«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր Հայաստանի հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստի ժամանակ կորոշի, թե ովքեր են համամասնական ցուցակով պատգամավոր դառնալու: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ասել է, թե նախկին պատգամավորներից շատերը, անկախ իրենց ունեցած ավանդից, այս անգամ մանդատի ակնկալիքներ չպետք է ունենան: Այդ ցանկում են ԱԺ պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանը, Վազգեն Կարախանյանը, Հովհաննես Սահակյանը եւ այլոք: Այս ամենի վերաբերյալ զրուցեցինք ՀՀԿ-ական պատգամավորների հետ:
ԱԺ պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ
-Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն արդեն որոշել է, որ Դուք ապագա խորհրդարանում չեք լինելու: ՀՀԿ առաջնորդը Ձեզ հետ նման խոսակցություն ունեցե՞լ է:
-Մենք հանդիպել ենք գործադիր մարմնի նիստերից հետո, բազմիցս հանդիպումներ եղել են, բայց մենք ցուցակի հարց չենք քննարկել: Եւ եթե կուսակցությունը նման որոշում կայացնի, ուրեմն այդպես է պետք: Պետք է նշեմ, որ երկրի նախագահը, որը կուցակցության նախագահն է նաեւ, որեւիցե անգամ որեւիցե մի անդամի հետ կապված նմանատիպ արտահայտություն չի արել: Դրանք շինծու, մտացածին խնդիրներ են: Ես՝ որպես ՀՀԿ-ական, հասարակությանը հայտնում եմ, որ եղել եմ մշտապես ՀՀԿ-ի եւ հատկապես նրա նախագահի կողքին` անկախ նրանից՝ կլինեմ ԱԺ-ում, թե ոչ: Նիստն այդքան էլ հեռու չէ, կսպասենք, կտեսնենք, թե մեր գործադիրն առհասարակ ինչ է որոշում:
-Հնարավո՞ր է՝ ընտրությունների ժամանակ լավ չեք աշխատել ՀՀԿ-ի համար, եւ դա է պատճառը, որ Ս. Սարգսյանը չի ցանկանում, որ լինեք ԱԺ-ում: Թե՞ պարզապես համամասնական ցուցակի 110 համարն եք՝ ոչ անցողիկ տեղում:
-Ասեմ, որ համարը կապ չունի, մենք բազմիցս ասել ենք, որ ցուցակը կազմելիս հետեւյալ գաղափարն է եղել, որ մի խումբ մեր ընկերները, որոնք գործադիրն են ներկայացնում, առաջին բլոկում են: Երկրորդ բլոկով նրանք են, ովքեր խորհրդարանում էին: Ինձ համար ցուցակի թիվն այդքան էլ էական չէ, եւ ես գիտեմ, որ իմ կուսակցությունն ու իմ կուսակցության ղեկավարը գնահատել են իմ աշխատանքը, եւ կարծում եմ, որ յուրաքանչյուրն էլ իրենց այդ աշխատանքի արդյունքում կստանան իրենց արժանի տեղը՝ լինի դա գործադիրում, թե ԱԺ-ում:
-Այսինքն՝ վստահ եք, որ կուսակցությունը գնահատում է Ձեր աշխատանքը, եւ Դուք լինելո՞ւ եք խորհրդարանում:
-Այսօր ոչ մեկն էլ համոզված չէ, թե որտեղ է լինելու, որովհետեւ աննախադեպ մի իրավիճակ է ստեղծվել. այսօր ժողովրդավարական ընտրություններ եղան, մենք հավաքել ենք մեծամասնություն, եւ թե ինչպես կդասավորվի հետագա գործընթացը՝ կոալիցիա կձեւավորվի, թե չի ձեւավորվի, այս ամենից է կախված հետագա ընթացքը: Սա կարելի է կապել նաեւ նրա հետ, որ բոլոր կուսակցություններում ինչ-որ իրավիճակներ են փոխվում, տարբեր խոսակցություններ կան, մանդատներ են վայր դնում, բայց ես ասեմ, որ ՀՀԿ-ում նման գործընթաց չկա:
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ
-Դուք եւս այն ցուցակում եք, որի անդամները ՀՀԿ առաջնորդի որոշմամբ չպետք է լինեն խորհրդարանում:
-Չունեմ ոչ մի տեղեկություն, ոչ մի խնդիր չկա, ցուցակը կա, հերթը կհասնի, թե ոչ` ես դա չեմ կարող ասել: Միշտ խոսակցություն եղել է, որ գործող դեպուտատները 99 տոկոսով պետք է լինեն խորհրդարանում: Դեռ նիստ չի եղել, եւ ոչ էլ որոշվել է, թե ովքեր են լինելու ԱԺ-ում, չգիտեմ:
-Ցուցակում 119-րդն եք…
-Դրանից բազմաթիվ մարդիկ են դուրս գալու, բայց հնարավոր է, որ հերթը չհասնի, չհերիքի:
-Իսկ աշխատե՞լ եք ՀՀԿ-ի համար:
-Կուսակցության համամասնական ցուցակում եմ եղել եւ, բնականաբար, աշխատել եմ ՀՀԿ-ի համար:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ը չկարողացավ զրուցել Վազգեն Կարախանյանի հետ, քանի որ վերջինիս հեռախոսն անհասանելի էր, իսկ օգնականն ասաց՝ կտեղեկացնի, որ իրեն զանգահարել ենք, եւ կարձագանքեն մեր հեռախոսազանգերին, սակայն մինչեւ օրվա վերջ այդպես էլ մեր հարցերը մնացին անպատասխան: Նշենք նաեւ, որ 5-րդ գումարման Ազգային Ժողովում ՀՀԿ-ն կունենա 69 պատգամավոր, որոնցից 29-ը ընտրվել են մեծամասնական, 40-ը՝ համամասնական ընտրակարգով: