Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 100 դեպք, որոնցից 70-80 տոկոսը բուժվում է: Բուժումը կատարվում է պետպատվերի շրջանակներում, սակայն Հայաստանում անհրաժեշտ դեղորայքի գրանցման եւ փոխպատվաստման բաժանմունքի բացակայության պատճառով բուժումը ոչ լիարժեք է դառնում:
9-ամյա Նարեկ Պանոսյանին հանդիպեցինք Արյունաբանական կենտրոնի հիվանդանոցային դպրոց-սենյակում: Նա գրեթե ամեն օր այստեղ դասապատրաստման է հաճախում: Փոքրիկ տղան մարդու արյան համակարգը հիշեցնող գծանկար էր ներկում ու մեզ պատմում, որ 2011թ. նոյեմբերի 26-ից կենտրոնի բժիշկների հսկողության տակ է, եւ արդեն «իրեն լավ է զգում ու քիչ է հոգնում»: Իսկ 16-ամյա Մելինեի մայրը` Նվարդ Դավթյանը, անհանգստացած է. հնարավոր է՝ աղջկան անհրաժեշտ լինի արյան փոխպատվաստում, որը Հայաստանում չի արվում ու մեծ գումարներ է պահանջում. «Ղարաբաղից ենք, բազմազավակ մայր եմ, ունեմ 5 երեխա: Մարտի 26-ից կենտրոնում ենք: Բուժման համար անհրաժեշտ դեղերի զգալի մասը գնում եմ սեւ շուկայից: Գնում եմ 3 անուն դեղորայք` միջին հաշվով 60-100 հազար դրամով»: Զրույցից տեղեկացանք, որ Ստեփանակերտում Մելինեին վիրահատել են, սակայն ապաքինման ընթացքում լուրջ խնդիրներ են առաջացել: Արյունաբանական կենտրոնում աղջկա մոտ սուր լեյկոզ է հայտնաբերվել:
«Արյունաբանական կենտրոնի դիսպանսեր բաժանմունքում այսօր հսկվում է շուրջ 1100 երեխա, որոնցից 180-ը տառապում է արյան չարորակ նորագոյացություններով: Այդ երեխաները պարբերաբար քիմիաթերապիաներ են անցնում կենտրոնում: Նրանց բուժումը պետպատվերի շրջանակներում է»,-նշում է Արյունաբանական կենտրոնի պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը եւ հավելում, որ խնդիրներ են ունենում միայն այն ժամանակ, երբ չհայտագրված դեղորայքի անհրաժեշտություն է լինում: Նրա հավաստմամբ՝ վերջին տարիների ընթացքում ոլորտում լուրջ առաջընթաց է գրանցվել: Արյունաբանական կենտրոնին կից ստեղծվում է նոր տեխնոլոգիաներով ժամանակակից կենտրոն, որի առկայությունը ողջ տարածաշրջանում լուծելու է արյան փոխպատվաստման հիմնախնդիրը:
Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ, մանկական ուռուցքաբանության եւ քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը, սակայն, հակառակ կարծիքի է: Ըստ նրա՝ վերջին տարիներին մեր երկրում մանկական ուռուցքաբանության մեջ քիչ են ներդրվում նոր տեխնոլոգիաներ, նաեւ ժամանակակից սարքավորումների եւ հոգեբանական ծառայության մատուցման պակաս ունենք: «Ժամանակակից տեխնոլոգիաների բացակայության պատճառով բուժվելու նպատակով արտասահման մեկնողների թիվն ավելացել է: Դրսում 100-150 եվրո է բուժումը, Հայաստանում բուժում ենք պետպատվերով, մեկ անձի համար նախատեսված է 170.000 դրամ: Այս գումարը որոշ հիվանդների դեպքում բավականացնում է, որոշների դեպքում` ոչ: Բայց եթե դեղը պետականորեն կամ «Նվիրի՛ր կյանք» հիմնադրամի կողմից հումանիտար կերպով չի մտնում մեր կենտրոն, պարզ է, որ ծնողն իր հաշվին շուկայից պիտի ձեռք բերի»,-ասում է Գ. Բադալյանը:
Նրա հավաստմամբ՝ թեեւ քաղցկեղով հիվանդների թվի աճ է գրանցվում ամբողջ աշխարհում, սակայն Հայաստանում, բարեբախտաբար, այդ միտումը չկա: «Տարեկան արձանագրվում է 90-100 մանկական քաղցկեղի նոր դեպք: Երեխաների մոտ առողջացման ցուցանիշը կազմում է 80%: Ամենաշատը ուռուցքներ հայտնաբերվում են 2-4 տարեկան երեխաների մոտ, որոնք բնածին են: 10-16 տարեկան երեխաների մոտ հիմնականում լինում են գլխի տուփի, միջնորմի, որովայնի ուռուցքներ: Ուռուցք ունեցող մանուկների միայն 60-65 տոկոսին է հաջողվում լիովին բուժել: Իսկ ընդհանուր առմամբ, մանկական ուռուցքների եւ քիմիաթերապիայի բաժնում տարեկան բուժվում է 250-270 երեխա: Ներկայում ընթացիկ բուժում է ստանում 11 հոգի»:
Բժիշկները փաստում են, որ մանկական ուռուցքային հիվանդություններից Հայաստանում առավել շատ հանդիպում է արյան եւ գլխուղեղի քաղցկեղը: Նշված հիվանդություններից նախորդ տարում հանրապետությունում մահացել է 0-18 տարեկան շուրջ 17 երեխա: Մասնագետները խոստովանում են, որ ուռուցքաբանության մեջ շատ բան դեռ հայտնի չէ բժշկությանը, իսկ կանխարգելիչ միջոցառումները մանկական հիվանդացությունների դեպքում ավելի քիչ են, քան մեծահասակների մոտ: Սակայն, զրուցակիցներիս խոսքով, խորհուրդները ընդհանուր բնույթ կարող են կրել՝ ուղղված կանանց. այն է՝ առողջ ապրելակերպ ոչ միայն հղիության շրջանում, այլեւ ընդհանրապես, չծխել, ալկոհոլ չօգտագործել, առողջ սնվել եւ զերծ մնալ ճառագայթման աղբյուրներից:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՆԿԱԿԱՆ ՔԱՂՑԿԵՂԻ ԱՃ ՉԿԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ