31 հոկտեմբերի, 2014 թ., Երևան. Beeline-ը Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հետ համատեղ ամփոփեց «Գյուղաբնակ երեխաների շրջանում արհեստագործության զարգացում» ծրագրի առաջին արդյունքները։ Երեխաների զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակում գործարկվել է արհեստագործական 4 խմբակ, որոնք հնարավորություն են ընձեռում Մյասնիկյան, Քարակերտ, Դալարիկ և Արագածավան համայնքների դպրոցների աշակերտներին ձեռք բերել մարզերում պահանջված մասնագիտություններ:
Քարակերտ համայնքում այսօր պաշտոնապես բացվեց ծրագրին մասնակցած երեխաների ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը, Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը, դպրոցների տնօրեններ և այլ հյուրեր:
Ցուցահանդեսին ներկայացված էին Արմավիրի մարզի Քարակերտ, Դալարիկ, Մյասնիկյան և Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի պատանիների արհեստագործական աշխատանքները:
«Հայաստանի մարզերում իրականացվող ծրագրերը և հատկապես մարզերի երիտասարդները հատուկ տեղ են զբաղեցնում Beeline-ի սոցիալական ռազմավարության շրջանակում: Ուրախ ենք, որ մեզ հաջողվեց ստեղծել նոր հնարավորություններ երեխաների զարգացման համար և նրանց տալ մի հարթակ, որտեղ նրանք յուրովի ձևով դրսևորեցին իրենց տաղանդը։ Վստահ եմ, որ արհեստագործական խմբակներին մասնակցությունը ոչ միայն օգնեց գյուղաբնակ երեխաներին դարձնել իրենց կյանքն ավելի լավ, այլ նաև բացեց ապագայի ավելի լայն հեռանկարներ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն իր ողջույնի խոսքում։
«Գյուղական համայնքներում ապրող երիտասարդները հաճախ չեն գիտակցում արհեստների նշանակությունն իրենց ապագա մասնագիտության և աշխատանքի համար: Այս բացը լրացնելու, մեր երեխաների շրջանում արհեստագործությունը զարգացնելու և արհեստը նրանց համար եկամտի հնարավոր աղբյուր դարձնելու նպատակով էր, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամը դիմեց Beeline-ին և դրական արձագանք ստացավ: Մենք ուրախ ենք, որ Հիմնադրամի գաղափարախոսությունը համահունչ է Beeline-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներին ու միտված է երեխաների բարեկեցիկ ապագայի կառուցմանը» – նշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը:
Նշենք, որ Beeline-ը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը համագործակցում են 2012 թ.-ից ի վեր և արդեն իրականացրել են բազմաթիվ ծրագրեր` ուղղված կրթական, բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծմանը: