«Ես իրեն կամ որևէ մեկին պարզաբանելու խնդիր չունեմ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի աշխատակիցները կտրականապես հերքում են այսօր iLur.am լրատվական կայքում տեղ գտած ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանի հարցազրույցը, որում մասնավորապես ասվում էր, թե թաղապետարանի աշխատակիցներից Գագիկ Հովհաննիսյան անունով մի անձնավորություն հարձակվել է իր վրա:

Armlur.am-ի հետ զրույցում Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Գագիկ Հովհաննիսյանը զարմացավ, թե ինչպես կարող էր իր անունը հայտնվել նման հոդվածում:  Գ. Հովհաննիսյանի խոսքով՝ ինքն անգամ տեղյակ չէ, որ նման միջադեպ է եղել:

Իսկ Շահինյանը, ում անունն այդպես էլ անհայտ մնաց, վստահաբար ասաց, որ ինքը նմանատիպ հերյուրանքներին չի արձագանքում: Իսկ ինչ վերաբերում է Տիգրան Առաքելյանի այն արտահայտությանը, թե իր հարցազրույցը իրավապահ մարմինները կարող են ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, Շահինյանը պատասխանեց. «Դա քաղաքացու իրավունքն է: Ես իրեն կամ որևէ մեկին պարզաբանելու խնդիր չունեմ: Մեր թաղապետարանում որևէ մեկը հրմշտոցներ չի սարքում: Դրանք հերյուրանքներ են»:

Տիգրան Առաքելյանը, չնայած մեր նախորդ զրուցակիցների պնդումներին, որ իրենք միջադեպի մասնակիցներ չեն եղել, շարունակեց վստահաբար ասել, որ իր կողմից հնչեցված բոլոր խոսքերը համապապատասխանում են իրականությանը, ինչը կարող է ապացուցել այնտեղ ներկա իր եղբայրը:

«Եթե նրանք հերքում են, ինչպե՞ս պետք է հերքեն այն հանգամանքը, որ այնտեղ ներկա է եղել նաև այն կինը, ում պատճառով սկսվել է վիճաբանությունը, կամ ինչպե՞ս պետք է հերքեն մյուս 7 աշխատակիցների ներկայությունը»,- նման պատասխան հնչեցրեց ՀԱԿ անդամը՝ հավելելով, որ իրավապահ մարմինները կարող են քննչական գործողություններ իրականացնել, այդ թվում` առերեսումներ՝ պարզելու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել:

Նշենք, որ հիշյալ լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ Տիգրան Առաքելյանն ասել է, թե Շահինյանի աշխատասենյակ մտնելուն պես՝ իրեն սկսել են քաշքշել: Նրա փոխանցմամբ՝ թաղապետարանի աշխատակիցներն ասել են. «Տարոնի հանձնարարականն են կատարում»:




Լրահոս