ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

«Վիկիլիքսի» հրապարակած փաստաթղթերից հերթականը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Վերջինս պատմում է իր եւ ԵՄ ներկայացուցիչների զրույցների մասին, որոնք վերաբերում են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ Եվրոպական միության մոտեցումներին: Պարզվում է, որ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչները ցանկանում էին սերտ հարաբերություններ հաստատել ՀՀ իշխանությունների հետ` նրանց հեռու պահելու համար Ռուսաստանի ազդեցությունից: Ավելին` ԵՄ ղեկավարությունը համարում էր, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը բավարար պայման է Մարտի 1-ի էջը փակելու համար:

Այսպես` հոկտեմբերի 23-ին Յովանովիչի ու Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուզենբերգերի հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵՄ-ի` Հայաստանի հետ նախաձեռնած քաղաքականությունը: Հեղինակը նկատում է, որ եվրոպական այլ դեսպանների հետ ունեցած հանդիպման ընթացքում Լուզենբերգերն ավելի քչախոս էր ու ձեռնպահ էր մնում Հայաստանի իրավիճակին վերաբերող գնահատականներից, մինչդեռ ԱՄՆ դեսպանի հետ տետ-ա-տետ զրույցի ժամանակ իրեն դրսեւորել է որպես խորաթափանց, հայաստանյան քաղաքական կյանքին քաջատեղյակ եւ հեռանկարներ տեսնող գործիչ:
ԵՄ պաշտոնյան տեղեկացրել է, որ «սաղմնային վիճակում գտնվող «Եվրոպայի հարեւանության քաղաքականության» ծրագիրը Հայաստանի առնչությամբ շուտով ավելի իրական կդառնա», քանզի Եվրահանձնաժողովը 9 մասնագետներ է նշանակել, որոնք պիտի աշխատեն ՀՀ նախագահականի եւ կարեւորագույն 9 նախարարությունների հետ: Դիվանագետը հավելել է, որ Եվրահանձնաժողովն իրական ջանքեր է գործադրում՝ բարելավելու համար Հայաստանի օրենսդրությունն ու քաղաքականությունը` դրանք եվրոպական չափանիշներին մոտեցնելու համար: Լուզենբերգերի պնդմամբ Հայաստանի ու Եվրոպայի հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու համար երկարաժամկետ ծրագիր է մտածված: Նա հավելել է, որ Սերժ Սարգսյանի՝ նույն թվականի նոյեմբերին Բրյուսել կատարած այցի ժամանակ այս նախաձեռնությունը քննարկվող կենտրոնական թեման պիտի լիներ: Կարելի է արձանագրել, որ ԵՄ հետ ասոցացման պայմանագրի նախապատրաստությունը սկսվել է հենց այդ այցով, որի հետ եվրոպացիները մեծագույն հույսեր էին կապում:
Անդրադառնալով ՀՀ ներքաղաքական դրությանը` Լուզենբերգերը նկատել է, որ Մարտի 1-ը «իսկական ցնցում է եղել հայ հասարակության համար, եւ մի քանի ամիս էր պետք, որ շոկայի ռեակցիան անցնի»: Լուզենբերգերը, սակայն, նշել է` տվյալ պահին «սկզբնական լարվածությունն արդեն անցյալում է, եւ հայերը վերադարձել են նորմալ ու հավասարակշռված կյանքին»: Նրա փոխանցմամբ` ԵՄ-ն եւ եվրոպական մյուս կառույցները շարունակելու են ճնշում գործադրել ՀՀ կառավարության վրա, որպեսզի այն հապճեպորեն հաղթահարի ներքաղաքական դժվարություններն ու ազատ արձակի ձերբակալված ընդդիմադիրներին: Եվրոպացու տեսանկյունից Մարտի 1-ի պատմությանը պետք է վերջ տրվի, ու քաղաքական այդ ճգնաժամի էջը պետք է փակվի: Հարկ է արձանագրել, որ եվրոպացիների համար Մարտի 1-ին տեղի ունեցած սպանությունների բացահայտումն ակնհայտորեն երկրորդական նշանակություն է ունեցել: Ըստ էության, Լուզենբերգերը ՀՀ իշխանություններին կոչ է արել այդ էջը փակել` լոկ ձերբակալվածներին ազատ արձակելով, մինչդեռ սպանությունների բացահայտումն առաջնահերթությունների շարքում չի էլ եղել:
Քննարկելով ԵԽԽՎ-ում Հայաստանի շուրջ ստեղծված դրությունը՝ Լուզենբերգերը կարծիք է հայտնել, որ Հայաստանի՝ ձայնի իրավունքից զրկվելու հեռանկարը միանգամայն հավանական է թվում: Նա ավելացրել է, որ ԵԽԽՎ-ն բավարարված չէ Հայաստանի իրականացրած քայլերով՝ մեղմելու խաթարված ընտրությունների եւ հետընտրական բռնությունների հետեւանքները: Ուշագրավ է ընտրությունների հետ կապված եվրոպացու ձեւակերպումը, քանզի իրավական տեսանկյունից «խաթարված» եզրույթը ոչ մի կերպ չի կարող համապատասխան լինել: Ենթադրելի է, որ Լուզենբերգերը ներքուստ վստահ լինելով ընտրությունների կեղծված լինելու հարցում, ավելի մեղմ բառ է կիրառել` ինչ-ինչ նկատառումներից ելնելով: ԵԽԽՎ-ում Հայաստանին պատժելու դեպքում, անգամ, Լուզենբերգերը հավանական է համարել, որ ԵՄ-ն «կմեծացնի Հայաստանի հետ առնչությունները՝ այդ կերպ ցույց տալով, որ մեջքով չի շրջվում դեպի Հայաստանը եւ նրան չի ուղարկում Ռուսաստանի գիրկը»: Փաստորեն` այս ամենն արվել է բացառապես Ռուսաստանի հետ մրցակցության համատեքստում, եւ, ըստ էության, Եվրոպային բնավ էլ չեն հետաքրքրել Հայաստանի ժողովրդավարական հիմնախնդիրները:
Փաստաթղթի ավարտին Յովանովիչը ներկայացնում է նաեւ Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների պատասխանատու Էնեկո Լանդաբուրուի կարծիքը, ով կրկնել է ԵՄ իր գործընկերոջ մտահոգությունները Մարտի 1-ի հետեւանքների կապակցությամբ եւ արձանագրել, որ բազում խնդիրներ շարունակում են չլուծված մնալ: Լանդաբուրուն հավելել է, որ երկարաժամկետ կտրվածքով ԵՄ-ն նպատակ ունի կոնկրետ քայլեր կատարելու եւ մտերիմ հարաբերություններ կառուցելու Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ. «Սա չի լինի մի գիշերում, բայց մենք աստիճանաբար կհասնենք դրան»,- եզրափակել է պաշտոնյան: Լուզենբերգերն էլ ընդգծել է, որ Եվրոպան մրցում է Ռուսաստանի հետ՝ Երեւանի վրա իր ազդեցությունը տարածելու հարցում: Այպիսով` այսօր արդեն կարելի է արձանագրել, որ Եվրոպան անգամ կրկնակի ստանդարտների կիրառման գնով չկարողացավ Սերժ Սարգսյանին իր ազդեցության տակ պահել, եւ դա տեղի չունեցավ ոչ միայն մի գիշերում, այլեւ նույնիսկ 4 տարում: Իսկ Ռուսաստանի հետ մրցակցությունում մեր երկրում եվրոպացիները տանուլ տվեցին, եւ, ցավոք, կարծես թե երկարաժամկետ կտրվածքով:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 
«ԱՐՑԱԽԲԱՆԿ»-Ը ՎԱԽԵՑԱ՞Վ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ

Երեկ «Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած քաղաքացիները բողոքի ակցիա անցկացրեցին Սայաթ-Նովա հասցեում գտնվող «Արցախբանկ»-ի մոտ: Ակցիայի պատճառով բանկի աշխատանքը որոշ ժամանակով կաթվածահար եղավ:

Հիշեցնենք, որ «Տոնուս» շինարարական ընկերությունը Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում եւ Փափազյան հասցեում իր կառուցած բնակարանները գրավադրել էր «Արցախբանկ»-ում, գումար էր վերցրել ու քանի որ սնանկ է ճանաչվել, հիմա բնակարանները դարձել են բանկի սեփականությունը: Բնակիչները շուրջ 8 տարի է, ինչ պայքարում են իրենց բնակարանները ստանալու համար: Ու կառավարությունն այս հարցի կարգավորման մասով բնակիչներին խոստացել էր հստակ պատասխանել մինչեւ նոյեմբերի 5-ը:
Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Տոնուս»-ից տուժած քաղաքացիները տեղեկություն են ստացել առ այն, որ բանկը մտադիր է բնակիչներին հետ վերադարձնել բնակարանների համար նախապես վճարված գումարները, բայց 15 տոկոս պահումներով: Եւ ահա զայրացած հավաքվելով «Արցախբանկի» մոտ՝ պահանջում էին հանդիպել բանկի սեփականատերերի հետ: Մարդիկ տեղեկացել էին, որ բարձրացված աղմուկի առիթով օրերս Հայաստան են ժամանել բանկի բաժնետերերից մեկը՝ Հրաչ Կապրիելյանը (նա նաեւ «Ավի» հայկական ժամացույցների գործարանի սեփականատերն է), եւ մյուս բաժնետեր Վարդան Սիրմակեսը:
Բանկի ղեկավարությունը տեսնելով, որ բնակիչները համառում են, նրանցից մի քանիսին ներս հրավիրեցին՝ քննարկելու հետագա անելիքները: Որոշ տեղեկությունների համաձայն՝ երբ բնակիչներից մի քանիսը ներս են մտել, այդտեղ եղել է նաեւ Կապրիելյանը, սակայն հրաժարվել է հանդիպել տուժածների հետ: Իսկ քաղաքացիների մի խմբի պնդմամբ՝ Կապրիելյանի հետ իրենք հեռախոսազրույց են ունեցել, սակայն նա հստակ պատասխան չի տվել:
Բանկից դուրս գալուց հետո զայրացած բնակիչներն այնպես հենվեցին բանկի դռանը, որ այն տեղից պոկվեց: Իհարկե, աշխատակիցներն այն անմիջապես ամրացրեցին: Սակայն այս միջադեպից հետո բանկի ներկայացուցիչները վախեցան, ահազանգեցին ոստիկանությանը. ոստիկանների թիվը կտրուկ ավելացավ: Եւ բանկի տնօրինությունը սկսեց ոստիկանների միջոցով պայմանավորվել բնակիչների հետ:
Ավելի ուշ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Արցախբանկ»-ի մյուս բաժնետերերից մեկը՝ Վարդան Սիրմակեսը, այս օրերին գտնվում է Արցախում. մտադիր է այնտեղ խոշոր ներդրումներ կատարել: Դրա համար էլ ՀՀ գործող իշխանությունը չի ցանկանում «նեղացնել» նրան: Իսկ Կապրիելյանն էլ չի կարողանում հանդարտեցնել տուժողներին: Արդյունքում՝ երեկ եւս «Տոնուս»-ից տուժած քաղաքացիների հարցը մնաց օդում կախված. ոչ տուն ունեն, ոչ՝ փող:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ՀԱՐԲԱԾ Է ԵՂԵԼ

«Ժողովուրդ»-ը հոկտեմբերի 25-ին տեղեկացրել էր, որ ոստիկանությունը քննություն է կատարում Իջեւանի կոմունալ ծառայության տնօրենի եւ այդ ծառայության մեկ այլ աշխատակցի կատարած անօրինական գործողությունների վերաբերյալ: Խոսքը վերաբերում է քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատողների աշխատավարձերի յուրացմանը:
Այդ կապակցությամբ «Ժողովուրդ»-ը հանդիպեց Իջեւանի քաղաքային թիվ 1 գերեզմանատան պահակ, 73-ամյա Գիգուշ Հարությունյանին: Նա ասաց, որ որպես պահակ ամսական 50 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Գիգուշի կինը 15 տարի առաջ մահացել է, որդին Վոլգոգրադում ազատազրկված է, աղջիկներից մեկը բնակվում է Մոսկվայում, մյուսը` Իջեւանում: Գիգուշի խոսքերով` ինքը մենակությունից դրդված` սիրում է օղի խմել: Նա հայտնեց, որ ոստիկանության աշխատակիցը մի անգամ իր տուն է եկել, որպեսզի իրեն ոստիկանություն հրավիրի, սակայն ինքը տանը չի եղել: Հարեւանը, ով ոստիկանության աշխատակից է, իրեն հայտնել է այդ մասին: Գիգուշ Հարությունյանը հոկտեմբերի 24-ին ներկայացել է ոստիկանության Իջեւանի բաժին:
Գիգուշը նշեց, թե չի հիշում` ինքն այնտեղ ինչ ցուցմունք է տվել, քանի որ գտնվել է անսթափ վիճակում: Նա հայտնեց, որ ինքն այնտեղ բացատրություն չի գրել, ոստիկանն իր խոսքը գրառել է, ինքն էլ դրա տակ ստորագրել է: Նրա վկայությամբ` ինքը երբեւէ կոմունալ ծառայության տնօրեն Սուրեն Չիբուխչյանին կամ այդ ծառայության որեւէ աշխատակցի գումար չի տվել: Գիգուշն աշխատավարձը ստանում է բանկոմատից քարտի միջոցով: Տեսողությունը վատ է, ուստի ամեն անգամ տարբեր մարդկանց խնդրում է բանկոմատից գումար հանել: Գերեզմանատան պահակն ասաց, որ երեւի առաջիկայում իրեն նորից ոստիկանություն կհրավիրեն, եւ ինքն այնտեղ կասի, որ այդ օրը «խմած» է եղել, ուստի իր բացատրությունը պետք չէ հիմք ընդունել: Գիգուշ Հարությունյանը իր` անսթափ վիճակում ոստիկանություն ներկայանալու մասին դիմումով տեղեկացրել է Իջեւանի կոմունալ ծառայության տնօրեն Սուրեն Չիբուխչյանին: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար զանգահարեցինք ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Կարեն Հակոբյանին, ով հայտնեց, որ կոմունալ ծառայության գործունեության վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում: 10 օրվա ընթացքում պարզ կլինի` քրեական գործ հարուցե՞լ, թե՞ ոչ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս