Լ. Ալավերդյանը հույսը կապում է Ժառանգության կուսակցության հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանն ափսոսում է, որ հինգերորդ գումարման ԱԺ-ում չեն հայտնվել կուսակցության բարձր որակներ կրող այնպիսի անհատներ, ինչպիսիք են Ստեփան Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանն ու Անահիտ Բախշյանը: Այս մասին նա ասաց այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ: “Եթե ինչ-որ նոր թիմ է գալիս, որին հասարակությունը չի ճանաչում, դա այնքան էլ լավ չէ: Բայց հասարակությունը չպետք է հիասթափվի: Ես ինքս հույս եմ կապում “Ժառանգություն” կուսակցության առողջ կորիզի հետ և ուրախ եմ, որ Զարուհի Փոստանջյանը լինելու է այս խորհրդարանում: Նա ինքնուրույն, սեփական դիմագիծ ունեցող անհատ է, նրան որևէ բան՝ մանավանդ մանդատից հրաժարվել, ոչ ոք չի կարող պարտադրել, և դրա համար էլ հարգում եմ Զարուհու տեսակը: Հին կազմից խորհրդարան են անցել նաև կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը”,- հիշեցրեց նա՝ հույս հայտնելով, որ Փոստանջյանի հետ համատեղ նրանք լավ աշխատանք կկատարեն:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ հավաստի՞ են լուրերը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է կուսակցության առաջնորդի դերը փոխանցել նույն Քոքոբելյանին, իսկ ինքը՝ մեկնել ԱՄՆ, Լարիսա Ալավերդյանը նշեց, որ չի կարծում՝ Խ. Քոքոբելյանը հրաժարվի “Ազատ դեմոկրատների” նախագահությունից: “Միաժամանակ, քիչ հավանական եմ համարում, որ երկու կուսակցությունները միավորվեն”,- նշեց նա:




Լրահոս