ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հարեւանուհուս թոռնուհուն (տասնչորս տարեկան) օրինական կարգով կենսաթոշակ է հասնում, բայց երեխայի ծնողները Հայաստանում չեն, իսկ հարեւանուհիս առողջական լուրջ խնդիրներ ունի եւ չի կարող զբաղվել այդ հարցով: Խնդրում եմ ասել, թե տվյալ դեպքում անչափահասին կենսաթոշակ նշանակելու համար ով պետք է դիմի կենսաթոշակ նշանակող մարմին:

Մարիամ Հակոբյան, 69 տարեկան, տնային տնտեսուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Տասնվեց տարեկան անձն իրավունք ունի կենսաթոշակ նշանակելու համար դիմել անձամբ:
Ընդհանուր կարգն այսպիսին է.
Անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ մինչեւ տասնվեց տարեկան անչափահաս անձին կենսաթոշակ նշանակելու համար նրա հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում գրավոր դիմում է ներկայացնում ծնողը (որդեգրողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն):
Եթե անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձի օրինական ներկայացուցիչը համապատասխան կազմակերպությունն է (մանկատունը կամ հոգեբուժարանը), որտեղ գտնվում է անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձը, նրան կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կազմակերպության գտնվելու վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում այդ կազմակերպության ղեկավարը կամ նրա լիազորած անձը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական
հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պարզաբանումը ենթադրում է, որ անչափահասի համար առաջացած խնդիրը բարդագույններից չէ: Անկասկած, մեկ անգամ համապատասխան կառույցի տարածքային ստորաբաժանում անցնելը մեծ դժվարություն չի ներկայացնում, եւ հանուն ստանալիք նպաստի արժե խնդիրը լուծել, որից հետո ամենամսյա վճարումները ենթադրաբար դիմումատուի տան հասցեով կուղարկվեն:




Լրահոս