Գևորգ Կոստանյանի և Աղվան Հովսեփյանի կռիվը համակարգի «նայողի» տիտղոսի համար է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատաիրավական ոլորտում սկսված միջգերատեսչական հակամարտությունը նախօրեին նոր երանգներ ստացավ, ինչն իրավիճակն առավել պարզեցրեց:
Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության երկու քննիչների կողմից պաշտոնական չարաշահում թույլ տալու փաստով քրեական գործ է հարուցվել: «ՀՀ դատախազությունը հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու գործառույթի իրականացման արդյունքում ՀՔԾ-ում քննվող գործերի նախաքննության ընթացքում արձանագրել է մի շարք չարաշահումներ:

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչի, ինչպես նաեւ քննչական բաժնի պետ հանդիսացող նրա անմիջական վերադասի կողմից ավագ քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործն ուղարկել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար»,-նշված է գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում:

Այն, որ Հայաստանի դատաիրավական համակարգը վերջին առնվազն տասը տարիներին եղել է միաբեւեռ, այսինքն՝ կառավարվել է մեկ կետից, հայտնի իրողություն է: Այդ մեկ կետը մինչեւ անցած տարվա սեպտեմբերը մշտապես եղել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրած Աղվան Հովսեփյանը: Վերջինիս պաշտոնանկությունից հետո, երբ Գեւորգ Կոստանյանը դարձավ գլխավոր դատախազ, դատաիրավական համակարգին մի տեսակ «անտերություն» պատեց: Համակարգի «ասողը» չկար: Իրավիճակն ավելի բարդացավ, երբ հասկանալի դարձավ, որ հատուկ Աղվան Հովսեփյանի համար նոր` քննչական կոմիտեի պետի պաշտոն կստեղծվի: Արդյունքում՝ իր նախորդի կադրերից ազատվելու` Գեւորգ Կոստանյանի գործն ավելի հեշտացավ, քանի որ գլխավոր դատախազությունում աշխատող Հովսեփյանի կադրերը սկսեցին ինքնուրույն հեռանալ` սպասելով մինչեւ «շեֆի» գրասենյակը բացվի:

Ի վերջո, Աղվան Հովսեփյանի ծրագրերն իրականացան, եւ քննչական կոմիտեն սկսեց աշխատել` իր մեջ ներառելով ոստիկանության եւ պաշտպանության նախարարության քննչական մարմիններին:
Նախկին գլխավոր դատախազի «վերադարձը» դատաիրավական համակարգում կարելի է ասել երկիշխանության տպավորություն ստեղծեց: Համակարգին ծանոթ մարդիկ կանխատեսում էին, որ Գեւորգ Կոստանյանը ստիպված է լինելու ապացուցել, որ այլեւս «ասողն» ինքն է: Հակառակ դեպքում նա կհայտնվեր մի վիճակում, որտեղ ինքն Աղվան Հովսեփյանի մոտ գլխավոր դատախազ աշխատելիս կլիներ՝ հաշվի առնելով Հովսեփյանի իշխող տեսակն ու պրոֆեսիոնալիզմը:

Սակայն Գեւորգ Կոստանյանը երկար սպասել չտվեց. քննչական կոմիտեի երեք աշխատակիցների կողմից պաշտոնեական չարաշահում թույլ տալու փաստի առիթով քրեական գործի հարուցմամբ նա Աղվան Հովսեփյանին հասկացրեց, որ այսուհետ համակարգի գլուխն ինքն է, եւ վերջ: Ի դեպ, քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ քրեական գործի հարուցման համար հիմք են դարձել դատավարական ժամկետների խախտումները: Այլ կերպ ասած՝ Կոստանյանն իր ուղերձը տեղ հասցնելու համար օգտագործել է առաջին իսկ հնարավորությունը: Սպասելու ժամանակ չի ունեցել, եւ անզեն աչքով նկատելի է, որ խոցելի իրավաբանական փաստաթղթեր է ստորագրել:

Ամենայն հավանականությամբ ՀՔԾ-ի քննիչների դեպքում էլ առիթը դատավարական ժամկետների խախտումներն են եղել: Բայց դա այս դեպքում ոչ միայն էական չէ, այլ ընդհակառակը, այն ընդամենը կնպաստի, որ ՀՔԾ-ում եւս ընկալեն Կոստանյանի` իրենց հասցեագրած ուղերձը:

Դատաիրավական ոլորտում բոլորը գիտեն, որ ժամանակին ՀՔԾ-ի պետն ու քննիչները քայլ անգամ չէին անում առանց նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գիտության: Հովսեփյանի դիրքորոշումը պարզելու համար երբեմն քննիչները ստիպված էին լինում անգամ ժամերով սպասել նրա աշխատասենյակի ընդունարանում, մինչեւ Հովսեփյանը ժամանակ գտներ ու իր կարծիքը հայտներ:

Գլխավոր դատախազության նախօրեի որոշումը վկայում է, որ ՀՔԾ-ում վերջին ամիսներին չեն կողմնորոշվել, թե նոր պայմաններում իրենք ում հետ պետք է «ճշտվեն», արդյունքում նրանց «հուշելու» կարիք է առաջացել:
Ի դեպ, եթե այսքանից հետո ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչությունում դեռ չեն կողմնորոշվի, թե «ասողը» ով է, ապա ենթադրվում է, որ առաջիկայում մի ապտակ էլ նրանք կստանան:

Նկատենք, որ դատաիրավական ոլորտում ծավալված իրադարձությունների արագացված տեմպը նաեւ ներքաղաքական զարգացումների արդյունք է: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանն իր կառավարման տարիներին դատաիրավական համակարգի վրա մինչ այս երբեւէ միանձնյա գերիշխանություն չի ունեցել: Դատաիրավական համակարգը սպասարկել է ողջ իշխանական համակարգին` նրա գունային բաժանումներով հանդերձ: Բայց կարող էին լինել դեպքեր, երբ այս կամ այն գործի ելքը որոշվեր, ասենք, Ռոբերտ Քոչարյանի, Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի կամ մեկ այլ իշխանական պարագլխի հրահանգով: Իսկ մնացած մանր հարցերում հիմնական խոսքը Հովսեփյանինն էր:

Գեւորգ Կոստանյանի ուժի ցուցադրման եւ համակարգը միանձնյա կառավարման տակ վերցնելու նպատակներից մեկն էլ այն է, որպեսզի իշխանական համակարգն էլ իր հերթին գիտակցի, որ այսուհետ միայն Սերժ Սարգսյանն է ասելու, ով պետք է. «նստի», ով` ոչ, քանի որ Գեւորգ Կոստանյանին միայն նա կարող է հրահանգներ տալ ե՛ւ դե ֆակտո, ե՛ւ դե յուրե: Տեսնենք՝ թե ինչ կստացվի:

Վահագն Հովակիմյան




Լրահոս