Հայաստանը պատրաստվում է ՀԱՊԿ համատեղ զորավարժությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում 2012թ. սեպտեմբերի 3-8-ը ՀՀ տարածքում “Փոխգործակցություն-2012” համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման նպատակով ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ: ԱԱԽ մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ խմբում ներգրավված ՀՀ զինված ուժերի, պաշտպանության, արտաքին գործերի, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման նախարարությունների և ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները հանդես են եկել զորավարժության նախապատրաստման ուղղությամբ կատարած աշխատանքների ամփոփիչ զեկույցներով:
Նիստում արձանագրվել է, որ գերատեսչություններն իրենց մասով լիովին պատրաստ են զորավարժության անցկացումը պատշաճ մակարդակով իրականացնելու համար: Քննարկվել են զորավարժության նախապատրաստման և անցկացմանն ուղղված հետագա միջոցառումները, մասնավորապես ս.թ. մայիսի 22-25-ը Երևանում կայանալիք ՀԱՊԿ քարտուղարության, միացյալ շտաբի, Կազմակերպության անդամ-պետությունների նախարարությունների և գերատեսչությունների երկրորդ շտաբային բանակցությունների կազմակերպմանն առնչվող հարցեր: Ի լրումն մի շարք այլ միջոցառումների, զորավարժությունը կազմակերպվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2012թ. ծրագրի շրջանակներում:




Լրահոս