Ժամեր առաջ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Երևանի Խորենացի փողոցից հայտնաբերել և ձերբակալել են գյումրեցի «օրենքով գող» Զապին՝ Անդրանիկ Սողոյանին: Վերջինիս նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահները հետախուզում են հայտարարել և մեղադրում են հայ գործարարի սպանության, ինչպես նաև շորթում կատարելու մեջ: ՉՀ-ի դատարանը «գողին» հեռակա դատապարտել է 22 տարվա ազատազրկման:
Ո՞վ է Զապը
Անդրանիկ Սողոյանն իր մականունը ստացել է մանկուց՝ «Զապորոժեցի» հետ նմանության համար: Վերջինս գյումրեցի է, «օրենքով գող»-ի տիտղոս ստացել է 1994 թվականին Մոսկվայում՝ Նիգալ Բարսեղյանի (Նիկոլ) երաշխավորմամբ: 2007-ին Զապը խնդիրներ է ունեցել Չեխիայի իրավապահների հետ, որից հետո վերադարձել էր Հայաստան:
Ինչո՞վ է առավել հայտնի քրեական հեղինակությունը
Հայտնի է, որ «օրենքով գողն» իրավունք չունի մտնելու քաղաքական դաշտ, առավել ևս քաղաքական գործիչների միջամտությամբ կամ հորդորներով որևէ հարց լուծելու: Զապը, կարծես, այս առումով լուրջ բացթողում ունի:
Այսպես, այս տարվա մարտ ամսին տեղեկություններ տարածվեցին, որ ծեծի է ենթարկվել «օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը: Նրան ծեծի էին ենթարկել քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը՝ հայտնի Տույ մականվամբ, և Երրորդմասցի Լյովիկը: Քանի որ քրեական աշխարհում ընդունված չէ առանց լրջագույն պատճառի «օրենքով գող» ծեծել, ուստի այս ծեծը դարձավ բացառիկ, և սկսվեց «ռազբորկա»:
Ինչպես հայտնի է, «գող ծեծելու» պատմության ավարտը պետք է լինի այդ աշխարհի համար ընդունելի՝ «ստանալու» տարբերակով: Դրա եղանակներից մեկն այն է, որ Օշականցի Գևորիկը պետք է ապտակեր իրեն ծեծի ենթարկած Լյովիկին ու Տույին կամ գոնե հայհոյեր, դժգոհություն հայտներ իր նկատմամբ ցուցաբերված պահվածքի համար:
«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ այս պատմության հանգուցալուծման հարցը քննարկվել է ընդհուպ մինչև ՀՀ նախագահի նստավայրում, և Սերժ Սարգսյանը հրահանգել էր ոստիկանությանն այնպես անել, որ քաղաքում արյունահեղություն չլինի: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ ՀՀ-ում առկա բոլոր 16 «օրենքով գողեր»-ին ժամանակ էր տվել լքելու Հայաստանը: Հրահանգից ժամեր անց մայրաքաղաքը «մաքրվել էր» բոլոր տեսակի քրեական հեղինակություններից ու «գողերից»: Այդ ընթացքում սկսել էր գործել մաֆիան, որպեսզի հարցը լուծի խաղաղությամբ:
Եվ հենց մաֆիան՝ կառավարման մակարդակով, Երևանի Պռոշյան փողոցում գտնվող «Ֆորում» ռեստորանում հանդիպում էր կազմակերպել արտասահմանից հատուկ իրավիճակը կարգավորելու նպատակով Հայաստան ժամանած մի քանի «օրենքով գողերի»՝ Զապի, նրա եղբորորդու, Լենինականցի Սուրոյի, Օշականցի Գևորիկի և նրա եղբորորդու, Լյովիկի ու Տույի միջև: Հանդիպումը եղել է գիշերով, նույնիսկ շատ հեղինակություններ ու «օրենքով գողեր» տեղյակ չեն եղել այդ հանդիպման մասին: Որոշվել էր, որ պետք է վերջ դրվի այս պատմությանը, ինչին Զապը համաձայնել էր: Միանշանակորեն «գողերի» աշխարհի ներկայացուցիչներին սա, մեղմ ասած, այնքան էլ դուր չէր եկել, և հայազգի «օրենքով գողն» արդեն տևական ժամանակ է՝ հեղինակությունների թիրախում է:
Կարծես՝ քրեական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք սպառնում էին արյունահեղության վերածվել, մոտեցել էին վերջնարդյունքին. քրեական «ռազբորկայի» առաջին փուլը կարելի էր ավարտված համարել: Սակայն այժմ, երբ հայազգի «օրենքով գող» Զապը գտնվում է ՔԿՀ-ում, կարող ենք վստահաբար ասել, որ «գողին» ոչ հարիր քայլի պատասխանն այստեղ նա կստանա: Այսպիսով՝ քրեական աշխարհի «ռազբորկան» դեռևս կշարունակվի:
Նշենք, որ քրեական աշխարհի վերոնշյալ խմորումներն իրենց հետքերն էին թողել նաև ՔԿՀ-ներում: Նուբարաշենի «զոն նայողն» իր մոտ էր հրավիրել հեղինակավոր դատապարտյալներին և պատմել դրսում կատարվածը: Իսկ «Սևան» քրեակատարողական հիմնարկում «օրենքով գողերի» կողմը ներկայացնող դատապարտյալները դաժան ծեծի էին ենթարկել Երրորդմասցի Լյովիկի ընկերոջը, ով փորձել էր արդարացնել նրա արարքը: Թեև այդ ժամանակ ՔԿՀ պետերին հաջողվել էր ներսում զսպել հնարավոր բախումները, սակայն անհայտ է, թե Զապի՝ այնտեղ հայտնվելու դեպքում պայթունավտանգ իրավիճակը որքանով հնարավոր կլինի կանխարգելել:
Տաթև Հարությունյան