ԵՐԲԵՔ ՊԱՀԱՆՋԱՐԿԻՆ ՉԵՆ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս կայացավ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԲԱՐԽՈՅԱՆԻ մենահամերգը, որը համընկավ նրա ծննդյան տարեդարձի հետ: Առաջին անգամ Մարգարիտան հանդես եկավ մենակ՝ առանց եղբոր: Համերգը տեղի ունեցավ  «Գիզա» ակումբում: Մթնոլորտը լիարժեք համերգային էր, 2 ժամից ավել տեւած ծրագրում հնչեցին հին ու բոլորովին նոր երգեր, ինչպես նաեւ Կոմիտասի, Շերամի ստեղծագործություններից ու Մարգարիտայի գրած երգը` «Արեւը»:
-Ծննդյանս տոնն ու մենահամերգը համընկան, մենք էլ նշեցինք նույն օրը: Կենդանի նվագախմբով համերգի գաղափարը միշտ էլ եղել է, այս տարի նաեւ հոբելյանական էր, քանի որ ես ու եղբայրս արդեն 10 տարի է, ինչ երգում ենք:
-Քանի որ համերգի նախորդ օրը նաեւ Ձեր ծննդյան օրն էր, հետաքրքիր է, թե ինչ օրիգինալ ու թանկարժեք նվերներ եք ստացել:
-Ծննդյանս նվերները ստացա համերգիս օրը, որովհետեւ այնքան զբաղված էի այդ աշխատանքներով, որ ծնունդս նշել չհասցրեցի: Նվերներ շատ եմ ստացել, չեմ ցանկանա որեւէ մեկն առանձնացնել, բոլորն էլ թանկ էին: Իսկ ամենաթանկը երեւի թե իմ ընտանիքի անդամներից էր:
-Համերգի տոմսերը վաճառքի հանվե՞լ էին, թե՞ քանի որ առաջինն էր, միայն հրավիրատոմսով էր:
-Ես ինքս չցանկացա, որ հրավիրատոմսով լինի: 300-ից ավել տեղեր էին, որոնք լիարժեք սպառվեցին: Մարդիկ տոմսեր էին գնել ու եկել, ինչի համար շատ ուրախ եմ: Իրականում ես ուզում էի տեսնել մարդկանց, որոնք եկել են հատուկ ինձ լսելու, ոչ միայն բարեկամների, միշտ էլ կարելի է բարեկամներով հավաքվել:
Ի դեպ, մենահամերգը նաեւ նկարահանվեց եւ կունենա DVD տարբերակ:
-Ե՛ւ Դուք, ե՛ւ Ձեր եղբայրը` Վլադիմիր Բարխոյանը, կարծես ինչ-որ հստակ սահմաններ եք գծել, որոնք չեք անցնում: Չեք երգում 6/8, ռաբիս, դա ձեզ համար սկզբո՞ւնք է:
-Մենք հատուկ ոչինչ չենք անում, պարզապես երգում ենք այն, ինչ սիրում ենք: Հենց սկզբից էլ այդպես է եղել, մեզ մոտ երբեք չի աշխատում պահանջարկին ենթարկվելու տարբերակը, որովհետեւ մենք առաջին հերթին հարգում ենք մեր մասնագիտությունն ու լուրջ վերաբերում դրան: Կարծիքներ լսում ենք, բայց, ի վերջո, երգում այն, ինչ մեզ հարմար է:
-Այսինքն՝ նախընտրում եք ունենալ թեկուզ քիչ հանդիսատես, բայց որ այդ հանդիսատեսը որակյալ երաժշտության կողմնակի՞ց լինի:
-Ամեն կատարող էլ ունի իր հանդիսատեսը, այստեղ նույնիսկ շատի ու քչի խնդիր էլ չկա: Մարդիկ կան՝ իսկապես արվեստից հասկանում են, մարդիկ էլ կան՝ արվեստից շատ հեռու են: Եթե մի բան գեղեցիկ է արվում, ու կա ճաշակ այդ ամենի մեջ, հաստատ կգնահատվի:
-Ավանդական մտածողություն ունեցող շատ եղբայրներ դեմ են լինում, երբ իրենց քույրերն ուզում են բեմ բարձրանալ, երգել, պարել: Ձեր պարագայում ինչպե՞ս է եղել, եղբայրն օգնո՞ւմ է, թե՞ խանգարում:
-Երբեւէ արգելքներ չեն եղել եղբորս կողմից: Միշտ նման ենք մտածել ցանկացած հարցի շուրջ, եւ ամուր կապը մեր մեջ միշտ եղել է: Թե՛ կիսվել ենք իրար հետ, թե՛ օգնել: Ինքը միշտ իմացել է, թե ես ինչ եմ անում, ինչքանով եմ ճիշտ:
-Եթե չեմ սխալվում, տարիներ առաջ Ձեր պրոդյուսերը Արա Թորոսյանն էր` Մուրզոն: Շարունակվո՞ւմ է ձեր համագործակցությունը, թե՞…
-Մենք մինչ օրս էլ շարունակում ենք միասին աշխատել, ուղղակի այսօր Մուրզոն բնակվում է ԱՄՆ-ում եւ կարճ ժամանակով է գալիս, դրա համար էլ մի քիչ դժվար է միասին աշխատելը: Մեր շփումն ու համագործակցությունը սկսվել է 10 տարի առաջ, երբ դեռ նոր էինք անում մեր առաջին քայլերը: Ինքը մեր ընտանիքին շատ հարազատ մարդ է, մենք էլ արդեն չգիտենք՝ աշխատում ենք միասին, թե բարեկամություն անում: Նրա խորհուրդները միշտ էլ օգտակար են լինում:
-Դրսում համերգներ ունենո՞ւմ եք:
-Իհարկե, կարծում եմ՝ առաջիկայում եւս կունենանք, պարզապես չենք զբաղվում այդ տեսակ բաներով, չենք դիմում մարդկանց, որ մեզ հրավիրեն: Ավելի հաճելի է, երբ քեզ նկատում են եւ իրենք հրավիրում: Այսօր էլ արդեն մի քանի տեղերից հրավերներ ունենք, հաջորդաբար երեւի թե կընդունենք:
-Աշխատանքից բացի, ուրիշ ինչո՞վ եք զբաղվում:
-Ավարտեցի Կոնսերվատորիան ու հիմա, երգից բացի, ուրիշ ոչ մի բանի ժամանակ չի մնում: Իմ օրն ամբողջությամբ նվիրում եմ իմ գործին, ձայնագրություններին, նկարահանումներին: Ազատ ժամանակս էլ կրկին նույն մտքերով է անցնում: Հիմա քանի դեռ երիտասարդ ես, պետք է շատ աշխատես:
-Ունե՞ք հիմնական աշխատանք:
-Ասեմ, որ հրավեր եմ ստացել ջազ ակումբից, որ շաբաթը մեկ կամ ամիսը մեկ անգամ հանդես գամ կատարումներով, բայց այս հարցը դեռ քննարկվում է:
-Անձնականում ի՞նչ նորություններ կան:
-Ինչպես որ գիտեիք, նախկին վիճակն է, դեռ աշխատանքի մեջ եմ, ոչ մի կերպ չեմ ուզում շեղվել այդ ամենից: Կարծում եմ, որ այս պահի դրությամբ ինձ համար աշխատանքն ավելի կարեւոր է:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս