Օրենք գրելու միակ խնդիրը. հերթական միլիոնն ավելացնել իրենց բանկային հաշվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն որերորդ անգամ Հայաստանի հանրությունը ականատես է լինում, թե ինչպես են ՀՀ իշխանություններն այս կամ այն կործանարար օրենքն ընդունում, ուժի մեջ մտցնում, այնուհետեւ դրա դեմ բարձրացած բողոքի ալիքից հետո փոխում այն կամ ընդհանրապես կիրառությունից հանում:

Այսպես՝ միայն այս տարվա ընթացքում ՀՀ կառավարությունն արդեն իսկ ստիպված է եղել խոստովանել, որ երկու կարեւորագույն օրենքների ընդունման հարցում սխալվել է: Առաջինը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն էր, որի դրույթներից մեկը (կուտակային կենսաթոշակի պարտադիր լինելու մասին) այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտնելուց հետո դժգոհության մեծ ալիք բարձրացրեց: Ի վերջո կառավարությունը ստիպված եղավ օրենքի փոփոխության նախագիծ ներկայացնել խորհրդարան: Այս պատմությունը դեռ չէր հասցրել ավարտվել, երբ փոքր եւ միջին ձեռներեցները դուրս եկան փողոց` բողոքելով «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխության դեմ: Նշված փոփոխությունը, ըստ որի՝ տնտեսվարողները պարտավոր են ամբողջությամբ փաստաթղթավորել իրենց շրջանառությունը, ուժի մեջ մտավ այս տարվա հոկտեմբերի 1-ից: Ի վերջո ՀՀ կառավարությունն այս անգամ էլ ընդունեց, որ «սխալվել» է: «Շրջանառության հարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը դեռեւս խորհրդարանում է եւ նոր պետք է քննարկվի:

Այս խնդիրը դեռ չլուծված՝ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը ցանկանում է փոփոխություններ կատարել «Ժամանակավոր անաշխատունակության մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում, որոնցով նախատեսվում էր կրճատել աշխատող կանանց տրվող հղիության եւ ծննդաբերության նպաստները: Այս անգամ էլ կառավարության դեմ բողոքի ելան հղի կանայք եւ նորածինների մայրերը:

Թերեւս միայն Հայաստանի կառավարությունը կարող է այնպիսի օրենքներ ընդունել, որոնք հղի կանանց եւ նորածինների մայրերին կվնասեն՝ ստիպելով, որ այդ խավը եւս դուրս գա փողոց՝ իշխանությունների դեմ բողոքելու:

Եթե ետադարձ հայացք գցենք, կհիշենք նաեւ անհատ տաքսիների պատմությունը: Ընդամենը 6 տարի առաջ կառավարության առաջարկով փոխվեց անհատ տաքսիների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը` բարձրացվեցին պետական տուրքերի դրույքաչափերը, ինչպես նաեւ՝ տաքսիստներին պարտադրվեց հատուկ դեղին պետհամարանիշներ ձեռք բերել: Բողոքի ալիքի արդյունքում պետական տուրքերի դրույքաչափերը նվազեցվեցին, եւ մնաց միայն դեղին պետհամարանիշ ունենալու պարտադրանքը: Դեղին համարների պարտադիր լինելն էլ այս տարվա գարնանը վերացվեց: Արդյունքում ապացուցվեց, որ վեց տարի առաջ անհատ տաքսիների գործունեությունը կարգավորող օրենսդրությունում կատարված փոփոխությունները եւս անիմաստ էին:

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կառավարությունում ինչ-որ մարդիկ նստած մտածում են՝ էլ ինչ օրենք գրեն, որ Հայաստանի բնակչության մի մասին վնասեն, որպեսզի այդ մարդիկ էլ իրենց բողոքի ձայնը բարձրացնեն: Իրականում ոչ մի դավադրության հարց էլ չկա: Պարզապես անհրաժեշտ է գիտակցել, թե կառավարությունում նստածներն ինչ մտայնությամբ են օրենքների նախագծեր հեղինակում: Գործադիրի ներկայացուցիչները բոլորն առանձին-առանձին ֆինանսական մեծ հնարավորություններ ունեցող մարդիկ են (այս դեպքում գործարար որակումը տեղին չէ, որովհետեւ պաշտոնյաները հարստացել եւ հարստանում են՝ իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով): Նրանք իրենց պաշտոնավարման շրջանն ընկալում են որպես հարստանալու հերթական փուլ: Պաշտոնյան գիտակցում է, որ որքան բարձր է իր պաշտոնը, այնքան ավելի շատ հարստանալու հնարավորություն պետք է ինքն ունենա: Օրենքների նախագծերը հենց այս մտայնությամբ էլ գրվում են:

Այսինքն՝ կառավարությունում նստածները օրենք գրելիս իրենց առաջ մեկ խնդիր են դնում՝ ինչպես անեն, որ հերթական միլիոնն ավելացնեն իրենց բանկային հաշվին: Բայց քանի որ Հայաստանում հնարավորությունները շատ սահմանափակ են, իսկ ֆինանսների աղբյուրները՝ վաղուց բաշխված, նորերը ստեղծելու համար չինովնիկ-ֆինանսիստները ստիպված են մեծ թվով մարդկանց շահերին վնասող օրենքների նախագծեր մշակել: Եթե ստացվում է, որ բողոքի մեծ ալիք չի բարձրանում, ապա համարում են, որ «գործը կպել է»: Իսկ երբ տեսնում են, որ բողոքի ալիքը մեծ է եւ գնալով ընդլայնվում է, կառավարությունն ընդունում է իր սխալը, եւ, օրինակ, ՀՀ վարչապետը հայտարարությամբ է հանդես գալիս եւ հրահանգում՝ փոխել օրենքը:
Մինչդեռ նորմալ, ժողովրդավարական երկրում գրված սխալ օրենքների համար առնվազն պատասխանատվության պետք է ենթարկվեին պաշտոնյաները:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս