Հայաստանում նախատեսվում է հիմնել չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց:
Կառավարության այսօրվա նիստում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց կառուցելու մասին օրենքի նախագիծը: Արդեն լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ դպրոցը նախատեսվում է կառուցել Երևանի 103 ավագ դպրոցի հենքի վրա:
«Դպրոցի կառուցումը դրված է չինական կողմի վրա: Այն լինելու է հայկական, ուղղակի դպրոցական բաղադրիչին լրացուցիչ ժամեր են հատկացվելու չինարենի ուսուցման և չինական մշակույթն ուսումնասիրելու համար: Այն ունենալու է գերժամանակակից բոլոր ենթակառուցվածքները՝ մշակութային կենտրոն, գրադարան և հանրակացարանային համալիր մարզաբնակների համար», – տեղեկացրեց նա:
Նրա խոսքով՝ ներդրումը համարժեք է լինելու շուրջ 8 մլն դոլարին: Ըստ Աշոտյանի՝ ողջ աշխարհում աճում է չինարենի պահանջարկը և Հայաստանում նույնպես այդ պահանջարկը կա:
«Առաջին փուլում չինարենը դասավանդվելու է ռուսական գրքերով, սակայն հետագայում ստեղծվելու են հայերենի հիմքով չինարենի ուսուցման դասագրքեր: Նախատեսվում է 2015-ի մեկնարկին սկիզբ տալ շինարարական աշխատանքներին: Հաշվի առնելով, որ շինարարությունն իրականացնելու է չինական կողմը՝ այն արագ կընթանա, և 2 տարվա ընթացքում դպրոցը կբացվի», – ընդգծեց նախարարը:
Աշոտյանը նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է հիմնել պարսկերենի թեքումով դպրոց:
Մանրամասները՝ տեսանյութում