ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել. «ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից ազատվելու կապակցությամբ Էդգար Ղազարյանը 2014 թվականի հոկտեմբերի 24-ին կազմակերպել էր հրաժեշտի հանդիպում, որին հրավիրված էին մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ…»: Ըստ Է. Ղազարյանի գրառման՝ ինքն իր նախկին աշխատակիցներից շնորհակալություն է հայտնել իր հետ աշխատելու համար: Նա մարզպետարանի պատին է փակցրել իր լուսանկարը, որպեսզի հաջորդ մարզպետը հանկարծ չմոռանա իր մասին:

 

 
ՀԱՐՑ. Ես աշխատում եմ մասնավոր հաստատությունում: Իմ աշխատավարձի 5 տոկոսը տվյալ հաստատությունում պահում են՝ իբրեւ սոցիալական վճար: Ուզում եմ իմանալ՝ իրավունք ունե՞ն իմ աշխատավարձի 5 տոկոսը գանձեն:

Կարեն Առաքելյան (33 տարեկան, աստվածաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածով սահմանված է, որ վարձու աշխատող է գործատուի հետ օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող, ինչպես նաեւ քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն` աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ (բացառությամբ ձեռնարկատիրական եկամտի) ստացող անձը:
Ելնելով վերոգրյալից՝ եթե Դուք վարձու աշխատողի կարգավիճակ եք ձեռք բերել (նշանակվել եք նոտարի պաշտոնում, դարձել եք անհատ ձեռնարկատեր) մինչեւ 2014 թ. հուլիսի 1-ը ներառյալ եւ չեք համարվում օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված վարձու աշխատող, ապա իրավունք ունեք օրենքն ուժի մեջ մտնելուց մինչեւ 2017 թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար մինչեւ 2014 թ. դեկտեմբերի 25-ը դիմում ներկայացնել հարկային մարմին՝ սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու մասին: Եթե Դուք ունեք այդ իրավունքը, սակայն վերոհիշյալ դիմումը չեք ներկայացրել կամ վարձու աշխատողի կարգավիճակ եք ձեռք բերել (նշանակվել եք նոտարի պաշտոնում, դարձել եք անհատ ձեռնարկատեր) 2014 թ. հուլիսի 2-ին եւ դրանից հետո, ապա օրենքի համաձայն գործատուն, որպես հարկային գործակալ, պետք է հաշվարկի եւ փոխանցի (գանձի) սոցիալական վճարը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային
ապահովության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար՝ եթե քաղաքացին համարվում է օրենքով սահմանված կարգով սոցիալական վճար կատարող, ապա այս դեպքում նա պետք է կատարի այդ վճարումները, սակայն, եթե օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով չի համարվում վարձու աշխատող, կարող է ներկայացնել դիմում՝ սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու մասին: Միեւնույն է, որքան էլ փորձենք պարզաբանումներ տալ այս օրենքի հետ կապված, ամեն ինչ խճճված եւ բարդ է, ու թեւ «պարտադիր» բաղադրիչն էլ կարծես թե հանվել է, միեւնույն է՝ այն պահպանել է իր էությունը:

 

 

 

ՀԱՐՑ. Պատրաստվում եմ ծառայել հայոց բանակում: Միակողմանի ծնողազուրկ եմ: Հայրս մահացել է: Մորս միակ խնամակալը քույրս է, ով հեռու է ապրում: Կցանականայի տեղեկանալ՝ ի՞նչ հեռավորության վրա կարող է անցնել իմ ծառայությունը, եւ արդյո՞ք իմ կարգավիճակում գտնվողների համար արձակուրդի առանձին ռեժիմ սահմանված է:

Կարեն Մկրտչյան (17 տարեկան, ուսանող)

ՊԱՏԱՍԽԱՆ. Կարեն Մկրտչյանի կողմից ներկայացված հարցի կապակցությամբ հայտնում ենք, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ, ինչպես նաեւ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվում են նաեւ երկկողմանի ծնողազուրկ զորակոչիկները, ինչպես նաեւ միակողմանի ծնողազուրկ այն զորակոչիկները, որոնք չունեն չափահաս քույր կամ եղբայր: Ընդ որում, բնակության վայրին մոտ գտնվող զորամաս է համարվում զորակոչիկի հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրից մինչեւ 150կմ տեղակայված զորամասը: Միաժամանակ հայտնում ենք, որ վերոնշյալ արտոնությամբ զորակոչված զինծառայողների համար արձակուրդը տրվում է ընդհանուր հիմունքներով:

ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ. քհծ 2-ր դասի պետական խորհրդական՝ Ս. ՍԵԴՐԱԿՅԱՆ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ մինչեւ սույն օրենքում փոփոխություններ կատարելը՝ բոլոր միակողմանի ծնողազուրկ երեխաները անխտիր օգտվում էին բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից, եւ որ ամենակարեւորը՝ ոչ թե 150 կմ հեռավորության վրա, այլ ավելի կարճ: Սակայն օրենքում փոփոխություններ կատարելուց հետո դա վերաբերում է միայն այն միակողմանի ծնողազուրկ երեխաներին, որոնք չունեն չափահաս քույր կամ եղբայր: Համենայնդեպս, անհասկանալի են այդ փոփոխությունները. միգուցե այդ օրենքներն ընդունվում են ոչ խաղաղ պայմաններում ապրող, արտագաղթող եւ իհարկե առանց այն էլ ծնելիության խնդիր եւ վատ կենսամակարդակ ունեցող մեր երկրի անվտանգությունն ապահովելու համա՞ր:




Լրահոս