ՆՈՒՅՆ ՄԱՐԴՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է, ինքնասիրահարվածության համախտանիշը բնորոշ է ոչ միայն  փոքր երկրների փոքր քաղաքական գործիչներին, այլեւ այնպիսի գերտերության  ղեկավարին, ինչպիսին Ամերիկայի Միացյալ Նահանգների  նախագահ Բարաք Օբաման է: Վերջինս բավականին անհաջող հնարքի է դիմել` Սպիտակ տան պաշտոնական կայքէջում ԱՄՆ նախորդ նախագահների կենսագրականները լրացնելով  հղումներով, որոնցում  նշվում է, թե այս կամ այն նախագահի ընդունած կարեւոր որոշումներին ինքը որքանով է  կողմ կամ դեմ: Մասնավորապես ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի կենսագրության այն հատվածում, որտեղ վերջինս խոսում է մեծահարուստների հարկի մասին, հիշատակում է ավելացվել, որ այդ քաղաքականությանը կողմ է նաեւ Օբաման: ԱՄՆ գործող նախագահի  տեսակետների մասին լրացումներն արվել են մինչեւ երկրի 30-րդ նախագահ Քելվին Քուլիջի պաշտոնավարությունը` 1923-1929թթ.: Օբամայի այս քայլը  հարուցել է Հանրապետականների  դժգոհությունը, որոնք նախօրեին համացանցում հրապարակել են լուսանկարների մի ամբողջ շարք, որոնցում Օբաման պատկերված է  այս եւ անցած դարի կարեւորագույն պատմական իրադարձությունների ֆոնին` փորձելով դառնալ դրանց մասնակիցը: Օրինակ՝ այդ լուսանկարներից  մեկում  Օբաման օգնում է Ռայթ եղբայրների առաջին թռիչքին, մյուսում` կանգնած է Բեռլինի քանդվող պատի մոտ, կամ դասախոսություն է կարդում Ալբերտ Էյնշտեյնի հետ եւ այսպես շարունակ:
Ինչ խոսք, Հանրապետականների արձագանքը Օբամայի այս քայլին բավականին սրամիտ է: Ու թեեւ վերջինիս  կողմնակիցները կարող են ասել, որ այդպիսով ԱՄՆ գործող նախագահն ընդամենը ցանկացել է հայտնել երկրի համար կարեւոր հարցերի շուրջ իր տեսակետը, ակնհայտ է, որ  Օբաման ուներ բազմաթիվ այլ հնարավորություններ` ԱՄՆ նախկին  նախագահների  ընդունած առանցքային որոշումների շուրջ իր դիրքորոշումները ներկայացնելու համար: Ուստի տվյալ միջամտությունն ավելի շատ դիտվում է իբրեւ նախկին բոլոր նախագահների նկատմամբ գերազանցության  անհամեստ դրսեւորում:
Եվ եթե Օբամայի դեպքում նման միջամտությունն անհարկի էր, ապա  մեր երկրում նախագահի դիրքորոշման  այդպիսի ներկայացումն  ուղղակի անհրաժեշտ է: Օրինակ, հանրության համար անչափ հետաքրքիր կլինի  տեղեկանալ, թե Սերժ Սարգսյանը որքանով է կողմ   Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի կարեւոր որոշումներին, ասենք` 1996թ. սեպտեմբերին  զորքերը ցուցարարների դեմ հանելուն կամ 2008թ. մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու  հրամանագրին:  Սակայն ակնհայտ է, որ նման բան մեզանում հնարավոր չէ, ու ոչ այն պատճառով, որ մենք առայժմ ունեցել ենք  ընդամենը 3 նախագահ, այլ այն պատճառով, որ իրականում նրանք սերտաճած են մեկը մյուսին, եւ մեկի գլուխը ցավեցնելուց, ակամայից վնասվելու է  մյուսի ոտքը: Իսկ կոնկրետ վերը նշված երկու որոշումների մասով Սերժ Սարգսյանն իր դիրքորոշումը լավագույնս արտահայտեց «Արտակարգ իրավիճակների մասին օրենքում» ԱԺ վերջին նիստում ընդունված չարաբաստիկ փոփոխությամբ`  նման իրավիճակներում զինված ուժերին օգտագործելու արդեն օրինական հնարավորություն ստանալով:




Լրահոս