ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՏԱՐԱՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 86 մանկապարտեզի վարիչ Մելանյա Մարտիրոսյանը նախաինֆարկտային ախտանիշներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված տիկնոջ վիճակի պատճառը Երեւանի քաղաքապետարանից մանկապարտեզ գործուղված վերահսկողության բաժնի աշխատակիցներն են եղել:
«Ժողովուրդ»-ը փորձեց հենց հիվանդանոցում մանկապարտեզի մանկավարժ Անահիտ Յայլոյանից տեղեկանալ, թե ինչի հետ է կապված եղել վարիչի առողջական վիճակի վատթարացումը. «Երեւանի քաղաքապետարանի վերահսկողական վարչությունից եկել էին ստուգման: Մեր մանկապարտեզի պահակն իր ընտանիքի հետ միասին երկու ամիս է, ինչ ապրում է մանկապարտեզի շենքում, որովհետեւ պահակի կինն էլ, աղջիկն էլ աշխատում են մանկապարտեզում: Դա ստուգումների ընթացքում բացահայտվեց: Փաստորեն, վարիչն իրավունք չուներ թույլ տալ այդտեղ ապրել: Եւ նա էլ այդ լարվածությունից վատացավ»: Նրա պատմելով՝ տիկին Մելանյան սրտի խնդիրներ ունեցել է ու հատկապես վերջին շաբաթվա ընթացքում դժգոհում էր սրտի աշխատանքից, նաեւ՝ ճնշման խնդիրներ ունի: Տիկին Անահիտը պահակի ազգանունը չէր հիշում. «Հարություն է փաստաթղթերով, բայց ազգանունը չեմ հիշում»:
Տնօրենի հարազատները մեզ հետ զրույցում տեղեկացրին, որ տիկին Մելանյային չի թույլատրվում հուզվել: Իսկ թե նա երբ կանցնի իր աշխատանքային պարտականություններին, հարազատները ստույգ ասել չկարողացան: Մինչդեռ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը համոզված է, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող Մելանյա Մարտիրոսյանը վաղը կանցնի իր աշխատանքին:
«Փառք Աստծո, որ մեր աշխատակցի կյանքին հիմա վտանգ չի սպառնում: Վաղը դուրս կգրեն, կգնա իր աշխատանքին: Արտառոց բան չեմ տեսնում, յուրաքանչյուրս էլ կարող ենք վատանալ, մեզանից ոչ ոք ապահովագրված չէ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց վարչական շրջանի ղեկավարը:
«Դուք տեղյա՞կ եք, որ մանկապարտեզում անցկացվող ստուգումների ժամանակ բացահայտվել է, որ մանկապարտեզի պահակն իր ընտանիքի հետ այդտեղ է ապրում, ինչը հանգեցրել է տնօրենի նախաինֆարկտային վիճակին»՝ հարցին Օհանյանն այսպես պատասխանեց. «Մեկը մյուսի հետ ինչո՞ւ եք կապում: Իհարկե դրանք իրար հետ կապ չունեն: Մարդու վատ զգալն ի՞նչ կապ ունի ստուգումների հետ: Ես տեղյակ եմ, որ նրան տեղափոխել են հիվանդանոց, եւ իմ աջակցությունն եմ հայտնել»: 
Զրուցեցինք նաեւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի հետ: «Ես գիտեմ, որ նա վատառողջ է, եւ առաջին բուժօգնությունը ցույց է տրվել: Հիմա նա բավարար վիճակում է: Մարդը կարող է ամեն վայրկյան իրեն վատ զգալ ե՛ւ նստած տեղը, ե՛ւ աշխատանքի վայրում, ե՛ւ իր տանը: Ինչո՞ւ եք վատառողջ լինելը կապում ուսումնասիրությունների հետ, ես դեպքի վայրում չեմ եղել եւ ուսումնասիրության մասնակից չեմ եղել, այդ իսկ պատճառով չեմ կարող ասել: Դրանք աշխատանքային պլանային ուսումնասիրություններ են եւ անցկացվում են մանկապարտեզներում ու դպրոցներում: Ցավում եմ, որ այդ ստուգումները զուգադիպել են մանկապարտեզի վարիչի առողջական վիճակի վատթարացման հետ»,-ներկայացրեց մեր զրուցակիցը: 
Տիկին Սողոմոնյանը եւս մտահոգ է մանկապարտեզի վարիչի առողջությամբ. «Նույնիսկ վարչական շրջանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել բոլոր ծախսերը հոգալ: Միայն պետք է Աստծուց շնորհակալ լինենք, որ մեր աշխատակցուհին հիմա լավ է»:
Հավելենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները, որոնք ահազանգել էին «Ժողովուրդ»-ին, պատմեցին, թե Հաղթանակ գյուղի դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններից այս օրերին ՀՀԿ-ն հաշվիվ է պահանջում, թե ինչու է գյուղում կուսակցությունը քիչ ձայներ հավաքել: Բայց այս լուրը որեւէ կողմ չհաստատեց:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս