող հիմնական ուղղություններով թռիչքների կազմակերպման վրա: Ընթացիկ ժամանակահատվածում նախատեսվում է ներգրավել ֆինանսական միջոցներ, կատարել աշխատանքներ «Air Armenia»-ին պատկանող երկու Ա320 օդանավեր վերադարձնելու ուղղությամբ և դեկտեմբերի 20-ից սկսած իրականացնել բոլոր թռիչքները ըստ նախկինում հայտարարված ձմեռային չվացուցակի:

Հայկական միակ ավիափոխադրող «Air Armenia» ավիաընկերությունը շնորհակալություն է հայտնում իրեն հավատարիմ մնացած բոլոր ուղևորներին և գործընկերներին, հայցում նրանց ներողամտությունը ստեղծված իրավիճակի և պատճառված անհանգստության համար»,-գրված է հաղորդագրության մեջ:




Լրահոս