Երեք տարի է՝ Գյումրիի «Ասպարեզ» ակումբն իրականացնում է «Պաշտպանենք զինվորի իրավունքները» ծրագիրը, որի շրջանակներում իրականացված հետազոտությունները հանգեցրել են մի շարք բացահայտումների: Ուսումնասիրվել է 1994թ.-ի մայիսի 12-ի հրադադարից ի վեր՝ խաղաղ պայմաններում զոհված ավելի քան 600 զինծառայողի մահվան դեպք: Ինչպես նշեց ծրագրի ղեկավար Լեւոն Բարսեղյանը, այդ դեպքերի միայն 15 տոկոսն է, որ գրանցվել է որպես սահմանային միջադեպ՝ հակառակորդի կրակոցի, դիվերսիայի արդյունք, մնացած բոլոր դեպքերը համընկնում են ներքին պատճառներին՝ հիվանդություններին, ավտովթարներին, ինքնասպանություններին, դժբախտ պատահարներին:
Հինգ մարզերի՝ Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի ուսումնասիրությունների արդյունքները չափազանց մտահոգիչ են: Նախնական տեղեկություններով՝ հրադադարի պայմաններում զոհված զինծառայողները ամենաշատը Կոտայքի մարզից են, որտեղ գրանցվել է 219 մահվան դեպք: Արմավիրի մարզում գրանցվել է 116 դեպք, Գեղարքունիքի մարզում՝ 89, Արագածոտնում՝ 57, իսկ ահա միայն Գյումրի քաղաքում՝ 125 դեպք:
«Այն, որ պատերազմի ընթացքում ՀՀ բնակչությունը, ներառյալ Արցախի բնակչությունն ունեցել է 5000-6000 զոհ, հասկանալի է, սակայն խաղաղ պայմաններում ունենալ այսպիսի կորուստներ, անտրամաբանական է: Մենք շատ բան գիտենք պատերազմից առաջ եղածի մասին, բայց շատ քիչ բան՝ պատերազմից հետո-ի մասին»,-ընդգծեց Լեւոն Բարսեղյանը:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մահվան դեպքերի պաշտոնական վարկածները չեն համապատասխանում հարազատների վարկածների հետ: Ամենամեծ տարբերությունը հատկապես ինքնասպանությունների դեպքերում է: Այստեղ է, որ զոհվածների ծնողներն ու հարազատները համոզված են՝ իրենց որդիներին սպանել են կամ դրդել ինքնասպաության: Մինչդեռ պաշտոնական վարկածներով այդ դեպքերի մեծ մասը որակված է որպես ինքնասպանություն:
Բանակային մահացությունները նվազեցնելու նպատակով ոլորտի խնդիրներով զբաղվող մեկ տասնյակից ավել փորձագետներ, իրավաբաններ եւ լրագրողներ մշակել են բանակային բարեփոխումների առաջարկությունների փաթեթ: Այն ընդգրկում է 30-ից ավել կետեր, որտեղ հանգամանալից ներկայացվում է, թե ինչպես պետք է պետությունը պաշտպանի զինվորի իրավունքը՝ սկսած նախազորակոչային շրջանից մինչեւ զորացրման ավարտ: Ծրագրի հեղինակների խոսքով՝ անհրաժեշտ է, որ ՀՀ կառավարությունն այս բարեփոխումների փաթեթը մանրամասն ուսումնասիրի, ապա ձեռնամուխ լինի դրանց աստիճանական իրականացմանը:
Արեւիկ Հակոբյան