Հայաստանը Եվրոպա-Ռուսաստան մրցակցության կիզակետում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքսի» հրապարակած փաստաթղթերից հերթականը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Վերջինս պատմում է իր եւ ԵՄ ներկայացուցիչների զրույցների մասին, որոնք վերաբերում են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ Եվրոպական միության մոտեցումներին: Պարզվում է, որ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչները ցանկանում էին սերտ հարաբերություններ հաստատել ՀՀ իշխանությունների հետ` նրանց հեռու պահելու համար Ռուսաստանի ազդեցությունից: Ավելին` ԵՄ ղեկավարությունը համարում էր, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը բավարար պայման է Մարտի 1-ի էջը փակելու համար:

Այսպես` հոկտեմբերի 23-ին Յովանովիչի ու Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուզենբերգերի հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵՄ-ի` Հայաստանի հետ նախաձեռնած քաղաքականությունը: Հեղինակը նկատում է, որ եվրոպական այլ դեսպանների հետ ունեցած հանդիպման ընթացքում Լուզենբերգերն ավելի քչախոս էր ու ձեռնպահ էր մնում Հայաստանի իրավիճակին վերաբերող գնահատականներից, մինչդեռ ԱՄՆ դեսպանի հետ տետ-ա-տետ զրույցի ժամանակ իրեն դրսեւորել է որպես խորաթափանց, հայաստանյան քաղաքական կյանքին քաջատեղյակ եւ հեռանկարներ տեսնող գործիչ:

ԵՄ պաշտոնյան տեղեկացրել է, որ «սաղմնային վիճակում գտնվող «Եվրոպայի հարեւանության քաղաքականության» ծրագիրը Հայաստանի առնչությամբ շուտով ավելի իրական կդառնա», քանզի Եվրահանձնաժողովը 9 մասնագետներ է նշանակել, որոնք պիտի աշխատեն ՀՀ նախագահականի եւ կարեւորագույն 9 նախարարությունների հետ: Դիվանագետը հավելել է, որ Եվրահանձնաժողովն իրական ջանքեր է գործադրում՝ բարելավելու համար Հայաստանի օրենսդրությունն ու քաղաքականությունը` դրանք եվրոպական չափանիշներին մոտեցնելու համար: Լուզենբերգերի պնդմամբ Հայաստանի ու Եվրոպայի հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու համար երկարաժամկետ ծրագիր է մտածված: Նա հավելել է, որ Սերժ Սարգսյանի՝ նույն թվականի նոյեմբերին Բրյուսել կատարած այցի ժամանակ այս նախաձեռնությունը քննարկվող կենտրոնական թեման պիտի լիներ: Կարելի է արձանագրել, որ ԵՄ հետ ասոցացման պայմանագրի նախապատրաստությունը սկսվել է հենց այդ այցով, որի հետ եվրոպացիները մեծագույն հույսեր էին կապում:

Անդրադառնալով ՀՀ ներքաղաքական դրությանը` Լուզենբերգերը նկատել է, որ Մարտի 1-ը «իսկական ցնցում է եղել հայ հասարակության համար, եւ մի քանի ամիս էր պետք, որ շոկայի ռեակցիան անցնի»: Լուզենբերգերը, սակայն, նշել է` տվյալ պահին «սկզբնական լարվածությունն արդեն անցյալում է, եւ հայերը վերադարձել են նորմալ ու հավասարակշռված կյանքին»: Նրա փոխանցմամբ` ԵՄ-ն եւ եվրոպական մյուս կառույցները շարունակելու են ճնշում գործադրել ՀՀ կառավարության վրա, որպեսզի այն հապճեպորեն հաղթահարի ներքաղաքական դժվարություններն ու ազատ արձակի ձերբակալված ընդդիմադիրներին: Եվրոպացու տեսանկյունից Մարտի 1-ի պատմությանը պետք է վերջ տրվի, ու քաղաքական այդ ճգնաժամի էջը պետք է փակվի: Հարկ է արձանագրել, որ եվրոպացիների համար Մարտի 1-ին տեղի ունեցած սպանությունների բացահայտումն ակնհայտորեն երկրորդական նշանակություն է ունեցել: Ըստ էության, Լուզենբերգերը ՀՀ իշխանություններին կոչ է արել այդ էջը փակել` լոկ ձերբակալվածներին ազատ արձակելով, մինչդեռ սպանությունների բացահայտումն առաջնահերթությունների շարքում չի էլ եղել:

Քննարկելով ԵԽԽՎ-ում Հայաստանի շուրջ ստեղծված դրությունը՝ Լուզենբերգերը կարծիք է հայտնել, որ Հայաստանի՝ ձայնի իրավունքից զրկվելու հեռանկարը միանգամայն հավանական է թվում: Նա ավելացրել է, որ ԵԽԽՎ-ն բավարարված չէ Հայաստանի իրականացրած քայլերով՝ մեղմելու խաթարված ընտրությունների եւ հետընտրական բռնությունների հետեւանքները: Ուշագրավ է ընտրությունների հետ կապված եվրոպացու ձեւակերպումը, քանզի իրավական տեսանկյունից «խաթարված» եզրույթը ոչ մի կերպ չի կարող համապատասխան լինել: Ենթադրելի է, որ Լուզենբերգերը ներքուստ վստահ լինելով ընտրությունների կեղծված լինելու հարցում, ավելի մեղմ բառ է կիրառել` ինչ-ինչ նկատառումներից ելնելով: ԵԽԽՎ-ում Հայաստանին պատժելու դեպքում, անգամ, Լուզենբերգերը հավանական է համարել, որ ԵՄ-ն «կմեծացնի Հայաստանի հետ առնչությունները՝ այդ կերպ ցույց տալով, որ մեջքով չի շրջվում դեպի Հայաստանը եւ նրան չի ուղարկում Ռուսաստանի գիրկը»: Փաստորեն` այս ամենն արվել է բացառապես Ռուսաստանի հետ մրցակցության համատեքստում, եւ, ըստ էության, Եվրոպային բնավ էլ չեն հետաքրքրել Հայաստանի ժողովրդավարական հիմնախնդիրները:

Փաստաթղթի ավարտին Յովանովիչը ներկայացնում է նաեւ Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների պատասխանատու Էնեկո Լանդաբուրուի կարծիքը, ով կրկնել է ԵՄ իր գործընկերոջ մտահոգությունները Մարտի 1-ի հետեւանքների կապակցությամբ եւ արձանագրել, որ բազում խնդիրներ շարունակում են չլուծված մնալ: Լանդաբուրուն հավելել է, որ երկարաժամկետ կտրվածքով ԵՄ-ն նպատակ ունի կոնկրետ քայլեր կատարելու եւ մտերիմ հարաբերություններ կառուցելու Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ. «Սա չի լինի մի գիշերում, բայց մենք աստիճանաբար կհասնենք դրան»,- եզրափակել է պաշտոնյան: Լուզենբերգերն էլ ընդգծել է, որ Եվրոպան մրցում է Ռուսաստանի հետ Երեւանի վրա իր ազդեցությունը տարածելու հարցում: Այպիսով` այսօր արդեն կարելի է արձանագրել, որ Եվրոպան անգամ կրկնակի ստանդարտների կիրառման գնով չկարողացավ Սերժ Սարգսյանին իր ազդեցության տակ պահել, եւ դա տեղի չունեցավ ոչ միայն մի գիշերում, այլեւ նույնիսկ 4 տարում: Իսկ Ռուսաստանի հետ մրցակցությունում մեր երկրում եվրոպացիները տանուլ տվեցին, եւ, ցավոք, կարծես թե երկարաժամկետ կտրվածքով:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս