Մաքսային վարչության պետի նախկին տեղակալ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ Միհրան Մովսիսյանի գնահատմամբ` ժողովուրդը շատ լավ հիշում է, թե անցած տարիների ընթացքում որ քաղաքական ուժն է իրապես մտահոգվել իր հոգսերով, եւ դա է պատճառը, որ չնայած բոլոր խոչընդոտներին, «Բարգավաճ Հայաստան»-ը մայիսի 6-ի ընտրություններում ստացավ մոտ կես միլիոն քվե:
-Պարո՛ն Մովսիսյան, ինչու՞ որոշեցիք սատարել ԲՀԿ-ին:
-Ծանոթանալով տարբեր կուսակցությունների վերջին 5 տարիների գործունեությանը՝ իմ թիմով, որոնց մեծ մասն իմ մարտական ընկերներն են, որոշեցինք սատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: ԲՀԿ-ն ստեղծման պահից ի վեր մշտապես գտնվել է ժողովրդի կողքին, այլ ոչ թե որոշ կուսակցությունների նման, որոնք ժողովրդին հիշում են ընտրությունից ընտրություն:
Օրինակի համար՝ Արմավիրի մարզի բնակչության հետ հանդիպման ժամանակ բնակիչներից շատերը իրենց երախտագիտությունն էին հայտնում Գագիկ Ծառուկյանին՝ հիշելով, որ իշխանություններին խնդրում էին իրենց խաղողի բերքն անգամ 60 դրամով վերցնել, սակայն մերժվում էին, իսկ Ծառուկյանը 120-130 դրամով գնեց այն:
Բացի դրանից, ես եւ իմ թիմը, լինելով հանրապետության բոլոր մարզերում, թեկուզ առանց կուսակցության նախագահի, ականատես ենք եղել, թե ինչպիսի հիացմունքով էին խոսում նրա բարեգործության եւ ժողովրդի կողքին կանգնելու մասին, եւ հավատում էին «Մեր խոսքը գործ է» կարգախոսին: Ի ուրախություն ինձ՝ կան մարդիկ, որոնք հավատում են այս քաղաքական ուժին, եւ համաձայնե՛ք, կես միլիոն ձայնը կատակ բան չէ Հայաստանի նման պետության համար:
-Դուք եւ Ձեր թիմակիցները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ եք, եւ արդյոք մինչեւ որոշում կայացնելը կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում ունեցել եք, թե ոչ:
-Ո՛չ, ոչ մեկս կուսակցության անդամ չենք: Ես արդեն նշեցի, որ իմ թիմի մեծ մասն իմ մարտական ընկերներն են:
Իսկ ինչ վերաբերում է` հանդիպել եմ, թե չեմ հանդիպել Ծառուկյանի հետ, ապա ասեմ՝ այո՛, հանդիպել եմ, ներկայացրել եմ իմ թիմը, իսկ հետո՝ քարոզարշավի ժամանակ, եթե եղել են ինչ-որ խնդիրներ, լուծել ենք միասին:
-Պարո՛ն Մովսիսյան, ընտրություններն ավարտվեցին: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը ընտրությունների եւ հետընտրական գործընթացների մասին, եւ ըստ Ձեզ՝ արդյոք ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ:
-Նախ՝ առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում իմ ակտիվի մասնակիցներին, նաեւ 30 հազարից ավելի համակիրներին: Իսկ ինչ վերաբերում է ընտրության արդյունքներին, ապա ասեմ` մասնակիցների թիվն ուռճացված էր, սակայն այս ընտրությունները տարբերվեցին նախորդ ընտրություններից նրանով, որ չեղան աղմկահարույց ցնցումներ:
Ինչ վերաբերում է հարցին՝ ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ, թե ոչ, ապա համոզված եմ, որ Գագիկ Ծառուկյանը, ելնելով պետության եւ ժողովրդի շահերից, սառը կդատի եւ ճիշտ որոշում կկայացնի: Ինձ թվում է՝ մոտ կես միլիոն ձայներ ունեցող կուսակցությունն արդեն ծանրակշիռ դեր պիտի ունենա Հայաստանի նոր ձեւավորվող քաղաքականության մեջ:
Համենայնդեպս, ինչ որոշում էլ կուսակցության նախագահը կայացնի, մենք նրա կողքին ենք:
R