Գյումրու Վարդանանց հրապարակի շատրվանների նորոգման ու արդիականացման աշխատանքները տեւեցին երեք ամսից ավել: Քաղաքապետ Սամվել Բալասանյանի ցանկությամբ Գյումրին պետք է ունենար «երգող ու պարող շատրվաններ»: Գաղափարն իրագործելու համար համայնքի բյուջեից շուրջ 40 մլն դրամ հատկացվեց: Շատրվանների նորոգման աշխատանքն էլ քաղաքապետի որոշմամբ հանձնարարվեց իր մտերիմ ընկերոջը՝ Մխիթար Նալչաջյանին:
Շատրվանները պետք է «երգեին ու պարեին» հոկտեմբերի 5-ին՝ քաղաքի տոնակատարության ժամանակ, սակայն ավագանու որոշմամբ Գյումրու տոնը հետաձգվեց 20 օրով: Հոկտեմբերի 25-ին գյումրեցիներն, ի վերջո, հնարավորություն ունեցան տեսնելու ամիսների աշխատանքի արդյունքը. շատրվանները գործեցին, սակայն քաղաքացիներն այնքան էլ չտպավորվեցին, նրանց խոսքերով սպասելիքներն ավելին էին:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նույնպես չհերքեց, որ շատրվանների բարձրությունը նախատեսված էր մինչեւ 20 մետր, մինչդեռ ջուրն ընդամենը 10 մետր է բարձրանում: Պատճառը, ինչպես ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր նախագծող Մխիթար Նալչաջյանը, լողավազանի նեղությունն է: Մոտ կանգնած քաղաքացիներն արդեն իսկ դժգոհեցին, որ ջուրն իրենց վրա է լցվում:
Ինչեւէ, «երգող ու պարող» շատրվաններն արդեն մի քանի օր է՝ իրականություն են, բայց որքան էլ տարօրինակ է՝ երկար սպասված «հրաշքով» գյումրեցիներն այնքան էլ տարված չեն: Երեկոյան, երբ շատրվանները սկսում են գործել, հրապարակում բնակիչների ընդգծված հոսք չկա: Երիտասարդներն անկեղծացան՝ ասելով, որ սպասում էին տեսնել Բաթումի շատրվանների նմանօրինակը, չէ որ նախապես այդպես էր հայտարարվել: Ոմանք էլ համարեցին, որ սա էլ քիչ բան չէ Գյումրիի համար: Հարցումներից պարզ դարձավ գյումրեցիների մտահոգության եւ նոր շատրվաններով չհիանալու պատճառը:
«Սոված փորիս ինչ երգող ու պարող շատրվան, ծայր աղքատության շեմին կանգնած մեր քաղաքին առաջինը սոցիալ-տնտեսական փոփոխություն է պետք, ոչ թե կուլտուր-մշակութային»,-վրդոված ասաց գյումրեցի վարպետ Պատվականը: Առկա սոցիալական խնդիրներն առաջնային ու հրատապ համարեցին գրեթե բոլոր հարցվողները: Նշենք, որ Գյումրին նման շքեղ շատրվան ունեցել է դեռ 35 տարի առաջ: Գյումրեցիները գնահատել ու սիրել են այն, քանի որ, իրենց խոսքերով` ժամանակներն ուրիշ էին, ապրել-գոյատեւելու խնդիր չկար:
Արեւիկ Հակոբյան
Գյումրի