ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է մայրաքաղաք Երեւանում
Հետաքրքիր է՝ փաստորեն ոչ միայն հայոց փափկասուն տիկնայք, այլեւ մեր երթուղայինների դռները նուրբ եւ քնքուշ վերաբերմունքի կարիք են զգում: Իսկապես, միգուցե մեր քաղաքացիները վերջապես սովորեն իրենց ետեւից կամաց փակել երթուղային տրանսպորտի դռները:
ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ՝ ամուսնությունից հետո անձի ազգանվան փոփոխության դեպքում, եթե ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի կողմից նախկինում տրամադրված վկայականում գրված է մինչամուսնական ազգանունը, հնարավո՞ր է արդյոք փոփոխել ազգանունը նաեւ վկայականում, եւ արդյո՞ք դրա համար պետք է վճարել նույնքան գումար, որքան նոր վկայական ստանալու համար:
Միլենա Հարությունյան (29 տարեկան, քաղաքագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ ֆիզիկական անձանց անվան, հայրանվան կամ ազգանվան փոփոխման (այսուհետ՝ անվան փոխում) դեպքում դրա հետ կապված գույքի նկատմամբ նոր գրանցում չի պահանջվում: Նման դեպքերում ֆիզիկական անձանց անվան փոփոխման վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա, գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի ներկայացմամբ գրանցման մատյանում կատարվում է համապատասխան տվյալների փոփոխություն (այսուհետ՝ անվանափոխման վերաբերյալ գրառում)՝ գրանցված իրավունք ունեցող սուբյեկտին տրամադրելով նոր գրանցման վկայական՝ կատարված փոփոխության վերաբերյալ նշումով: Ընդ որում, նոր վկայականներ տրամադրելու պահանջը տարածվում է 01.01.2012թ. հետո գրանցված իրավունքների գրանցման տվյալներում համապատասխան փոփոխություններ կատարելու դեպքերի վրա, իսկ մինչեւ 01.01.2012թ. գրանցված իրավունքների գրանցման տվյալներում համապատասխան փոփոխություններ կատարելու դեպքերում դիմողի ընտրությամբ համապատասխան փոփոխությունները կարող են կատարվել ինչպես նոր վկայականի տրամադրմամբ, այնպես էլ դիմողի ներկայացրած գրանցման վկայականում: Նույն օրենքի 73-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջների համաձայն՝ անշարժ գույքի գրանցման մատյանում անվանափոխման վերաբերյալ գրառում կատարելու եւ նոր գրանցման վկայական տրամադրելու կամ վկայականում փոփոխություն կատարելու համար, որպես ծառայության վճար, գանձվում է 2000 դրամ:
ՀՀ կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար՝ անձի ազգանվան փոփոխության դեպքում անձի դիմումի համաձայն նրան տրամադրվում է նոր գրանցման վկայական՝ կատարված փոփոխության վերաբերյալ, իսկ ծառայության համար վճարվող գումարի չափը 2000 դրամ է: Հասկանալի պատճառներով մեր պետությունում ոչինչ հենց այնպես չի արվում. ցանկացած ծառայություն իր գինն ունի:
ՀԱՐՑ. Երեւանի բազմաթիվ շենքերի մուտքերը լուսավորված չեն, իսկ բնակիչները միշտ բողոքում են, որ չլուսավորված մուտքերի պատճառով մեծահասակներն ընկնում են (եւ ոչ միայն) եւ հաճախ կոտրվածքներ են ստանում: Կցանկանայի տեղեկանալ՝ Կենտրոնի թաղապետարանը ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս հարցի հետ կապված:
Մարգարիտա Բաբաջանյան (63 տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի Կենտրոն վարչական շրջանում բոլոր շքամուտքերը լուսավորված են: Լամպերի անխափան աշխատանքին հետեւում են շենքերը կառավարող համատիրությունները: Լուսավորության խափանման դեպքում անմիջապես այրված լամպերը փոխարինվում են նորերով:
Կենտրոն վարչական շրջան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Միգուցե Կենտրոնի թաղապետարանը տեղյակ չէ՞ համատիրությունների կողմից իրականացվող աշխատանքների արդյունքներից: Ինչեւիցե, ներկա դրությամբ Երեւանի բազմաթիվ շենքերի մուտքեր լուսավորված չեն, եւ բնակիչներն էլ շարունակում են իրենց վրդովմունքն արտահայտել: Մարդիկ ե՛ւ դրա համար վճարում են, ե՛ւ սեփական միջոցների հաշվին լույս անցկացնում շքամուտքերում: Հուսանք, որ այս ահազանգից հետո թաղապետարանը ձեռնամուխ կլինի խնդրի կարգավորմանը: