ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉՈՐՍ ՏԱՐԻ Է` ԶՈՒԳԱՐԱՆ ՉՈՒՆԵՆ

60-ամյա Ջուլիետա Քարամյանն ապրում է դստեր եւ 10-ամյա թոռնիկի՝ Արթուրի հետ: Տիկին Ջուլիետայի ընտանիքը քսան տարուց ավելի է, ինչ ապրում է կիսափուլ տանիք ունեցող մեկ սենյականոց տան մեջ, որը նախկինում որպես մառան է ծառայել:

Տարրական կոմունալ հարմարություններից զուրկ, խոնավ ու ճաքճքած պատերով այս տանն ապրելով ընտանիքի անդամները ձեռք են բերել տարբեր տեսակի հիվանդություններ: Բացի այս, արդեն չորս տարի է, ինչ նրանք զուգարան չունեն: Ծայրահեղ վատ վիճակում ապրող ընտանիքին միայն վերջերս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանն է որոշակի գումարով օգնել, սակայն նրանք չեն կարողացել ավարտին հասցնել զուգարանի նորոգումը:
Տիկին Ջուլիետայի դուստրը 2-րդ կարգի հաշմանդամ է, ինչի պատճառով չի կարողանում աշխատանք գտնել: Իսկ 10-ամյա թոռնիկը՝ Արթուրը, սիրում է նկարել: Ընտանիքի եկամտի միակ աղբյուրը հաշմանդամ դստեր ստացած թոշակն է, որը կազմում է 16 հազար դրամ եւ օգնության նպաստը՝ 22 հազար դրամ:
«Մենք դեռ չենք կարողանում լողանալ, դա ոչինչ, բայց էրեխուն չենք կարողանում լողացնել, նորմալ հետեւել տղայի հիգիենային: Ես ագահ կին չեմ, շատ բան չեմ պահանջում: Թող ինձ օգնեն տանիքն ու զուգարանը նորոգել, թե չէ այսպես ապրել արդեն հնարավոր չէ: Մի օր տան պատերը փլվելու են, իսկ տանիքն էլ թափվելու է գլխներիս»,-մտահոգված ասաց տիկին Ջուլիետան:
Նրա պատմելով` դստեր ստացած թոշակով մարել են կուտակած պարտքերը, իսկ սպառած էլեկտրաէներգիայի վարձը դեռ մնացել է: «Վայ, աղջիկ ջան, Էլեկտրիկն արդեն մի քանի օր է, ինչ զանգում ու գումարն է պահանջում: Ես էլ անհարմար վիճակում եմ հայտնվել, ամաչում եմ: Բայց սպասում եմ, տեսնեմ, թե երբ են տալու օգնության նպաստը, որով կկարողանամ վճարել դա: Ցուրտ է, վառես-չվառես` օգուտ չի տալիս: Էրեխեն շորերով է քնում: Մեր բոլորի առողջությունը քայքայվեց: Ոչ մի հարմարություն չկա»: Նշենք, որ տիկին Ջուլիետան յուրաքանչյուր հինգշաբթի գալիս է ՀՀ կառավարության շենքի մոտ` այն հույսով, որ մի օր կկարողանա հանդիպել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 

 
ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉԸ

Մարտի 5-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Ռուսաստանի ընտրանու հետ եւ պարտվեց 0։2 հաշվով։ Հիշեցնենք, որ այդ խաղում հավաքականը գլխավորում էր ազգային ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ նոր գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը։

Խաղի վերաբերյալ «Ժողովուրդ»-ին իր կարծիքը հայտնեց մարզական հայտնի մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը. «Ռուսներն առաջին խաղակեսում լավ խաղացին։ Ընդհանրապես նրանց զենքը մեկ հպումով արագ խաղն է, եւ եթե դա ստացվում է, կարողանում են հաջողության հասնել։ Ու Եվրոպայի առաջնությունում էլ կարողացան մեկ խաղ այդպես անցկացնել։ Նրանց ընդհանուր խաղամակարդակն էլ բարձր չէ, պարզապես երեւում էր, որ թիմն ավելի հավասարաչափ է խաղային օղակներում, այդպես բացահայտ թույլ տեղ չունի, ինչն առաջին խաղակեսում հստակ զգացվում էր։ Ընդմիջումից հետո Կապելոն կազմում ահագին փոփոխություններ կատարեց, եւ հավաքականի խաղն էլ արդեն այն չէր։ Երեկոյան զուգահեռ նայում էի նաեւ ուրիշ ընկերական խաղեր, ու Ռուսաստան-Հայաստան հանդիպման հետ համեմատության եզրեր չկային։ Օրինակ՝ Իսպանիա-Իտալիա խաղից մեծ հաճույք ստացա. ինչ արագությամբ են խաղում, ինչ փոխանցումներ են կատարում։ Նշեմ թեկուզ Չիլիի հավաքականի խաղը»,- ասաց մեր զրուցակիցը։ Ինչ վերաբերում է մեր հավաքականի խաղին, ապա նա հիշեցրեց Սերգեյ Կիրյակովի կարծիքը փոքր հավաքականների վերաբերյալ, ինչի հետ ինքն էլ համամիտ է. «Եթե ինչ-որ ժամանակ նման հավաքականներում ի հայտ են գալիս 2-3 առաջին մեծության աստղեր, ցավոք, մյուս խաղացողները նրանց մակարդակին չեն համապատասխանում»։ Ըստ մեր զրուցակցի՝ եթե մենք ուզում ենք Եվրոպայում հաջողության հասնել, պետք է նայենք ավելի ուժեղ թիմերի խաղը, փորձենք համեմատվել ու դասեր առնել նրանցից։ «Ճիշտ է, նախորդ շրջափուլում հաղթեցինք Չեխիային, Դանիային, եւ չեմ ուզում ասել, որ դա պատահականություն է, բայց, ցավոք, նաեւ օրինաչափություն չէ։ Լուրջ հաջողությունների հասնելու համար պետք է հավասարակշռված հավաքական ունենաս բոլոր խաղային օղակներում։ Մինչդեռ պաշտպանություն գրեթե չունենք, կիսապաշտպանությունն էլ թույլ է (մանավանդ, Արաս Օզբիլիսը բացակայում էր, ու միայն Հենրիխով ոչինչ անել հնարավոր չէր), խաղային պարզ իրադրություններում խոտանը սարսափելի շատ էր։ Խաղը ցույց տվեց նաեւ, որ Յուրան էլ ֆունկցիոնալ առումով պատրաստ չէր հանդիպմանը։ Փաստորեն, այդ խաղում միջազգային մակարդակի միայն երկու ֆուտբոլիստ ունեինք՝ Ռոման Բերեզովսկի եւ Հենրիխ Մխիթարյան։ Եվ ինչ կարող է նման դեպքերում անել գլխավոր մարզիչը, հո գլխից վերեւ չի՞ ցատկելու։ Մենք պետք է արժանի կադրեր ունենանք, մինչդեռ հատկապես նրանք, ովքեր մեր առաջնությունում են հանդես գալիս, չեն կարող լուրջ խնդիրներ լուծել»,-ցավով նշեց Ս. Բաղդասարյանը։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է

Երեկ ՀՀ կառավարությունը հաստատել է երեխայի ծննդյան միանվագ գումարի չափը: «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու եւ վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը ներկայացնելով կառավարության քննարկմանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ ընտանիքում ծնված առաջին եւ երկրորդ երեխաների դեպքում վճարվող գումար կսահմանվի 50 հազարական դրամ, երրորդ եւ չորրորդ երեխաների դեպքում՝ 1 մլն դրամ, իսկ հինգերորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար՝ 1 մլն 500 հազար դրամ: Նշենք, որ 2014 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում եւ վճարում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով: Իսկ մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում եւ վճարում է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունը:

 

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

Երեկ Երեւանի Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները կառավարության մոտ բողոքի ակցիա էին անցկացնում՝ վանկարկելով «գողեր», «թալանչիներ», «Տիգրան, դուրս արի, ժողովրդին պատասխան տուր», «գետինը մտնեք» արտահայտությունները: Նրանք պահանջում էին լիարժեք փոխհատուցում իրենց քանդված տների դիմաց: Արդեն 12 տարի է՝ Հյուսիսային պողոտայի բնակիչներն ապարդյուն պայքարում են իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար: Մինչեւ հիմա նրանցից շատերը չունեն բնակարաններ, քանի որ մաս-մաս փոխհատուցված անհամարժեք գումարներով բնակարան գնել չեն կարողացել:
Հյուսիսային պողոտայի բնակիչներին այս անգամ էլ որեւէ պաշտոնյա չմոտեցավ եւ նրանք կրկին հուսախաբ հեռացան:

ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ




Լրահոս