Նախադպրոցական հաստատությունների հիմնախնդիրները սրվում են հատկապես ձմռան ամիսներին: Ամեն տարի աշնան օրերին այն ծնողները, ովքեր իրենց երեխաներին տանում են համայնքային ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներ, սկսում են մտորել ձմռան ամիսներին երեխաներին մանկապարտեզ տանել-չտանելու մասին: Բանն այն է, որ տարիներ շարունակ Հրազդանի գրեթե բոլոր մանկապարտեզները ջեռուցվում են փայտե վառարաններով, իսկ ծնողներին ստիպում են վառելափայտի համար գումար հավաքել` 3000-4000 դրամի սահմաններում:
Մեզ հետ զրուցած շատ ծնողներ, ովքեր աշխատում են, ասացին, որ ստիպված են իրենց փոքրիկներին տանում մանկապարտեզ: Նրանք դժգոհեցին, որ ամեն օր երեխաներին մանկապարտեզից տուն բերելիս զգում են ծխի ուժեղ հոտը նրանց հագուստից: Բացի այդ` երեխաները մանկապարտեզում կոշիկներն ու շորերը փոխում են այն սենյակում, որը չի ջեռուցվում, հետո էլ ցուրտ սենյակում սառը շորերը հագնում, տուն են գալիս: Արդյունքում՝ նրանցից շատերը հիվանդանում են: Իսկ մանկապարտեզներում ջեռուցվում է միայն մեկ սենյակ, որտեղ քնում են, խաղում ու հաց ուտում:
Ծնողներից մեկը, ով չցանկացավ, որ անունը նշվի, ասաց, որ այս ամիս 7000 դրամ փայտի փող է տվել մանկապարտեզին. մի երեխայի համար 3.000, մյուսին՝ 4.000 դրամ: «էս որ դարնա, որ փայտով են տաքացնում, մեր հարակից շատ քաղաքների մանկապարտեզներ վերանորոգված են ու լոկալ ջեռուցում ունեն, իսկ վերանորոգման մասին էլ չենք խոսում: Ամեն տարի խոստանում են, որ կվերանորոգեն, կկահավորեն, բայց քանի գնում, էլ ավելի վատա դառնում մանկապարտեզների վիճակը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովեցին ծնողները:
Հրազդանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Անահիտ Նազարյանը մեր հարցերին չպատասխանեց՝ պատճառաբանելով, որ արձակուրդում է: Զրուցեցինք մանկապարտեզների տնօրենների հետ: Թիվ 5 մանկապարտեզի տնօրենն ասաց, որ իրենք էլեկտրական սալիկներով են ջեռուցում, իսկ էներգիայի գումարը քաղաքապետարանն է տալիս. նախորդ տարի նոյեմբերի, դեկտեմբերի համար 50-70.000 դրամ է տվել, նայած թե որքան էլեկտրաէներգիա են օգտագործել:
Իսկ այն մանկապարտեզները, որոնք փայտե վառարաններով են ջեռուցվում, քաղաքապետից աջակցություն են ստանում վառելափայտի տեսքով: Ի դեպ, Հրազդանում կարծիքներ են հնչում, որ դա արվում է քաղաքի՝ չափազանց հաճախ էտվող ծառերի հաշվին:
Լուսինե Սարգսյան
Հրազդան