Քրեական հեղինակություն համարվող Թևոս Սաֆարյանը՝ «Կայարանցի Թևոսիկը», դեռևս կմնա կալանքի տակ: Ինչպես Armlur.am-ին հայտնեց ՀՀ ԱՆ ՔԿՎ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը, Թևոս Սաֆարյանի կալանքի ժամկետը եղել է մինչև հոկտեմբերի 27-ը, սակայն երկարաձգվել է ևս 2 ամսով: Այսպիսով՝ քրեական հեղինակությունը մինչև դեկտեմբեմբերի 27-ը կմնա կալանավորված:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչի միջնորդությունը՝ անձի առևանգման մեջ կասկածվող Թևոսիկի նկատմամբ խափանման միջոց կալանավորում նշանակելու մասով:
Իսկ այս տարվա հունվարի 27-ին Երևանի կենտրոնում՝ Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում, սպանվել էր Թևոսիկի եղբայրը՝ Արթուր Սաֆարյանը: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Նախաքննության սկզբում՝ 2014 թվականի փետրվարի 10-ին, ոստիկանությունը հայտարարեց, որ քրեական հեղինակության եղբոր սպանությունը պատվիրել է Իսրայել Սարգսյանը (Իսո)՝ ընկեր Մովսես Ներսիսյանին (Մոսո): Իսկ երբ վերջինս կատարել է պատվերը, իր կատարած հանցանքը թաքցնելու դիտավորությամբ՝ Իսրայել Սարգսյանը 2014թ. փետրվարի 1-ին Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավիթաշենում գտնվող հյուրանոցներից մեկը, որտեղ անձամբ սպանել է Մովսես Ներսիսյանին, ապա ավտոմեքենայով նրա դին տեղափոխել է Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի դաշտային ավան և գցել այնտեղ գտնվող կոյուղու դիտահորը:
Սույն գործով որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ երկրորդ անձը՝ Տիգրան Ասատրյանը, ով, ըստ ոստիկանության, տեղյակ լինելով Մովսես Ներսիսյանի սպանության հանգամանքներին, այդ մասին չի հայտնել համապատասխան մարմիններին: