ՀՂԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՓՈՒՉԻԿԻ ՊԵՍ ԿՊԱՅԹԻ՞
Աշխատող հղի կանանց հաշվին չաշխատող մայրերին հղիության նպաստ տրամադրելու հարցը դարձել է հանրության շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկը: ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հացերի մշտական հանձնաժողովում երեկ տեղի ունեցած քննարկմանը, որին ներկա էին նաեւ հղիներ ու աշխատող մայրեր, հնչեցին բազմաթիվ առաջարկներ: Դրանցից մի քանիսը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը խոստացավ հաշվի առնել եւ առաջիկայում նոր նախաձեռնությամբ հանդես գալ:
Նախ հիշեցնենք, թե ինչի մասին է խոսքը. ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած առաջարկի՝ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով՝ առաջարկվում է վերանայել մայրության նպաստի չափը եւ սահմանել, որ 2016 թվականից սկսած` վճարվեն նաեւ չաշխատող հղի կանայք: Ասել է թե` շուրջ 13 հազար աշխատող մայրերի հաշվին կառավարությունը մտադիր է «պահել» նաեւ չաշխատողներին, որոնց թիվը Հայաստանում կազմում է շուրջ 30 հազար:
Բնականաբար, այս օրինագիծն առաջացրել է աշխատող մայրերի եւ հղիների զայրույթը, որովհետեւ նրանց հատկացվող նպաստի ժամկետը` գործող երկու տարուց կրճատվելու է եւ դառնալու է մեկ տարի` որպեսզի դրա հաշվին նպաստ ստանան նաեւ չաշխատող մայրերը:
Իհարկե, ողջունելի է, որ պետությունը ցանկանում է ուշադրություն դարձնել նաեւ չաշխատող մայրերին, սակայն անընդունելի է, որ փորձում են անել աշխատող մայրերի հաշվին: Թեեւ` սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հիմնավորում է, որ այս օրինագիծով իրենք ցանկանում են պետական միջոցներն առավել արդյունավետ եւ հասցեական ծախսել. «ՀՀ-ում թեեւ ծնելիությունը չի ավելացել, բայց ծախսերը վերջին տարիներին ավելացել են 3 անգամ: Իսկ արդյունավետությունն ավելացե՞լ է: Այն, ինչ ներկայացված է օրենսդրական նախաձեռնությամբ, առաջարկություն է՝ հաշվի առնելով խնդիրները: Մեր միակ նպատակը` որ պետական բյուջեի միջոցները ծախսենք առավել նպատակային եւ հասցեական»,- երեկ ներկայացրեց նախարարը:
Իսկ մինչ այդ հղիները բողոքի ակցիա անցկացրեցին նախ՝ ՀՀ կառավարության շենքի, ապա՝ Ազգային ժողովի մուտքի մոտ: Եւ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում օրենքի նախագծի երեկվա քննարկմանը ստիպված ներգրավեցին նաեւ հղի կանանց եւ մայրերին, որպեսզի նրանք էլ ներկայացնեն իրենց տեսակետը:
Հանձնաժողովում քննարկումը բավականին բուռն էր, եւ շարունակվեց մինչ ուշ երեկո: Պատգամավորները՝ հատկապես կանայք, երկար ծանրութեթեւ արեցին. արդյո՞ք տալ դրական եզրակացություն, որպեսզի օրինագիծը մտնի ԱԺ-ի մեծ օրակարգ եւ քվեարկվելուց հետո վերածվի օրենքի, թե՞, այնուամենայնիվ, մերժել այն՝ հաշվի առնելով բարձրացված աղմուկը եւ ստեղծվելիք սոցիալական անհավասար պայմանները:
Նշենք, որ քննարկմանը ներկա ՀՀԿ-ական կին պատգամավորները նույնպես դժգոհեցին օրենքի նախագծից: Օրինակ՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը սոցիալական հարցերի նախարարից հետաքրքրվեց՝ չկա՞ն վերահսկողության այնպիսի գործառույթներ, որոնք նախարարությունը կարող է սահմանել` միջոցների հատկացման արդյունավետությունն ապահովելու համար` առանց ներկայացված փոփոխությունների իրականացման: «Ու չստացվի այն պատկերը, որ կա այսօր, երբ նպաստների համար գումարները շատ են ծախսվում, սակայն արդյունքը այն չէ. ծնելիությունը չի ավելանում, չեն աճում աշխատավարձերը: Պետք է այնպես անել, որ ոչ մի մայր չդժգոհի»,- հավելեց ՀՀԿ-ական կին պատգամավորը: Իսկ ահա ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանն ընդգծեց, որ ծնելիության մակարդակն ավելացնելու համար հարկավոր են այլ մեխանիզմներ եւ ոչ թե մայրերի շահերը ոտնահարող նման օրինագծեր:
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ իր հերթին պնդեց, թե անկախ այն բանից` ինչքան է կինն աշխատել` մեկ տարի, վեց ամիս, թե տասը տարի, մայրանալով` պետք է ստանա 100 տոկոսանոց փոխհատուցում:
Նկատենք, որ այս նախագիծը եւս ունի սոցիալական մեծ հնչեղություն, եւ դատելով քննարկումների ընթացքից` նախագծի հեղինակները հաշվի չեն առել բոլոր բացասական հետեւանքները: Ճիշտ այնպես, ինչպես «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեպքում, երբ կառավարությունը ստիպված եղավ չգործարկել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած օրենքը:
Հղիների հարցը եւս կարծես թե օդում կախված է մնացել, եւ առայժմ պարզ չէ, թե այս օրինագիծն ինչ ապագա կունենա. արդյոք կարժանանա «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի, սահմանադրական փոփոխությունների, հանրային տրանսպորտի սակագնի բարձրացման, կամ էլ` Միկոյանի արձանի ճակատագրին, թե չնայած հանրային մեծ դժգոհությանը` կյանքի կկոչվի: Ի դեպ, նկատենք, որ մեր իշխանությունները վերջին տարիներին մի շարք օրենսդրական եւ այլ բնույթի նախաձեռնություններով են հանդես գալիս, որոնք, սակայն, այդպես էլ մնում են օդում կախված` փուչիկի պես, որը յուրաքանչյուր պահի կարող է պայթել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՔԻՉ ԲԱՆ ԳԻՏԵՆՔ
Երեք տարի է՝ Գյումրիի «Ասպարեզ» ակումբն իրականացնում է «Պաշտպանենք զինվորի իրավունքները» ծրագիրը, որի շրջանակներում իրականացված հետազոտությունները հանգեցրել են մի շարք բացահայտումների: Ուսումնասիրվել է 1994-ի մայիսի 12-ի հրադադարից հետո՝ խաղաղ պայմաններում զոհված ավելի քան 600 զինծառայողի մահվան դեպք: Ինչպես նշեց ծրագրի ղեկավար Լեւոն Բարսեղյանը, այդ դեպքերի միայն 15 տոկոսն է գրանցվել որպես սահմանային միջադեպ՝ հակառակորդի կրակոցի, դիվերսիայի արդյունք: Մնացած բոլոր դեպքերը համընկնում են ներքին պատճառներին՝ հիվանդություններին, ավտովթարներին, ինքնասպանություններին, դժբախտ պատահարներին:
Հինգ մարզերում՝ Շիրակում, Արմավիրում, Արագածոտնում, Գեղարքունիքում, Կոտայքում, ուսումնասիրությունների արդյունքները չափազանց մտահոգիչ են: Նախնական տեղեկություններով՝ հրադադարի պայմաններում զոհված զինծառայողները ամենաշատը Կոտայքի մարզից են, որտեղ գրանցվել է 219 մահվան դեպք: Արմավիրի մարզում գրանցվել է 116 դեպք, Գեղարքունիքի մարզում՝ 89, Արագածոտնում՝ 57, իսկ ահա միայն Գյումրի քաղաքում՝ 125 դեպք:
«Այն, որ պատերազմի ընթացքում ՀՀ բնակչությունը, ներառյալ Արցախի բնակչությունն ունեցել է 5000-6000 զոհ, հասկանալի է, սակայն խաղաղ պայմաններում ունենալ այսպիսի կորուստներ, անտրամաբանական է: Մենք շատ բան գիտենք պատերազմից առաջ եղածի մասին, բայց շատ քիչ բան՝ պատերազմից հետո-ի մասին»,-ընդգծեց Լեւոն Բարսեղյանը:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մահվան դեպքերի պաշտոնական վարկածները չեն համապատասխանում հարազատների վարկածների հետ: Ամենամեծ տարբերությունը հատկապես ինքնասպանությունների դեպքերում է: Այստեղ է, որ զոհվածների ծնողներն ու հարազատները համոզված են՝ իրենց որդիներին սպանել են կամ դրդել ինքնասպանության: Մինչդեռ, պաշտոնական վարկածներով այդ դեպքերի մեծ մասը որակվել է որպես ինքնասպանություն:
Բանակային մահացությունների դեպքերը նվազեցնելու նպատակով ոլորտի խնդիրներով զբաղվող մեկ տասնյակից ավել փորձագետներ, իրավաբաններ եւ լրագրողներ մշակել են բանակային բարեփոխումների առաջարկությունների փաթեթ: Այն ընդգրկում է 30-ից ավել կետեր, որտեղ հանգամանալից ներկայացվում է, թե ինչպես պետք է պետությունը պաշտպանի զինվորի իրավունքը՝ սկսած նախազորակոչային շրջանից մինչեւ զորացրում: Ծրագրի հեղինակների խոսքով՝ անհրաժեշտ է, որ ՀՀ կառավարությունն այս բարեփոխումների փաթեթը մանրամասն ուսումնասիրի, ապա ձեռնամուխ լինի դրանց աստիճանական իրականացմանը:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ