Հայ ազգային կոնգրեսն ընտրությունների արդյունքները կբողոքարկի ՍԴ-ում. մինչեւ ուրբաթ օրը՝ օրենքով նախատեսված վերջնաժամկետի ավարտը, կներկայացվի դիմումը՝ համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրություններն անվավեր համարելու պահանջով:
Իսկ երեկ լրացավ մեծամասնական թեկնածուների համար ՍԴ դիմելու վերջնաժամկետը. ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանի խոսքերով՝ ՍԴ մուտքագրվել է չորս թեկնածուի դիմում. նրանք են՝ Լեւոն Զուրաբյանը (թիվ 9 ընտրատարածք), Նիկոլ Փաշինյանը (թիվ 7 ընտրատարածք), Մանուել Գասպարյանը (թիվ 3 ընտրատարածք) ու Սամվել Հարությունյանը (թիվ 37 ընտրատարածք): Ուշագրավն այն է, որ ՍԴ դիմած չորս թեկնածուներից երեքը ՀԱԿ անդամներ են, իսկ մեկը՝ Սամվել Հարությունյանը, դեռ մինչեւ վերջերս անդամակցում էր Կոնգրեսին: Փոխարենը ՍԴ չի դիմել մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչներից որեւէ մեկը: Եւ սա այն դեպքում, երբ գրեթե բոլոր պարտված թեկնածուները դժգոհ էին ընտրությունների արդյունքներից: Օրինակ՝ նույն 37 ընտրատարածքում առաջադրված ՀՅԴ-ական Գագիկ Գեւորգյանը նպատակահարմար չի համարել այդ քայլին գնալը, իսկ «Ժառանգություն» կուսակցության անդամ, թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Ստեփան Սաֆարյանը որեւէ հույս չի կապում ՍԴ հետ՝ ասելով, որ այդ ատյանը երբեւէ ցույց չի տվել, թե իրականացնում է սահմանադրական արդարադատություն:
Նկատենք, որ ՍԴ դիմած թեկնածուների բողոքի հիմքում հիմնականում շուտ օքսիդացող թանաքների խնդիրն է մատնանշված. հակառակ ԸՕ պահանջի՝ ՏԸՀ-ներում քվեարկած քաղաքացու անձնագրում դրված կնիքն օքսիդացել է ոչ թե նախատեսված 12 ժամվա ընթացքում, այլ՝ մի քանի րոպեից կամ ժամից: Իսկ դա, ըստ նրանց, օրենքի կոպտագույն խախտում է, ինչն էլ հնարավորություն է ընձեռել կրկնակի քվեարկություն իրականացնելու համար: Ի թիվս այլ հարցեի՝ Նիկոլ Փաշինյանը ՍԴ դիմումում հիշատակել է նաեւ այն հանգամանքը, որ իր քարոզարշավը դիտավորյալ կերպով, կանխամտածված խոչընդոտվել է, իսկ պետությունը որեւէ քայլ չի արել ապահովելու համար թեկնածուների միջեւ հավասար պայմաններ: ՍԴ դիմումի մեջ Նիկոլ Փաշինյանը նաեւ հիշատակել է հայտնի պատմությունը, որ մրցակից թեկնածու Սամվել Ալեքսանյանն իր ընտրատարածքի բնակիչներին խոստացել է անվճար ծառայություններ, բաժանել դրամ: Հիշեցնենք, որ այդ մասին գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, որի թղթակիցը ներկա էր եղել Մալաթիա-Սեբաստիա համայնքում ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկ Սամոյի հանդիպմանը: Բացի այդ, նշված դպրոցի տնօրենն էլ «ՀԺ» թղթակցի հետ զրույցում հաստատել էր այդ ամենը: Նիկոլ Փաշինյանը բողոքարկել էր այս ամենը ԸԸՀ-ում, սակայն նրան մերժել էին, իսկ ԿԸՀ-ն որոշում էր կայացրել ՏԸՀ որոշման՝ ոչ իրավաչափ լինելու մասին: Բայց դրանից հետո կրկին ԸԸՀ-ն չէր հանդգնել դեմ գնալ Սամվել Ալեքսանյանին:
Ի դեպ, ՀԱԿ-ից տեղեկացանք, որ եւս երկու դիմում էլ ՍԴ փոստով ուղարկել էին իրենց թեկնածուներից թիվ 17-ում առաջադրված Գագիկ Ներսիսյանն ու թիվ 38-ում առաջադրված Դավիթ Մաթեւոսյանը: Բայց քանի որ նրանց դիմումներն ուղարկվել էին փոստով, ՍԴ-ն չի ընդունել:
ՉՈՐՍԸ ԴԻՄԵՑԻՆ ՍԴ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ա. ԳԱԼՈՅԱՆ