ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է կառավարության նիստերի դահլիճում
Կարելի է կարծել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի «բարեւի հեղափոխություն»-ը հասել է նաեւ կառավարություն:
ՀԱՐՑ. Ես գտնվում եմ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, սակայն ցանկանում եմ անցնել աշխատանքի: Արդյոք ես կարող եմ մինչեւ երեխայի երեք տարեկան լրանալը ցանկացած օր դիմում ներկայացնել աշխատանքի վերականգնման համար: Խնդրում եմ ասեք, թե ինչպես է փաստաթղթերի շրջանառությունը կատարվում: Ուզում եմ մանրամասն ծանոթանալ կատարվող քայլերին. դիմում, հրաման եւ այլն:
Տաթեւ Բաղդասարյան (29 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ինչ վերաբերում է արձակուրդից վերադառնալու ընթացակարգին, ապա աշխատողը նախ եւ առաջ պետք է գրավոր դիմումով տեղեկացնի գործատուին աշխատանքի վերադառնալու իր ցանկության մասին: Այնուհետեւ գործատուն, աշխատողի դիմումի հիման վրա հրաման ընդունի (կամ կարգադրություն) վերջինիս՝ խնամքի արձակուրդից վերադառնալու եւ դրանից բխող համապատասխան գործողություններ իրականացնելու մասին (ընդունվող հրամանների եւ (կամ կարգադրությունների) թիվը եւ բովանդակությունը կախված է տվյալ կազմակերպությունում գործող գործավարության կանոններից)):
«Իրավունքի իրազեկում» ՀԿ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե Տ. Բաղդասարյանը վերջնականապես որոշել է դեռ արձակուրդի ժամկետը չավարտված` վերադառնալ աշխատանքի, ապա պատասխանից պարզ է, որ օրենքը նման հնարավորություն տալիս է: Մնում է քաղաքացին դիմումով ներկայանա ղեկավարությանը եւ մասնակցի հետագա գործողություններին:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչ կարգով է կատարվում լուծարված պետական ընկերությունների գույքի մասնավորեցման գործընթացը: Ինչ երաշխիքներ է տալիս պետությունը մասնավորեցման մասնակիցներին: Եվ խնդրում եմ ասեք, ինչպես կարող են մասնավորեցման գործարքները անվավեր ճանաչվել:
Նաիրա Ղանթարչյան (52 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լուծարված պետական ընկերությունների գույքը կարող է մասնավորեցվել «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքով սահմանված ձեւերով՝ որպես գույքի առանձին տարրեր, ինչպես նաեւ այդ գույքի կամ դրա մի մասի հիման վրա նոր ընկերություն ստեղծելու միջոցով: ՀՀ-ն երաշխավորում է մասնավորեցման մասնակիցների իրավունքները: Դրանց խախտման համար մեղավոր պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Մասնավորեցման ընթացքում եւ հետեւանքով լիազորված պետական մարմնին հայտնի դարձած մասնավորեցման մասնակիցներին վերաբերող տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ենթակա չեն հրապարակման՝ առանց վերջիններիս համաձայնության:
Ինչ վերաբերում է անվավեր ճանաչելուն, ապա նշենք, որ մասնավորեցման գործարքները դատական կարգով անվավեր են ճանաչվում, եթե մասնավորեցված գույքը ենթակա չէ մասնավորեցման, կամ մասնավորեցման հետեւանքով պետական սեփականություն ձեռքբերած անձն իրավունք չունի մասնակցելու մասնավորեցմանը: Վերջին դեպքում գործարքը կարող է անվավեր ճանաչվել միայն այդ անձին վերաբերող մասով:
Մասնավորեցման համար վճարումները, այդ թվում՝ հերթական վճարումը, ինչպես նաեւ մասնավորեցման գործարքի այլ պայմանները չկատարելու դեպքում լիազորված պետական մարմինը հայց է ներկայացնում դատարան՝ գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա բռնագանձում տարածելու մասին:
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գույքային բռնագանձումների ու դատական քաշքշուկների մեջ չհայտնվելու համար, հորդորում ենք մեր հայրենակիցներին ժամանակին կատարել իրենց վճարումները, որքան էլ դա դժվար լինի:
ՀԱՐՑ. Ցանկանում եմ դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից: Ուզում եմ իմանալ, թե ինչքան գումար կարող եմ տանել ինձ հետ:
Համլետ Ռոստոմյան (38 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Ռոստոմյանի հարցին ի պատասխան հայտնում ենք, որ անհրաժեշտ է առաջնորդվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից 29.07.2005 թվականին ընդունված ««Արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման եւ հայտարարագրման» կարգը հատատելու եւ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի օգոստոսի 26-ի թիվ 173 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 386-Ն որոշման դրույթներով, համաձայն որի՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք իրավունք ունեն առանց որեւէ փաստաթղթի առկայության, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, Հայաստանի Հանրապետությունից արտահանել մինչեւ 5 միլիոն կանխիկ ՀՀ դրամ եւ համարժեք կանխիկ արտարժույթ՝ արտահայտված թղթադրամների եւ մետաղադրամների տեսքով, ինչպես նաեւ վճարային արժեթղթեր: Նշված գումարը գերազանցելու դեպքում Հայաստանի Հանրապետության դրամի եւ արտարժույթի արտահանումն իրականացվում է անկանխիկ եղանակով, իսկ վճարային արժեթղթերի արտահանումը՝ գրավոր մաքսային հայտարարագրի լրացմամբ:
Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած օրենքով սահմանված է, որ անձը կարող է դուրս հանել 5 միլիոն դրամին համարժեք կանխիկ գումար, բայց ամեն դեպքում կարծում ենք, որ ավելի հուսալի տարբերակներ կան եւ կարելի է գումարը տեղափոխել բանկային քարտերով կամ փոխանցում կատարելով: