Իր ոտնահարված իրավունքների վերականգնման ակնկալիքով «Ժողովուրդ» օրաթերթին է դիմել քաղաքացի Հրաչյա Գեւորգյանը, ով պնդում է, որ ինքը իրավապահ համակարգի ներկայացուցիչների ապօրինի գործողությունների զոհն է:
Հարգելի՛ խմբագրություն, ես՝ Հրաչյա Գեւորգյանս, 2011թ. հոկտեմբերի 18-ից մինչ օրս գտնվում եմ անազատության մեջ, անհիմն կերպով, առանց որեւիցե հանցանք կատարելու, անորոշ վիճակում: Արդեն 3 տարի է, որ ես գտնվում եմ դատական քաշքշուկների մեջ, ներկայումս առողջական վատ վիճակով դատապարտյալների կենտրոնական հիվանդանոցում եմ: Այս ամենի, նաեւ իմ առողջության քայքայման մեղավորը Մաշտոցի Ն. Գ. բաժանմունքի քրեականի հետախուզության բաժնի նախկին պետ Արթուր Գեւորգյանն է եւ նրա գլխավորությամբ մի խումբ օպերներ, որոնց խոշտանգումների, ծեծի ու ջարդի պատճառով եմ այս օրը ընկել:
Նախ նշեմ, որ այս երկարուձիգ տարիների ընթացքում առանց որեւիցե պատճառաբանության եւ անհասկանալի ձեւով մեկը մյուսի հետեւից արդեն երրորդ դատախազն է փոխվում ու երկրորդ դատավորը: Իսկ ես ոչ մի անգամ չեմ տեսել սուտ տուժող Նաիրա Հարությունյանի դեմքն անգամ, նրա հայրը եւ որդին, որոնք նույնպես գործով տուժող են հանդիսանում, երկրից փախել են… Ոչ մեկին չեն կարողանում գտնել ու բերման ենթարկել: Իսկ մարմնավաճառ Նաիրա Հարությունյանին էլ, որը Հայաստանում է գտնվում եւ մարմնավաճառությամբ է զբաղվում, իբր թե չեն գտնում եւ չեն կարողանում բերման ենթարկել, բայց իրականում երեք դատախազին էլ, որոնք մեկը մյուսի հետեւից փոխվում են անհասկանալի պատճառներով, ձեռք չի տալիս այդ մարմնավաճառի ներկայությունը դատարանում:
Դատական նիստի ժամանակ անձամբ ես դատախազին ներկայացրի Նաիրա կոչվածի տվյալները եւ հեռախոսահամարները եւ այն սայթերը՝ «odnoklassnik» եւ «mail.ru», որտեղ Նաիրան իր նկարներն է տեղադրել ու հեռախոսահամարները եւ զբաղվում է մարմնավաճառությամբ: Ես տրամադրեցի դատախազին, որպեսզի բերման ենթարկեն, բայց դատախազը ո՛չ ցանկացավ լսել եւ ո՛չ էլ ցանկացավ վերցնել տվյալները:
Նույն ձեւի 3 տարի է, որ ոչ մի ձեւով չեն ցանկանում գոնե մի անգամ բերման ենթարկել նախկին քրեականի բաժանմունքի պետ Արթուր Գեւորգյանին, որը իմ գործով նույնպես տուժող է հանդիսանում, բայց ոչ մի անգամ չի ներկայացել դատարան, բացի այդ՝ ինձ խոշտանգողներից ամենագլխավորն է, ձեռքս երկու տեղից նույնպես նա է կոտրել Ն. Գ. բաժանմունքում:
Բացի դա՝ այդ նույն քրեականի պետը 2013թ. մայիս ամսից մինչեւ օգոստոս ամսի 10-ը ինձ հետ եղել է հեռախոսակապի մեջ, որը ինձ ամեն անգամ զանգահարում եւ խնդրում ու համոզում էր, որ բողոքներս ետ վերցնեմ եւ գործը վիզ վերցնեմ, իսկ ինքն ամեն ինչ կանի, որպեսզի ինձ դատարանից թողնեն, ես նրան պատասխանում էի, որ ոնց այս գործերը ծեծ ու ջարդով եւ խոշտանգումներով սարքել եք գլխիս, վրայիցս կհանեք, այն ժամանակ բողոքներս հետ կվերցնեմ: 4 օր անց նա նորից զանգահարում է ինձ եւ ասում.«Խնդրում եմ մի հատ պետի անունով դիմում գրի՝ իբր ես քո հորեղբայրն եմ, մտնեմ տեսակցության, լավ բան եմ ասելու, ու ամեն ինչ լավ է լինելու հա՛մ քո համար, հա՛մ իմ»: Ինձ տանում են կես ժամ հետո տեսակցության առանձին սենյակ, մտնում եմ ներս ու տեսնում քրեականի պետը նստած է: Սկզբից ինձ համոզում ու խնդրում էր, որ բոլոր բողոքներս ետ վերցնեմ եւ գործը վիզ առնեմ, սակայն տեսնելով, որ չեմ համաձայնում, սկսեց ինձ սպառնալ:
Մինչդեռ հատուկ քննչական ծառայությունում նա բացատրություն է տվել, որ իբր ես եմ իրեն կանչել տեսակցության եւ իրենից գումար խնդրել ու ասել՝ կրվել եմ: Հարգելի՛ խմբագրություն, ինչքանով է արժանահավատ նախկին քրեականի պետ Ա. Գեւորգյանի հորինած հեքիաթը, նա ո՛չ իմ եղբայրն է, ո՛չ էլ իմ հարազատը…Երեւի նա մոռացել է, որ իմ գործով տուժող է հանդիսանում, որ հանրապետական հիվանդանոցում նրան ոտքով հարվածել եմ, թքել եմ երեսին եւ հայհոյել, մոռացել է նաեւ, որ իր գլխավորությամբ են ինձ խոշտանգել ու ձեռքս երկու տեղից կոտրել, որի համար էլ նրան Մաշտոցի Ն. Գ. համակարգից հեռացրել են:
Ներկայացնեմ նաեւ Մաշտոցի քննչական բաժնի ավագ քննիչ Վահե Ասատրյանի կեղծիքներով իմ գլխին գործ սարքելը, քննիչը մեղադրական եզրակացության մեջ նշել է, որ դատաբժշկի եզրակացության մեջ արձանագրվել է, որ ես Նաիրա Հարությունյանին եւ իր որդուն ծեծուջարդով եմ առեւանգել եւ նա ունի մարմնական վնասվածքներ: Բայց այդ նույն քննիչը 2012թ. մարտի 13-ի որոշման մեջ նշել է, որ այդ կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որից սակայն Նաիրա Հարությունյանը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ մարմնական վնասվածքներ չունի:
Մայրիկիս հետ առերես քննության ժամանակ Ն. Հարությունյանը ցուցմունք է տվել, որ մայրիկս գումարներ է վերցրել իբր իմ խնդրանքով եւ իմ համար ու որն էլ ոմն Գարիկով կամ Գեւորգով ուղարկել է ինձ Արթիկ ք. կ. գաղութ: Բայց իրականում քննիչը չի ցանկացել հարցաքննել մյուս տուժողներին, որպեսզի չբացահայտվեն տասնյակից ավելի տուժողները, որոնք նույնպես Նաիրա Հարությունյանի խարդախության զոհերն են: Եվ այդպես կեղծիքներով սարքել է, որ իբր թե հանցակազմը բացահայտված չէ: Ներկայումս էլ այդ նույն կեղծիքները ու ստերը կրկնում է դատախազը, մեկը մյուսին պահելով ու կեղծելով՝ գործը տանում են առաջ…
Հարգելի՛ խմբագրություն, Ձեզ եմ ուղարկում քննիչի որոշումները, ուղարկում եմ դատախազության կողմից կանչված միակ վկայի` Մերի Իսրայելյանի ցուցմունքները, որպեսզի տեսնեք՝ ես հանցանք չեմ կատարել, այլ իմ գլխին սարքել են: Ուղարկում եմ նաեւ այդ Նաիրայի գրած նամակագրությունները, որը հանել են Նաիրայի հեռախոսի բլոկնոտի միջից: Նամակագրությունները կարդալով՝ Դուք կհասկանաք՝ ոնց է ուզում ինձ խաբելով նամակագրությունները ջնջել տալ, ամեն կերպ ինձ խաբելով եւ վախեցնելով, որպեսզի ապացույցներ չմնան: Ուղարկում եմ նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի որոշումը, որ իմ գործն արդեն 3-4 ամիս է, վերցրել են իրենց վարույթում, բայց դեռ պատասխան չկա:
Փաստորեն ես օրգանի ոտնձգությունների դեմ անպաշտպան եմ, քրեականի պետը, քննիչը, դատախազը ով ոնց ցանկանում է, այդպես էլ անում է: Հարգելի՛ խմբագրություն, նորից ու նորից խնդրում եմ Ձեզ, որպեսզի օգնեք ինձ եւ բարձրացնեք իմ այս գործը Ձեր էջերում: Միտումնավոր ինձ դրդում են ինքնասպանության…
Կանխավ շնորհակալ եմ Ձեզանից:
06.10.2014թ. Դիմող՝ Հ. Գեւորգյան