Հայկական հեռուստատեսությունը լավ բան չի քարոզում. Արթուր Իսպիրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Արթուր Իսպիրյանին ավելի շատ կարելի է լսել ռադիոյով, քան՝ տեսնել հեռուստատեսությամբ: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այսօրվա հեռուստաեթերում տեղ են գտնում կոմերցիոն բնույթի երգերն ու տեսահոլովակները, իսկ իր արվեստը չի համապատասխանում այդ չափանիշներին: Երգիչը շարունակում է հետեւել նաեւ մեր երկրի ներքաղաքական կյանքին եւ ակնկալում է լուրջ փոփոխություններ:

-Պարոն Իսպիրյան, վերջին շրջանում կարծես թե ստեղծագործական դադարի մեջ եք, ներկայումս ինչով եք զբաղվում:

-Պատրաստվում եմ ձայնագրել ջազային տրիոյով նոր ալբոմ ՝ Սուրբ ծննդյան թեմատիկայով: Դրանք միջազգային ստեղծագործություններ են՝ մեր մեկնաբանմամբ:

Փակագծերը դեռեւս չեմ բացի:

-Հեռուստաեթերում Ձեր երգերը հաճախ չեն հնչում, ինչու՞:

-Ես տեսահոլովակներ շատ չունեմ: Որպեսզի իմ երաժշտությունը հնչի հեռուստատեսությամբ, ինձ պետք է հրավիրեն կենդանի համերգների, բայց քանի որ հիմա կոմերցիոն երաժշտությունն ավելի մեծ տեղ ունի եթերում, դա չի արվում: Իսկ ինքս երբեք գումար չեմ վճարել եթերում երեւալու դիմաց: Նախորդ տարի, օրինակ, նկարահանեցի Արտեմ Այվազյանին նվիրված կինոհամերգ, որը ոչ մի անգամ չցուցադրվեց. երևի ներկայիս չափանիշներին չէր համապատասխանում: Փոխարենը, իմ երգերը հաճախ կարելի է լսել ռադիոյով:

-Ձեր սերունդը, կարծես, չի համակերպվում ներկայիս իրականության հետ:

-80-90-ական թվականներին Հայաստանում հնչում էր ճաշակով, ինտելեկտուալ երաժշտություն, կային հաղորդումներ, որնցից սովորում էինք: Հիմա կան ծրագրեր, որոնք դիտելիս սովորածդ էլ ես մոռանում: Հայկական հեռուստատեսությունը լավ բան չի քարոզում…Այժմյան տեսահոլովակները դիտելով՝ ուզում եմ ալիքը փոխել: Իրենց արժեքով էժան հոլովակները մեծ գումարների դիմաց եթեր են հեռարձակվում.մեր սերունդը դրան սովոր չէ:

-Արդյոք Ձեր նկարագրած այս տխուր իրավիճակը ստիպեց հանձն առնել տաղանդավորներ բացահայտելու, երիտասարդների հետ դուետներ ձայնագրելու գործը:

-Այո, ես անընդհատ ուզում եմ նոր երիտասարդների հետ աշխատել, ցավալի է միայն, որ մեր գործիքավորողը, ինչպես իմ բոլոր երաժիշտ ընկերները, մեկնեց երկրից, երեւի, չէր կարողանում այստեղ գումար վաստակել:

-Երեւանի մասին շատ եք երգել, հիմա տեսնու՞մ եք Ձեր երգերում գովերգած քաղաքը:

-Եթե խոսենք արտաքին գործոնների մասին, կարող եմ ասել, Երեւանի համար արդեն ուշ է շտկվելը: Ճարտարապետները շատ սխալներ են գործել՝ չմտածելով տգեղ ու անսովոր հետեւանքների մասին: Մեր Ճարտարապետների միությունը մեռած է:

Օրինակ՝ Հյուսիսային պողոտա ստեղծելու գաղափարը լավն էր, սակայն այն իրականացվեց անճաշակ ձեւով. դա Երեւանի հանդեպ թշնամություն է: Մենք թույլ ենք տվել, որ ոմանք երեխայի պես խզբզեն Երեւանի վրա: Կորել է նաեւ մեր քաղաքի ոգին: Ներկայիս սերունդը չի տեսել այն, ինչ մենք ենք տեսել, ուստի չի պատկերացնում, թե ինչ է կորցրել: Երեւանցին հարգանքով լի, գոհունակ տեսակ էր, իսկ այսօր քայլում ենք փողոցով ու հանդիպում ընկճված, մտահոգ երեւանցու աչքերի:

-Ինչպես գիտեք, ներկայումս ոչ իշխանական Եռյակը պայքարի ալիք է սկսել` պահանջելով համակարգային փոփոխություններ, եւ վերջնարդյունքում` նաեւ իշխանափոխություն: Մի ժամանակ շատ ակտիվ էիք քաղաքական գործընթացներում, հիմա հետեւում եք, եւ եթե այո` ինչ տպավորություն ունեք վերջին հանրահավաքներից:

-Բոլորը մեղադրում են Եռյակին՝ իշխանությունների հետ պայմանավորվածություն ունենալու մեջ: Ես ուշադրություն չեմ դարձնում դրան, չնայած որ ամեն ինչ տեսնում եմ, հիշողությունս էլ լավ է…Եթե ուզում են մեր երկրում լավ փոփոխություններ անել, ի սեր Աստծո, թող անեն. մենք էլ ենք դա ուզում: Բայց աններելի կլինի, եթե այս անգամ էլ ժողովրդին հուսախաբ անեն: Ես մարդկանց շրջանում թերահավատություն եմ նկատում. նրանք վստահ չեն, որ մի բան կփոխվի: Խուլիգաններն ու հանցագործները, ովքեր անգամ ԱԺ-ի պետքարանից օգտվելու իրավունք չունեն, հիմա այնտեղ պաշտոններ են զբաղեցնում: Բայց ուզում ենք հավատալ, որ ինչ-որ բան կփոխվի: Ու թեեւ հենց Ազատության հրապարակում տեսնում ենք բաներ, որոնց դեմ ենք, հույսներս չենք կտրում, որ ժողովուրդը կազատվի տարբեր տեսակի կլաններից:

Աննա Բաբաջանյան




Լրահոս