Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքը վաճառում են: Շուտով այդ շենքը վերածվելու է էլիտար հյուրանոցային համալիրի: «Ժողովուրդ»-ը զրուցեց Կոնսերվատորիայի ուսանողների եւ դասախոսների հետ, որոնք եւս նշեցին, թե լսել են նման տեղեկություն, ինչից չափազանց անհանգստացած են:
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքը վաճառում են, իսկ Կոնսերվատորիան միացնելու են Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ նույն ճակատագրին պետք է արժանանար նաեւ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, բայց քանի որ համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի սկանդալային պաշտոնանկությունից հետո բոլորի ուշադրությունը սեւեռվեց ԵՊԼՀ-ին, որոշեցին հարցն առժամանակ հետաձգել:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Կոնսերվատորիայի շենքը վերածելու են հյուրանոցի, եւ շուտով այնտեղ կսկսվեն վերանորոգման աշխատանքները, իսկ ուսանողներին էլ քիչ-քիչ տեղափոխելու են Մանկավարժական համալսարանի` վերջին տարիներին կիսադատարկ մնացած մասնաշենք: «Ժողովուրդ»-ը եղավ Կոնսերվատորիայում, որտեղ զրուցեց ուսանողների հետ, որոնք եւս մտահոգված էին այդ փաստով. «Հա՛, մենք էլ ենք լսել, որ ուզում են մեզ Մանկավարժական տեղափոխել, բայց ես չեմ ուզում, որ իմ անունը գրեք, որովհետեւ մենք էլ ենք նման բան լսել, հարցրել ենք ռեկտորատից, ասել են՝ տենց բան չկա, դրա համար չեմ ուզում իմ անունը գրեք: Կգան կասեն, որ ասել էին՝ չի ծախվում, ուրեմն չի ծախվում, էլ ինչ էս ստեղ-ընդեղ խոսել: Բայց ես Ձեզ ասեմ, որ ահագին ժամանակ ա՝ ես դրա մասին լսել եմ, ասում են՝ հունիսին ա էդ ամեն ինչը լինելու»,-պատմեց Կոնսերվատորիայի 23-ամյա մի ուսանող:
Նշենք, որ ուսանողներից շատերը մեզ հետ զրույցում ասում էին՝ իրենք տեղյակ են, որ շենքը վաճառվելու է, սակայն խուսափում էին ձայնագրիչի մոտ խոսել` պատճառաբանելով, որ չեն ցանկանում ռեկտորի հետ խնդիրներ ունենալ: Նրանք մտահոգված են, որ այստեղ չեն գալու դասի: Որոշ ուսանողներ էլ նշեցին, որ իրենց համար կարեւոր չէ, թե որտեղ են իրենց դասերն անցկացնելու, կարեւորը` բուհը չփակեն, եւ իրենք առանց կրթության չմնան:
Կոնսերվատորիայի շենքի հնարավոր վաճառքի հետ կապված պարզաբանումներ ստանալու ակնկալիքով փորձեցինք զրուցել նաեւ ռեկտոր Շահեն Շահինյանի հետ, սակայն պրոռեկտոր Ռուբեն Տերտերյանն ասաց, որ ինքը մեր հարցերին կպատասխանի: «Ինձ թվում է՝ առաջին հերթին եթե նման բան լիներ, մենք կիմանայինք, ինձ թվում է՝ նման բան լինել չի կարող, քանի որ ոչ միայն շենքը, այլեւ բուհը շատ կարեւոր է հայ արվեստի զարգացման համար: Զարմանալի է, որ այսպիսի լուրեր են տարածում, ինչ-որ քաղաքական կշիռ են փնտրում, ինչ-որ ինտրիգա, եւ ոչ թե մտահոգվում են, այլ հակառակը, անընդհատ ուզում են քննադատության ենթարկել: Բայց ես ասեմ, որ այսօր Կոնսերվատորիան գտնվում է ուշադրության կենտրոնում, հատկացված է մեծ գումար շենքի վերանորոգման համար»,-նշեց մեր զրուցակիցը, որն իր հավաստիացումները սկսում էր «ինձ թվում է», արտահայտությամբ:
Այնուամենայնիվ, Ռուբեն Տերտերյանն ասաց, որ պետք չէ անհանգստանալ, քանի որ կառավարությունն այլ նպատակ ունի` շենքը հիմնովին վերանորոգվելու է. «Կահավորումն է փոխվելու, դա չի վերաբերում միայն կահույքին, այլեւ գործիքներն են փոխվելու: Հայաստանում կա մարդկանց մի խումբ, որ ինչ-որ բաներ են հորինում եւ ուզում են, որ այդպես լինի, որոշ ժամանակ հետո եթե Դուք գաք, կտեսնեք շինարարություն, եւ պատուհանները կփոխվեն, սեպտեմբերին կգաք եւ կտեսնեք ավելի գեղեցիկ շենք: Մարդիկ, որոնք այստեղ են աշխատում, գալիս հարցնում են, թե տեղյակ եք, որ այս շենքը վաճառում են, բայց ոչ ոք չի գալիս հարցնում` ճիշտ է, որ շուտով կվերանորոգվի շենքը»:
Զրուցեցինք նաեւ դասախոսական անձնակազմի հետ, որի անդամները եւս տեղյակ էին, որ հնարավոր է` շենքը վաճառվի, եւ շատ ցավով էին խոսում այդ մասին: Կոնսերվատորիայի դասախոս, երգչուհի Աննա Մայիլյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ շենքի վաճառքի հետ կապված լուրեր լսել է: «Նման բան լսել եմ, որ ուրիշ տեղ են տեղափոխում, ինձ թվում է, որ նման բան չպետք է թույլ տալ, քանի որ Կոնսերվատորիայի շենքն ունի իր ավանդույթները, ես ուղղակի չեմ կարողանում պատկերացնել, որ կարող են այն տեղափոխել: Ես դեմ եմ տեղափոխմանը, սա մշակութային շենք է, այն պատմություն ունի, եւ այն չպետք է քանդել մեկ օրում: Տեղյակ չեմ՝ ինչի համար են ուզում տեղափոխել, բայց փաստը մնում է փաստ, որ Կոնսերվատորիան ունի ավանդույթներ, եւ նման բան ոչ մի երկրի պրակտիկայում չկա` քանդել երկրի մշակույթը»,-վրդովված եզրափակեց երգչուհին:
Ինչպես հին իմաստությունն է ասում` առանց կրակ ծուխ չի լինում: Սակայն եթե շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ոչինչ չի խանգարում, որպեսզի համապատասխան ատյանները պաշտոնապես հայտարարեն, որ Կոնսերվատորիայի շենքի վաճառքի հարց օրակարգում չկա:
ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՓՈԽԱՐԵՆ ՀՅՈՒՐԱՆՈ՞Ց
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ