Երևանում տարվում են ձմռան նախապատրաստական աշխատանքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Դրանք ներառում են մի քանի ուղղություններ. բազմաբնակարան բնակելի շենքերի ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերի ջերմամեկուսացում, ամառվանից դեռևսանավարտ մնացած արտաքին ջրթափ խողովակների, ինչպես նաև հարթ և թեք տանիքների նորոգում, շքամուտքերի հարկաբաժինների ապակեպատում, մուտքերի դռների տեղադրում:

Գործընթացը հիմնականում իրականացվում է համատիրությունների ուժերով: Զուգահեռաբար վարչական շրջաններում աշխատանքներ են տարվում հատուկ տեխնիկայի կարգաբերման ուղղությամբ:

Ձմեռային ամիսներին օգտագործվող շուրջ 180 միավոր մեքենամեխանիզմների անխափան աշխատանքն ապահովելու համար ձեռք կբերվեն անվադողեր, մարտկոցներ և այլ բաղադրիչներ, ինչպես նաև ձմեռային արտահագուստ`սանմաքրման ձեռնարկությունների աշխատակիցների համար: Մոտ օրերս կապահովվի նաև տեխնիկական աղի և շլաքային ավազի անհրաժեշտ խմբաքանակը, սակայն ըստ տեղումների հաճախականությունից, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ համալրումներ կլինեն:

Երևանի քաղաքապետարանը հորդորում է վարորդներին ձմռան ամիսներին անխափան երթևեկության ապահովման նպատակով ամառային անվադողերը փոխարինել ձմեռայիններով: Այս օրերին նաև տնտեսվարող սուբյեկտների հերթական ծանուցումներն են ուղարկվում`Երևանի ավագանու որոշումը հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, իսկ ձմռան ամիսներին նաև ձնամաքրման աշխատանքները պատշաճ ապահովելու վերաբերյալ:




Լրահոս