Մի սիրո պատմություն` Նարեկ Մակարյանի հոգուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Նարեկ Մակարյանը, ով վերջերս ներկայացավ նաեւ որպես դերասան, պարզվում է՝ արդեն հասցրել է ֆիլմերում նկարահանվելու նոր առաջարկներ ստանալ: Եվ չնայած երկրպագուների անհանգստությանը՝ Նարեկը պնդում է, որ դերասանի աշխատանքը չի խոչընդոտի երգչի կարիերային: Նա իր հանդիսատեսի համար մեկ ուրիշ անակնկալ էլ ունի արդեն երգի տեսքով:

«Ժողովուրդ»-ը զրուցել է Նարեկի հետ նրա ստեղծագործական եւ անձնական կյանքի մասին:

-Նարե՛կ, արդեն մեկ ամսից ավել է՝ Ձեր ուժերը փորձում եք որպես դերասան «Կյանքից առավել» հեռուստասերիալի շրջանակներում: Հետաքրքիր է, որ չնայած փորձի բացակայությանը, Ձեզ միանգամից շնորհվեց գլխավոր դերը: Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել նկարահանումների ընթացքում:

-Այո՛, փաստորեն պրոդյուսերն ինձ վստահեց գլխավոր դերը: Մարմնավորում եմ հերոսի, ով միշտ լավատես է, օգնում է այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն, պայքարում է երջանկության համար, բայց ճակատագիրը շատ դաժան է վարվում նրա հետ: Հանդիպածս ամենամեծ դժվարություններից մեկը ծավալուն տեքստերը սովորելն էր: Նկարահանման առաջին օրը ես խառնվել էի, չէի կարողանում կենտրոնանալ, բայց հետո ինձ հավաքեցի: Սկզբնական շրջանում բավական դժվար էր նաեւ պրոֆեսիոնալ դերասանների հետ խաղալը: Բայց հիմա արդեն այդ գործընթացին լիովին հարմարվել եմ, անգամ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ունեմ: Մտադիր եմ թատերական ինստիտուտ ընդունվել՝ դերասանությունն ընտրելով որպես երկրորդ մասնագիտություն:

-Իսկ այդ ֆիլմերը ո՞ր շուկայի համար են նախատեսված: Հնարավո՞ր է՝ այնքան տարվեք դրանցով, որ մոռանաք երգչի կարիերայի մասին:

-Երկու ֆիլմերն էլ ռուսական շուկայի համար են, սակայն փակագծերը բացել դեռ չեմ կարող: Ուզում եմ շեշտել, որ առաջին հերթին ես երգիչ եմ, եւ ոչինչ ինձ չի ստիպի չզբաղվել իմ սիրելի գործով: Ի դեպ, շուտով հանդիսատեսին կներկայացնեմ նոր երգ, որի հեղինակը ես եմ: Դա մելոդիկ ստեղծագործություն է, որն ուղիղ կապ ունի իմ կյանքի հետ, բնութագրում է մի սիրո պատմություն, որը հենց իմ կյանքի էջերից է: Ներկայացնելու եմ մի երգ, որը, բառիս բուն իմաստով, դուրս է եկել հոգուց:

-«Իրան թող» ռեփ ստեղծագործությունն էլ նման մի նախապատմություն ուներ, կարծես, հաճախ եք սիրահարվում…

-Այդ երգը նույնպես ես եմ գրել, բայց այս մեկն ուրիշ է, քանի որ ստեղծվել է ոչ թե հարաբերությունների ավարտից հետո, այլ ընթացքում: Իսկ սիրահարվելը, ինչու ոչ, գուցե հաճախ է ստացվում, բայց, ահա, սիրելը՝ հազվադեպ:

-Ձեր երգերից մեկը հիշեցի, որը կոչվում է «Գիտեմ սիրել»…

-Այդ գործը շատ եմ սիրում: Կա՛մ մարդը ծնվում է սիրելու ունակությամբ, կա՛մ դա բացակայում է: Բայց հաճախ ստիպված ես լինում լքել սիրածդ մարդուն: Սերը կուրացնում է…

-Թերեւս ամենաանդավաճան սիրով երկրպագուներն են սիրում արտիստին: Մի ժամանակ որոշել էիք նրանց անակնկալ մատուցել, որի իրագործմանը պետք է իրենք էլ մասնակցեին, բայց դա տեղի չունեցավ, ինչո՞ւ:

-Այդ ծրագիրը դեռ կիրագործվի: Շատ պլաններ ունենք, որոնք իրականացնելու համար ժամանակ է հարկավոր… Ի դեպ, երկրպագուների մասին խոսեցինք, իսկ ես հենց նոր նրանցից մեկից ստացա հերթական նվերը՝ բարձրորակ ականջակալներ (ծիծաղում է):

-Գիտենք, որ արտասահմանցի երգչուհիներից մեկի հետ դուետ եք պատրաստում, այն ե՞րբ կհանձնվի հանդիսատեսի դատին:

-Այդ պլանները տեղափոխել ենք գարուն, քանի որ հիմա զբաղվածությունը, իրոք, շատ մեծ է: Իսկ երգչուհու անունը դեռ գաղտնի ենք պահում:

-Դուք մի շարք միջազգային մրցույթների ու երաժշտական նախագծերի եք մասնակցել, Ձեր առջեւ դրված հերթական նշաձողը ո՞րն է:

-Առ այսօր միջազգային մրցույթներին մասնակցելու հրավերներ ունեմ, սակայն ընդունելու ցանկություն չունեմ: Միայն երկու մրցույթ կա, որոնց կուզենամ մասնակցել՝ «Եվրատեսիլը» եւ «Նոր ալիքը»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս