Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը մայիսի 15-ին՝ ժամը 17-ին, ավագանու նիստ էր հրավիրել: Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կողմնակից ավագանու վեց անդամներ նախկինում երեք անգամ գրավոր դիմել էին քաղաքապետ Վարդան Ղալումյանին եւ պահանջել ավագանու նիստ անցկացնել՝ օրակարգում ունենալով համայնքի քառամյա ծրագրի հարցը: Վարդան Ղալումյանն ասում է, որ 2009 թվականի փետրվարին Իջեւան համայնքի ավագանին հաստատել է համայնքի քառամյա ծրագիրը, որի գործողության ժամկետը դեռ չի սպառվել, այն լրանում է 2013 թվականի փետրվարին: Քաղաքապետը, այնուամենայնիվ, ընդառաջել է ավագանու վերոհիշյալ անդամների դիմումին եւ մայիսի 15-ին նիստ հրավիրել: Իջեւանի ավագանու անդամների մեկ այլ խումբ՝ հինգ հոգուց բաղկացած, քաղաքապետին էր դիմել, որպեսզի այդ նիստի օրակարգում ընդգրկվեին համայնքի այս տարվա բյուջեի, քաղաքապետարանի եւ դրա ենթակայության տակ գտնվող հիմնարկների հաստիքացուցակների եւ դրույքաչափերի հաստատման եւ մի քանի այլ հարցեր:
Նշենք, որ մարզկենտրոն Իջեւանը Տավուշի մարզի 62 համայնքներից միակն է, ուր ավագանին չի հաստատել քաղաքի 2012թ. բյուջեն: Այդ պատճառով քաղաքապետարանն իր ֆինանսական գործունեության մեջ առաջնորդվում է նախորդ տարվա բյուջեով սահմանված ծախսերի համամասնություններով: Քաղաքապետը մայիսի 15-ի նիստի օրակարգում ներառել էր ավագանու երկու խմբերի ներկայացրած հարցերը: Սակայն հերթական անգամ ավագանու նիստի քվորում չապահովվեց, ավագանու տասնչորս անդամներից յոթը չներկայացան: Փաստորեն, ավագանու այն վեց անդամները, որոնք մտահոգված էին համայնքի քառամյա ծրագրով, նիստին չէին ներկայացել՝ չնայած դրա անցկացման տեղի եւ ժամի վերաբերյալ քաղաքապետարանի կողմից պատշաճ ծանուցվել էր:
Այսպիսով՝ նախկին քաղաքապետի կողմնակիցները համառորեն շարունակում են իրենց որդեգրած գիծը: Նշենք, որ համայնքի այս տարվա բյուջեն չհաստատվելու պատճառով Իջեւանը հնարավորություն չունի մասնակցել դրամաշնորհային մի շարք ծրագրերի մրցույթներին: 2012 թվականի մայիսի 31-ին լրանում է Իջեւանի ավագանու ընտրության մեկ տարին: Քաղաքապետ Վ. Ղալումյանն ասաց, որ ինքն օրենքով սահմանված կարգով մտադիր է դադարեցնել ավագանու նիստերի մեծ մասին անհարգելի բացակայող ավագանու անդամների լիազորությունները:
Տավուշ