Ձեր չեղած գիտելիքները ցույց մի տվեք. վիճաբանություն Ազգային ժողովում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում 2015թ. բյուջեի քննարկման ժամանակ միջադեպ տեղի ունեցավ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի միջև: Վերջինս խնդրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին ներկայացնել, թե գործազրկությունն ինչքան է այսօր: Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ինչ ծրագրեր են անում, որ նվազեցնեն գործազրկության և աղքատության մակարդակը:

Նախարարը նշեց, որ մի շարք ծրագրեր են իրագործվում այդ ուղղությամբ, ու այս ժամանակաշրջանում աշխատանքի է տեղավորվել 8155 մարդ:

ԲՀԿ խմբակցության պատգամավորը, սակայն պնդեց, որ նախարարը գործազրկության մակարդակը հստակ չնշեց. «Հաջորդը՝ գյուղատնտեսական աջակցության առումով ինչքան գումար եք տրամադրում մեր գյուղաբնակ մեկ քաղաքացուն», – հետաքրքրվեց նա:

Մելքումյանին ընդհատեց Հակոբ Հակոբյանը: «Հիմա սոցապ նախարարը ոնց կարող է պատասխանել, երբ այդ աջակցությունը գտնվում է մի այլ ոլորտում», – նշեց նա: «Դուք ուզում եք մեթոդաբանական աջակցությո՞ւն ցույց տալ»-հարցրեց Մելքումյանը Հակոբյանին: «Ոչ, ես կարող եմ ձեզ աջակցություն ցուցաբերել: Դուք օգտագործում եք գնաճի գաղափարը, սոցապ նախարարը դրա հետ իրոք կապ չունի: Հիմա խնդրում եմ ձեզ հարցերը կարգավորեք միայն այս ոլորտում»,-արձագանքեց Հակոբյանը:

«Ես խնդրում եմ՝ դուք այդպես շատ կուրծք ծեծելով բան չանեք այս առումով, հարցերը բխում են ներկայացված նյութից»-ասաց Մելքումյանը, իսկ Հակոբյանն էլ արձագանքեց. «Խնդրում եմ՝ այստեղ ձեր չեղած գիտելիքները ցույց մի տվեք հանրությանը»: «Դուք էլ ձերը, շատ բան մի արեք, պետք չէ այդպես ոգևորվել: Սոցապ նախարարը կառավարության անդամ է, պետք է գնաճային ճնշումներից տեղյակ լինի, ինչպես մենք ու դուք», – հայտարարեց Մելքումյանը:




Լրահոս