168.am-ը գրում է. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի սնանկության թիվ ԵԿԴ 0090/04/13 քաղաքացիական գործը, որտեղ ներկայումս քննվում են 29.01.2014թ. վճռով սնանկ ճանաչված «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի պարտատերերի պահանջների դեմ ընկերության ներկայացրած առարկությունները: Սնանկ ընկերության միակ մասնակից և նախագահ Մանվել Տեր-Առաքելյանը պարբերաբար հրապարակավ հանդես է գալիս հայտարարություններով, որոնք մտածելու տեղիք են տալիս: Այն, որ մեր իրավական համակարգում բազմաթիվ խնդիրներ կան հայտնի է, սակայն արդյո՞ք դա նշանակում է, որ դրանք հիշատակող յուրաքանչյուր ոք պետք է դասվի սրբերի կարգին:
Ի վերջո, ո՞րն է պարոն Տեր-Առաքելյանի ուզածը` ճնշում գործադրել դատական մարմինների վրա և ձգձգել դատական գործընթացնե՞րը, թե՞ իրոք հասնել արդարության: Մանրամասն ծանոթանալով գործի նյութերին` կարծիք է ստեղծվում, որ «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի «կռվի» և «արդարադատության կոչերը» հանգում են Յունիբանկի և այլ պարտատերերի հանդեպ պարտավորությունների կատարումից խուսափելուն: Նպատակին հասնելու համար «Հին Էրիվան Հոլդինգ»-ը չի խորշում զրպարտությունից, ապատեղեկատվությունից, վիրավորանքներից, այլևս բարոյական սահման չճանաչող անհեթեթ «բացահայտումներից»:
Թույլ տված արտահայտությունների համար Մանվել Տեր-Առաքելյանը դատարանի կողմից պարտավորեցվել է հրապարակավ ներողություն խնդրել Յունիբանկի հասցեին ԶԼՄ-ներում թույլ տրված զրպարտության համար և անգամ 2 մլն դրամ հատուցում վճարել: «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի ղեկավարության կողմից բազմիցս պնդվել է, որ բանկը չարամտորեն սնանկացրել է «Հին Էրիվան Հոլդինգ» ընկերությանը: Հիշեցնենք, որ ընկերությունը սնանկ է ճանաչվել 29.01.2014թ.: Սակայն, ծանոթանալով գործի հանգամանքներին՝ պարզ է դառնում, որ «Հին Էրիվան Հոլդինգ»-ի զուտ ակտիվները տարիներ շարունակ բացասական են եղել, ինչը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 98-րդ հոդվածի 4‑րդ մասի և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 34‑րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հանդիսանում է ընկերության անհապաղ լուծարման և պարտավորությունների վաղակետ կատարում պահանջելու հիմք: Ավելին` ընկերությունը սեփական կամքով հրաժարվել է սնանկության վճռի դեմ իր կողմից բերված վերաքննիչ բողոքից: Ի դեպ, վեճի ողջ ընթացքում ռեստորանը շարունակել է իր աշխատանքը բանկում գրավ դրված գույքի տարածքում և ոչ մի օր կանգ չի առել:
Մանվել Տեր-Առաքելյանն առիթը բաց չի թողնում պնդելու, որ 2011թ., Յունիբանկի կողմից տրամադրված վարկի երկամյա արտոնյալ ժամկետի ավարտից հետո, որի ընթացքում վարկի և տոկոսների գծով վճարումներ չեն կատարվել, իր ընկերությունը ցանկացել է մարել վարկն ամբողջությամբ և փորձել է «մի փոքր» զեղչ սակարկել: Իրականում Մանվել Տեր-Առաքելյանը գրավոր խնդրել է բանկից «զեղչել» երկու տարվա ընթացքում հաշվարկված գրեթե ողջ տոկոսագումարը, որը կազմել է մոտ 320 մլն դրամ և վճարել դրա միայն 10%-ը: Արդյո՞ք 288 մլն. դրամ պարտքի ներման սակարկումը կարելի է համարել «մի փոքր զեղչի սակարկման փորձ», եթե դրա արդյունքում բանկը կկորցներ ընկերության ողջ պարտքի 5-րդ մասը և համարժեք է եղել շուրջ 750 հազար ԱՄՆ դոլարի: Ընդ որում, պարտքի ներման դեպքում բանկը, ըստ օրենքի, պարտավոր կլիներ վճարել շահութահարկ ներված պարտքի 20% չափով, ինչի պարագայում բանկի վնասը կհասներ շուրջ 355 մլն դրամի, կամ 917 հազար ԱՄՆ դոլարի և կհասներ ընդհանուր պարտքի մոտ մեկ քառորդին: Եթե դա կարելի է համարել «մի փոքր զեղչի սակարկում», ապա թերևս մի կարգին զեղչ խնդրելու դեպքում բանկը պիտի որ պարտք մնար Մանվել Տեր-Առաքելյանին:
Ի դեպ, մեղմ ասած, դժվար է հավատալ, որ ընկերությունն իրոք երբևէ փորձել է մարել վարկն ամբողջությամբ և բանկը դա թույլ չի տվել: Առհասարակ, ինչպե՞ս կարող էր բանկը խոչընդոտել վարկը մարելուն, եթե բանկը շարունակաբար պահանջել է մարել վարկը և անգամ գրավոր մատնացույց է արել ընկերությանը վարկի մարման մի քանի ուղի, ներառյալ Կենտրոնական բանկում թղթակից հաշվին գումար փոխանցելով կամ նոտարի դեպոզիտ գումար մուտք անելով: Թեև տարբեր համաձայնագրերի հարցը վաղուց լուծում է ստացել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով, Մանվել Տեր-Առաքելյանը և իր ընկերությունը շարունակում են շահարկել այդ թեման դատարանում: Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ դեռևս 18.08.2011թ-ին, Մանվել Տեր-Առաքելյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որում բառացիորեն խոստովանել է, որ իր կողմից կնքվող համաձայնագրերը ձևակերպվել են ավելի վաղ, քան այն համաձայնագրերը, որոնց վրա պնդում է բանկը: Սակայն դատարանում տանուլ տալուց հետո Մանվել Տեր-Առաքելյանը սկսել է տարածել համաձայնագրերի ստորագրման հանգամանքների մասին՝ պնդելով, թե այն համաձայնագրերը, որոնք ստորագրության դիմաց ստացել է ընկերության հաշվապահ Աստղիկ Բադալյանը, իբր իրեն են հանձնված եղել բանկի իրավաբանի կողմից:
Նշեմ, որ բանկը հայտարարել էր, որ 2011թ.ն գրավոր առաջարկել է ընկերությանը ղեկավարվել իր իսկ կողմից նախընտրած համաձայնագրերով, եթե բանկին ներկայացնի իր մոտ պահպանվող մեկական բնօրինակ: Ինչո՞վ է պայմանավորված եղել բնօրինակները բանկին չներկայացնելը պարզ է՝ դրանց համաձայն վճարումներ կատարելու ընկերության անկարողությամբ: Մանվել Տեր-Առաքելյանը բազմիցս հայտնել է, որ մինչև 25.05.2011թ. որևէ հարաբերություն, շփում չի ունեցել Յունիբանկի հետ, և բանկը 25.05.2011թ. ընկերության հաշիվներից սեփական նախաձեռնությամբ գանձել է մոտ 32 մլն. դրամ, և միայն 2011թ. հունիս ամսին անակնկալի է բերել ընկերությանը՝ վեր հանելով «սխալ» համաձայնագրերը, և հայտարարելով ընկերությունը ժամկետանց վարկառու, քանի որ պետք է վճարվեր մոտ 44 մլն դրամ:
Բայց արի ու տես, որ փաստերն այլ բան են ասում: 12.05.2011թ. բանկն ընկերությանն ուղղված պատասխան գրությամբ հստակ հայտնել է, որ 25.05.2011թ. ընկերության կողմից ենթակա է վճարման մոտ 44 մլն ՀՀ դրամ գումար, որին ի արձագանք Մանվել Տեր-Առաքելյանը ներկայացրել է 13.05.2011թ. գրությունը: Այսինքն` ևս մեկ ապատեղեկատվություն Մանվել Տեր‑Առաքելյանի կողմից: 25.05.2011թ.-ին ընկերության հաշվից գանձումը կատարվել է ոչ թե բանկի ինքնուրույն նախաձեռնությամբ, այլ Մանվել Տեր-Առաքելյանի խնդրանքի հիման վրա ձեռք բերված բանավոր պայմանավորվածության համաձայն: Մանվել Տեր-Առաքելյանը հայտարարում է, թե իբր ընկերությունը նախքան 2011թ. ժամկետանց պարտավորություններ չի ունեցել և «ժամկետանց է ընկել» միայն Յունիբանկի գործողությունների հետևանքով:
2009թ. ապրիլ ամսին ընկերությունը կետանց է թույլ տվել, չի կատարել որևէ վճարում թե՛ վարկերի, թե՛ տոկոսների գծով, ինչի կապակցությամբ դեռևս 2009թ. մայիս ամսին բանկը բռնագանձման ծանուցում է ներկայացրել ընկերությանը: «Հին Էրիվան Հոլդինգ» ընկերությունը չի կատարել վճարումներ անգամ իր իսկ կողմից պնդվող ժամանակացույցով, այն դեպքում, երբ բանկը գրավոր առաջարկել է ընդունել վճարումները և առաջնահերթ կերպով մարել վարկի և տոկոսների գումարները, այլ ոչ թե տույժերը: Ի դեպ` սնանկության վարույթի շրջանակում բանկի կողմից պահանջ գրանցելու արդյունքում տոկոսների և տույժերի հաշվեգրումը կանգ է առել, թեև այն կարող էր շարունակվել, եթե բանկը դատարանին ծանուցեր մորատորիում չտարածելու մասին:
Ուշագրավ է, որ Մանվել Տեր-Առաքելյանը բողոքում է վերաքննիչ դատարանի կողմից գործը մի քանի ամիս ձգձգելու համար: Թիվ ԵԿԴ 1304/02/11 գործով վերաքննիչ դատարանի 14 նիստերից մեծ մասը հետաձգվել են հենց ընկերության և անձամբ Մանվել Տեր-Առաքելյանի միջնորդություններով կամ գործողությունների արդյունքում, չնայած բանկի առարկությունների և նախազգուշացումների՝ պարտքի աճի վերաբերյալ: