Եւ այսպես, ՀՀ նախագահի նստավայրում երեկ տեղի ունեցավ հերթական գիշերային նիստը. Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մի քանի հոգով այնտեղ որոշում էին մեր երկրի ճակատագիրը. «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ, քննարկվել են ՀՀ ապագա կառավարության կազմը, կոալիցիոն համաձայնագրի տեքստը: Որպես պլան «բ»՝ քննարկվել է նաեւ կոալիցիա չկազմելու դեպքում ձեւավորվելիք կառավարության կազմը, ինչը քիչ հավանական է, որ իրականություն դառնա:
Քանի որ ԲՀԿ-ի ներսում արմատացած կարծիք կա, որ պետք չէ ձեւական կոալիցիա կազմել, որպես «ոսկե միջին» տարբերակ՝ որոշվել է, որ կոալիցիոն հուշագիր չստորագրվի, այլ լինի համաձայնագիր, որտեղ ֆիքսված կլինի, թե ով որ ոլորտն է ղեկավարում եւ ինչի համար է պատասխանատու: Ըստ համաձայնագրի նախնական տարբերակի՝ ՕԵԿ-ն ունենալու է երկու նախարարություն՝ ՀՀ արտակարգ իրավիճակների ու գյուղատնտեսության, եւ մի քանի փոխնախարարի ու փոխմարզպետների պորտֆելներ:
ԲՀԿ-ին 4-ի փոխարեն տրվելու են 5 նախարարական եւ 3 մարզպետի պորտֆելներ. ՀՀ առողջապահության, քաղաքաշինության, սոցիալական ապահովության, սպորտի եւ երիտասարդության ու մշակույթի նախարարությունները: Վայոց ձորում կշարունակի պաշտոնավարել Սերգեյ Բագրատյանը, Կոտայքում, ըստ մեր տեղեկությունների, ԱԺ պատգամավոր Մխիթար Հարությունյանը, իսկ Գեղարքունիքի հարցը դեռ լուծված չէ:
Մնացած նախարարությունները ղեկավարելու են ՀՀԿ-ականները՝ մի երկու պորտֆել էլ բաժին հանելով անկուսակցականների:
Նշենք, որ անկախ նրանից՝ կլինի կոալիցիոն համաձայնագիր, թե ոչ, ՀՀ վարչապետը մնալու է Տիգրան Սարգսյանը, որը պատրաստվում է իրականացնել մի շարք կառուցվածքային փոփոխություններ: Ծրագրի համաձայն՝ առանձնանալու են հարկային եւ մաքսային ծառայությունները: Առանձնանալու են նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարարի եւ փոխվարչապետի պարտականությունները (փոխվարչապետի հարցը վերջնականապես լուծված չէ): Ըստ նախնական տարբերակի՝ Հայաստանում ձեւավորվելու է մի նոր նախարարություն՝ ներքին գործերի, որը պիտի գործի ոստիկանության կազմից դուրս՝ իր մեջ ներառելով արտակարգ իրավիճակների նախարարությունը: Եթե ստացվի, այս պաշտոնը կտրվի Արմեն Երիցյանին:
Ըստ նախնական տարբերակի՝ հաջորդ կառավարության կազմում իրենց պաշտոնները կպահպանեն՝
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանը
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը
ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:
Իսկ ՀՀԿ ընտրացուցակի ինքնաբացարկ հայտնած պատգամավորների ցանկը դեռ ամբողջական չէ: Այն քննարկման կներկայացվի այսօր՝ ժամը 20:00-ին՝ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում: Ի դեպ, կառավարության ամբողջական ցանկը եւս կքննարիվի այսօր:
ԳԻՇԵՐԱՅԻՆ ՆԻՍՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ