ՍԵՌԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՅԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ «ՖԵՅՍԲՈՒՔ»-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր է, ինչ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում քննարկվում են սեռական փոքրամասնությունների իրավունքների հետ կապված որոշակի հարցեր: Քննարկումների առիթ դարձավ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով «ազատ» կողմնորոշում ունեցող անձանցից մեկի հարցազրույցը:
Ներկայացում ենք մեր գործընկեր Արգիշտի Կիվիրյանի գրառումն այդ թեմայով եւ մի քանի մեկնաբանություններ: «Սեռական փոքրամասնությունների դեմ պայքարի շրջանակներում պահանջում ենք քանդել Եղիշե Չարենցի եւ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանները, պայթեցնել նրանց արձանները, հրապարակայնորեն վառել նրանց բոլոր ստեղծագործությունները եւ վերացնել նրանց մասին ցանկացած հիշատակում հայ ազգի հիշողությունից: Գուցե դրանից հետո հայ ազգը վերջապես հանգստանա, փրկվի կործանումից ու ապրի բուռն ծաղկունք: Չէ՞ որ սեռական փոքրամասնություններն են խանգարում դրան…»,-գրում է Կիվիրյանը, որին էլ Էդգար Էլբակյանն այսպես է արձագանքում. «Արգիշտի՛ ջան, նշածդ հանճարները կապ չունեն էսօրվա վճարովի գոմիկների հետ: Նրանց համար իրենց հանճարային շեղումը միջոց էր՝ էլ ավելի կատարելագործելու իրենց ստեղծագործական տեսակը, իսկ սրանք միջոց են դրսի ոյժերի ձեռքին՝ քանդելու էս երկրի ավանդական կարգերից միակը, որ մնացել է՝ ընտանիքը»: Սրան ի պատասխան՝ Արգիշտի Կիվիրյանը գրում է. «էդգա՛ր, հենց Փարաջանովին դատել են նրա համար, որ նա իր սեռական օրիենտացիայով փորձել ա քանդել ավանդական կարգերը: Իրեն հենց մեղադրել ու դատել են նրա համար, ինչը դու կրկնում ես ներկայիս սեռական փոքրամասնությունների հասցեին: Մի քիչ պետք ա պատմությունն ավելի լավ ուսումնասիրել եւ չփորձել խեղաթյուրել…»:
Կային նաեւ հակառակը պնդողներ, ինչպես, օրինակ, օգտատեր Էմմա Ալեքսանդրյանը, որը գրում է. «Եղիշե Չարենցը համասեռամոլ չի եղել, եթե ասողները պնդում են դա՝ ելնելով նրա մի քանի բանաստեղծություններից: Հետո եթե առաջնորդվենք սովետական դատարանների գրածով (էդ երբվանից ԿԳԲ-ի մեղադրանքները դարձան ապացույց), Չարենցը եւ շատ ուրիշ հանճարներ դատվել են առաջին հերթին նաեւ «ազգայնամոլության» պիտակով, որից աջ ու ձախ օգտվում են մերօրյա սարքովի ու պատվերովի գեյերը ընդդեմ հանրության մեծամասնության… Էլ չասեմ, որ ըստ Գայանե Առուստամյանի սահմանած չափորոշիչի՝ Չարենցը միայն իր հայտնի նախադասության համար (Ով հայ ժողովուրդ…) լրիվ տեղավորվում է նաեւ «ֆաշիստ» մեղադրանքի սահմաններում: Էդ մեկը սովետի խելքին էլ չէր հասել»:
Քննարկման ընթացքում որոշ օգտատերեր առհասարակ դեմ են արտահայտվում նման մարդկանց տաղանդավոր համարելուն, ինչին ի պատասխան՝ Սեւակ Կիրակոսյանն արձագանքում է. «Այո՜: Նաեւ՝ արգելել Չայկովսկու երաժշտությունը, Սոկրատեսի մտքերը, Մակեդոնացու մասին հիշատակումները, Ալան Տյուրինգի գործունեության ուղղակի արդյունքը՝ համակարգիչները, Դոլչեի ու Գաբանայի ստեղծած ամեն հագուստ կրելը, Ռիքի Մարտինի ամեն երգ լսելը, Վիրջինիա Վուլֆ կարդալը, Մառլեն Դիտրիխ լսելը, Մադոննա լսելը ու շատ-շատ այլ բաներ…»:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս