ԲՈԼՈՐԸ` ՍՊԱՍՄԱՆ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետընտրական շրջանում հայաստանյան քաղաքական դաշտում հիմնական ինտրիգային հարցը շարունակում է մնալ կոալիցիայի ձեւավորումը, մասնավորապես այն, թե բացի «Օրինաց երկրից», ԲՀԿ-ն կդառնա՞ կոալիցիոն գործընկեր, եւ եթե այո, ապա ի՞նչ գնով: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սուքիաս Ավետիսյանն այս առումով ուշագրավ հայտարարություն է անում: Նա կարծում է, որ եթե Հանրապետական կուսակցությունն Ազգային Ժողովում մեծամասնություն է կազմում, ուստի մյուս ուժերը պետք է կոալիցիա կազմելու մասին առաջարկով հանդես գան, այլ ոչ թե ՀՀԿ-ն. պարզ ասած՝ նախաձեռնողականություն հանրապետականները սպասում են խորհրդարան անցած մյուս ուժերից: «Չի բացառվում, որ նորից քննարկումների արդյունքում որոշվի, որ կոալիցիոն սկզբունքնով գնանք, որպեսզի ավելի շատ կուսակցություններ ընդգրկված լինեն պետության կառավարման հարցերում»,-ասում է հանրապետական գործիչը:
Կույս մնալ եւ հաճույք ստանալ «Բարգավաճ Հայաստան»-ն այս անգամ չի կարող, եւ պետք է հնարավորինս արագ որոշի՝ որն է քաղաքական այն գիծը, որով պետք է ընթանա: ՀԱԿ ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանը ԲՀԿ-ի համար մատնանշում է երկու ճանապարհ՝ կա՛մ միանալ խորհրդարանական ընդդիմությանը, կա՛մ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել եւ շարունակել մնալ իշխանական կերակրատաշտի հարեւանությամբ: «Նախորդ ընտրությունների նման միջին դիրք պահել, լողացող դիրքում մնալ չի հաջողվի այս անգամ, որովհետեւ քաղաքական դաշտը շատ է հստակեցվել»,-իր կարծիքն է հայտնում ՀԱԿ ներկայացուցիչը:
Ի դեպ, դատելով Մուրադ Գրիգորյանի խոսքերից՝ կարելի է ասել՝ Հայ ազգային կոնգրեսը բավականին հավակնոտ է եւ որոշակի սպասելիքներով է գնում խորհրդարան: Մասնավորապես ՀԱԿ տեղի ներկայացուցիչը կարծում է, որ միակ եւ իրական ընդդիմությունը ՀԱԿ-ն է, հետեւաբար բոլոր այն ուժերը, որոնք կանգնած են այսպես ասած երկընտրանքի առաջ, պետք է կողմնորոշվեն՝ կա՛մ միանալ ՀՀԿ-ին, կա՛մ ՀԱԿ-ին:
Հիմա ընդդիմությո՞ւն, թե՞ իշխանություն. այս հարցի պատասխանը կարող է տալ միայն Գագիկ Ծառուկյանը. այդպես է կարծում է ԲՀԿ ներկայացուցիչ Մարզպետունի Մարգարյանը: Իսկ այն, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ԲՀԿ-ն կարծես ավելի ընդդիմադիր էր, քան որոշ արմատական ընդդիմադիրներ, ԲՀԿ-ականը նորմալ է համարում. «Քարոզարշավի ժամանակ այս կամ այն քաղաքական ուժի գնահատականները չի կարելի վերագրել, թե ասենք՝ ընդդիմադիր դաշտում է, կենտրոնամետ է: Այդ ժամանակ բոլորն էլ քննադատում էին, «Օրինաց երկիր»-ն էլ էր քննադատում»:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս