Իջևանի կոմունալ ծառայության տնօրենը գումարնե՞ր է մսխել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը հոկտեմբերի 25-ին տեղեկացրել էր, որ ոստիկանությունը քննություն է կատարում Իջեւանի կոմունալ ծառայության տնօրենի եւ այդ ծառայության մեկ այլ աշխատակցի կատարած անօրինական գործողությունների վերաբերյալ: Խոսքը վերաբերում է քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատողների աշխատավարձերի յուրացմանը:

Այդ կապակցությամբ «Ժողովուրդ»-ը հանդիպեց Իջեւանի քաղաքային թիվ 1 գերեզմանատան պահակ, 73-ամյա Գիգուշ Հարությունյանին: Նա ասաց, որ որպես պահակ ամսական 50 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Գիգուշի կինը 15 տարի առաջ մահացել է, որդին Վոլգոգրադում ազատազրկված է, աղջիկներից մեկը բնակվում է Մոսկվայում, մյուսը` Իջեւանում: Գիգուշի խոսքերով` ինքը մենակությունից դրդված` սիրում է օղի խմել: Նա հայտնեց, որ ոստիկանության աշխատակիցը մի անգամ իր տուն է եկել, որպեսզի իրեն ոստիկանություն հրավիրի, սակայն ինքը տանը չի եղել: Հարեւանը, ով ոստիկանության աշխատակից է, իրեն հայտնել է այդ մասին:Գիգուշ Հարությունյանը հոկտեմբերի 24-ին ներկայացել է ոստիկանության Իջեւանի բաժին:

Գիգուշը նշեց, թե չի հիշում` ինքն այնտեղ ինչ ցուցմունք է տվել, քանի որ գտնվել է անսթափ վիճակում: Նա հայտնեց, որ ինքն այնտեղ բացատրություն չի գրել, ոստիկանն իր խոսքը գրառել է, ինքն էլ դրա տակ ստորագրել է: Նրա վկայությամբ` ինքը երբեւէ կոմունալ ծառայության տնօրեն Սուրեն Չիբուխչյանին կամ այդ ծառայության որեւէ աշխատակցի գումար չի տվել: Գիգուշն աշխատավարձը ստանում է բանկոմատից քարտի միջոցով: Տեսողությունը վատ է, ուստի ամեն անգամ տարբեր մարդկանց խնդրում է բանկոմատից գումար հանել:

Գերեզմանատան պահակն ասաց, որ երեւի առաջիկայում իրեն նորից ոստիկանություն կհրավիրեն, եւ ինքն այնտեղ կասի, որ այդ օրը «խմած» է եղել, ուստի իր բացատրությունը պետք չէ հիմք ընդունել: Գիգուշ Հարությունյանը իր` անսթափ վիճակում ոստիկանություն ներկայանալու մասին դիմումով տեղեկացրել է Իջեւանի կոմունալ ծառայության տնօրեն Սուրեն Չիբուխչյանին: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար զանգահարեցինք ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Կարեն Հակոբյանին, ով հայտնեց, որ կոմունալ ծառայության գործունեության վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում: 10 օրվա ընթացքում պարզ կլինի` քրեական գործ հարուցե՞լ, թե՞ ոչ:

Ոսկան Սարգսյան




Լրահոս