ԶՈՀԵԼ ԹԵ ՉԶՈՀԵԼ ԽՆԱՄՈՒՆ
Եկող տարվա պետական բյուջեի նախագծի` խորհրդարանում սկսված քննարկումները շատ կարեւոր նշանակություն ունեն ներկա քաղաքական զարգացումների ֆոնին: Ոչ իշխանական եռյակի կազմակերպած երկու հանրահավաքների ընթացքում ԲՀԿ-ական բանախոսների ելույթները հիմնականում անհասցե էին: Այսինքն՝ մարդիկ քննադատում էին, ասում էին՝ վատ է, ժողովուրդն արտագաղթում է, եւ այսպես շարունակ, բայց ոչ մի խոսք կոնկրետ պատասխանատուների մասին:
Սակայն խորհրդարանում սկսվել են 2015-ի գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ պետական բյուջեի քննարկումները, եւ ԲՀԿ-ականները, ըստ քաղաքական տրամաբանության, պետք է անդրադառնան Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարության գործունեությանը:
Ի վերջո ԲՀԿ-ն իր ոչ իշխանական իմիջի համար նախորդ տարվա բյուջեի քննարկմանն է պարտական: Հիշեցնենք, որ երբ անցած տարվա նոյեմբերին խորհրդարանում քննարկվում էր այս տարվա բյուջեն, ԲՀԿ-ն բոլոր հնարավոր ձեւերով եւ քարոզչական գործիքներով հարձակվեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նրա գլխավորած կառավարության վրա:
«Այստեղ խոսվեց արժանապատվության մասին, որ արժանապատվություն ունեցող կառավարությունը հրաժարական կտար: Գիտեք՝ արժանապատվությունը վերացական, արժանապատվությունը եւ քաղաքական պատասխանատվությունը վերացական, աբստրակտ հասկացություն չէ, արժանապատվություն եւ քաղաքական պատասխանատվություն լինում է կամ չի լինում»,- սա մի հատված է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ելույթից: Ելույթը հնչել է անցած տարվա նոյեմբերի 14-ի ԱԺ նիստում բյուջեի քննարկման ժամանակ: Զոհրաբյանը ներկայացրել է իրենց խմբակցության պաշտոնական տեսակետը: Ի դեպ, ԲՀԿ-ն 2014-ին դեմ քվեարկեց բյուջեին:
Կարելի է ասել, որ հենց այդ քննարկումներով պաշտոնապես մեկնարկեց Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը, որն ավարտվեց այս տարվա մարտի վերջին:
Մեկ տարի անց ԲՀԿ-ի «ոչ իշխանական» կերպարը դարձել է քաղաքական կյանքի անբաժանելի մասը: ԲՀԿ-ականներն այժմ ոչ թե հրաժարականներից, այլ իշխանափոխությունից է խոսում: Այսինքն՝ նրանց խոսքն այս ընթացքում ավելի է կոշտացել:
Քաղաքական տրամաբանությունը ենթադրում է, որ եկող տարվա բյուջեի խորհրդարանական քննարկումներն իշխանափոխության գործում մեկ քայլ առաջ գնալու համար շատ լավ առիթ են: Այսինքն՝ ԲՀԿ-ականները պետք է ավելի մեծ եռանդով, քան մեկ տարի առաջ, լծվեն գործող իշխանությունների եւ հատկապես նրա գործադիր թեւի «հեղինակազրկման» գործին:
Բայց այս խնդրում կա մեկ «աննշան» հանգամանք. վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խնամիներ են: Այլ կերպ ասած՝ իշխանափոխության ճանապարհը կամ եթե կուզեք՝ անգամ ոչ իշխանականների հռչակած «համաժողովրդական շարժման» ապագան կախված է ԲՀԿ-ի թիվ մեկ խնամու քաղաքական կարիերայից:
Հիմա հարցերի հարցն այն է, թե բյուջեի քննարկումների ժամանակ իրենց ինչպես կպահեն ԲՀԿ խմբակցության անդամները. խնամուն, նրա նախորդի օրինակով, մինչեւ կոկորդը ցեխը կմտցնե՞ն, թե՞ կասեն, որ նա մեղավոր չէ, նրա աչքերն են մեղավոր՝ ընտրելով առավել անմեղ՝ բոյկոտի տարբերակը: Իհարկե, քաղաքական տրամաբանության տարեց վարպետները կասեն, որ խնամին քաղաքական կատեգորիա չէ: Բայց, դե, ժամանակը ցույց կտա:
Բյուջեի քննարկումների առաջին օրը` երեկ, ԲՀԿ-ականները, կարելի է ասել, որ ներկա չեն եղել: Իհարկե, նրանց մեկ-երկու ներկայացուցիչներ ձեւի համար մի քանի րոպե ներկա են գտնվել մշտական հանձնաժողովների նիստերում կազմակերպված քննարկումներին, սակայն ո՛չ խոսել են եւ ո՛չ էլ փիս-փիս հարցեր են տվել:
Ակնհայտ է, որ ԲՀԿ ղեկավարությունը դեռեւս չի կողմնորոշվել, թե խնամու հետ ինչպես վարվել: Առավել հավանական է, որ ԲՀԿ ղեկավարությունը ի վերջո կորոշի հոգուտ խնամու, եւ վերջինս չի արժանանա իր նախորդի ճակատագրին: Իսկ որպեսզի ԲՀԿ-ականների ոչ իշխանական կերպարն էլ չտուժի, ԱԺ նիստում բյուջեն քննարկելիս նրանք կհայտարարեն, թե բոյկոտում են եւ կգնան տներով: Կամ էլ կքննադատեն պայմանավորված չափաբաժնով:
Ամեն դեպքում պետք է արձանագրել, որ ԲՀԿ-ի համար քաղաքական ու մարդկային առումով տհաճ իրավիճակ է ստեղծվել:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԴԱՏԱԽԱԶԸ՝ ԱԱԾ ՊԵՏ
Երեկ ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Վերջինս մտադիր է այդ պաշտոնում նշանակել ԼՂՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Արթուր Մոսիյանին:
Հիշեցնենք, որ դեռեւս հոկտեմբերի 10-ին ԼՂՀ ԱԺ նիստում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել էր, որ ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը հրաժարականի դիմում է գրել: Տեղեկացրել էինք նաեւ, որ ԼՂՀ վերահսկիչ պալատի՝ հրաժարական տված նախագահ Արթուր Մոսիյանը, որը բավականին լավ իմիջ ունի Արցախում, նշանակվելու է գլխավոր դատախազ:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ ԼՂՀ գլխավոր, արդեն նախկին դատախազ Արշավիր Ղարամյանը նշանակվելու է ԼՂՀ ազգային անվտանգության պետ: Այժմ ԼՂՀ ԱԱԾ պետը Վիկտոր Քոչարյանն է:
ԶՈՒԳԱՀԵՌԱԲԱՐ
Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան թագավորություն: Այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն ալ-Հուսեյն ալ-Հաշիմիի, վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրի, Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ-Ռավաբեհի եւ ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Յուսեֆ Սալահ ալ-Տարաունայի հետ: Հայ-հորդանանյան բանակցությունների արդյունքներով նախատեսված է մի շարք ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրում:
Այս այցը հետաքրքիր է այն առումով, որ այս ամսվա սկզբին՝ հոկտեմբերի 2-ին, Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-րդը Կրեմլում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ հայտարարել, թե. «Աշխարհը պետք է հասկանա, որ առանց Ռուսաստանի հնարավոր չէ այդ տարածաշրջանում լուրջ առաջընթացների հասնել: Բացի այդ՝ Ռուսաստանն ու Հորդանանը միակարծիք են ահաբեկչության հակազդման հարցում»:
«ԴԱԲՐՈՆ» ՍՏԱՑԵԼ ԷՐ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրու քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը Սերժ Սարգսյանից անձամբ է թույլտվություն ստացել հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում կայացած ոչ իշխանականների ուժերի հանրահավաքին մասնակցելու համար: Համենայնդեպս նա թիմակիցներին ասել է, թե՝ գնում ենք հանրահավաքի, խնդիր չկա: Հիշեցնենք, որ Բալասանյանը նախորդ` հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ոչ միայն ներկա չէր, այլեւ ավելին՝ շառից փորձանքից հեռու, արձակուրդ էր վերցրել եւ մեկնել Դուբայ:
Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ ինքը նման հարցերը չի կարող մեկնաբանել. «Միայն քաղաքապետարանի գործունեությանն առնչվող հարցերին կարող եմ պատասխանել»: Իսկ երբ «Ժողովուրդ»-ը փորձեց Ս. Բալասանյանից մեկնաբանություն ստանալ, նա, թերեւս կռահելով, որ իրեն զանգողը լրագրող է, ձեւացրեց, թե չի լսում, անջատեց հեռախոսն ու դարձավ անհասանելի:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
«ԿՌՈՒՏԻՏԻ» ԺԱՆՐՈՒՄ
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչու եռյակը միանգամից չի գնում արտահերթ նախագահական ընտրությունների, ասել է. «Եռյակն է որոշել, որ այս փուլում ճիշտը դա է։ Պետք է այնպիսի մի ճանապարհով գնալ, որտեղ ցնցումային, բարիկադային, մայդանային իրավիճակներ չեն ստեղծվի: Խորհրդարանական ընտրությունների արդյունքում էլ իշխանության հարցը լուծվում է։ Պետք չէ անձնավորված խնդիր դնել»։ Ճշտմանը՝ արդյո՞ք անձնավորված ասելով՝ Մելքումյանը նկատի ունի Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջը չդնելը, ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքել է. «Տեսե՛ք, որտե՞ղ է, որ հարցերը չեն լուծվում։ Խորհրդարանում։ Մենք ասում ենք՝ փոխենք էդ խորհրդարանի ֆորմատը»։
ԲԱՐԻ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ
Ոստիկանությունը պատրաստ է օրենքի շրջանակներում կատարելու իր իրավունքները եւ պարտականությունները: Այս մասին երեկ Աժ-ում ասել է փոխոստիկանապետ Անուբախ Համբարյանը` արձագանքելով հարցին, թե ոստիկանությունն ինչ գործողությունների կդիմի, եթե եռյակը որոշի նստացույց անել: Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ 2008 թվականին ոստիկանությունն ուժ էր կիրառում քաղաքացիների նկատմամբ, իսկ հիմա հարթակից շնորհակալության կոչեր են հնչում ոստիկանության հասցեին, Համբարյանը պատասխանել է. «Վլադիմիր Գասպարյանն ասում է, որ պետք է աշխատենք օրենքի սահմաններում հանուն ժողովրդի, ի շահ ժողովրդի»:
ԻՍԿ ՄԻՆՉ Ա՞ՅԴ
Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 27-ին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ անցկացված հանդիպմանը համաձայնության են եկել ԼՂ հակամարտության ժամանակ անհետ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակման հարցում: Ելիսեյան պալատի հաղորդմամբ` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները նաեւ պայմանավորվել են շարունակել երկխոսությունը 2015թ. սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գերագույն ասամբլեայի շրջանակում:
ՊԱՏՎԵՐՈՎ ՀԱՄԵՐԳ ՉԷ
«Իշխանափոխությունը պատվերով համերգ չի, որ ով երբ ուզի, ասի՝ իշխանափոխություն, ասի՝ արտահերթ ընտրություններ եմ պահանջում: Դրա համար պետք է մեխանիզմներ լինեն, եւ գոնե ինձ համար եռյակի ղեկավարների, գործիչների ընդհանուր տեսլական, ընդհանուր ծրագիր չկա»,- անդրադառնալով եռյակի հնչեցրած իշխանափոխության կոչերին` երեկ ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՆ ՏՎԵԼ
Հայաստանի ՊՆ վարչական համալիրում հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների եւ երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Քննարկվել եւ հաստատվել են հայրենիքի մի շարք պաշտպաններին մարտական գործողությունների մասնակցի եւ երկրապահ կամավորականի կարգավիճակի շնորհման դիմումները:
ԵԹԵ ՊԱՐՏԱԴՐԵՆ` ԿՄՏԱԾԻ
Նախկինում ՕԵԿ անդամ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը չի պատրաստվում դառնալ հանրապետական: «Ինչքան անկուսակցական մնամ, այնքան իմ օգուտն է, էլի, ես քաղաքական գործիչ չեմ եւ չեմ սիրում քաղաքականությունը: Ես միշտ պրակտիկ եմ եղել եւ սիրում եմ պրակտիկ աշխատանք»,- երեկ հայտարարել է ԱԻն նախարարը՝ համենայն դեպս հավելելով. «Բայց եթե պարտադրեն, ասեն, այդ ժամանակ կմտածեմ»:
ՊՐԱԳՄԱՏԻԿ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆ
2015թ. հուլիսի մեկից 5 հազար դրամով ավելանալու է նվազագույն աշխատավարձը: 2015թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ երեկ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Անդրադառնալով մեծ աղմուկ հանած ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին` վարչապետը նշեց, որ այդ ոլորտում կան ռիսկեր ու չարաշահումներ, որոնք մեծ վնաս են հասցնում բյուջեին: Վարչապետի բնորոշմամբ` 2015-ի բյուջեի փաստաթուղթն ամենապրագմատիկ փաստաթուղթն է: «Ծախսելու ենք այնքան, որքան ունենք, չենք կարող թույլ տալ մեզ ավելորդ շքեղություն»: