ՀԱՐՑ. Եթե մեր կազմակերպությունում աշխատանքի ընդունեմ ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո զինվորական ծառայության մեկնած եւ զորացրված անձին, ապա նրա աշխատանքային գրքույկում պետք է գրանցեմ ուսումնական հաստատությունում սովորելն ու զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամանակահատվածների մասին տեղեկություննե՞րը, թե՞ լրացման ենթակա է դրանցից միայն վերջինը:
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ եւ 7-րդ կետերի համաձայն՝ աշխատանքային գրքույկում գրառվում են միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսման եւ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածները (երկու դեպքում էլ այդ մասին լրացում կատարում է այն գործատուն, որի մոտ անձն անցել է աշխատանքի ուսումնական հաստատությունն ավարտելուց եւ/կամ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո): Օրենսգրքի այս պահանջը նույնությամբ իրացվել է ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի «Աշխատանքային գրքույկ վարելու, աշխատանքային գրքույկի կրկնօրինակ տրամադրելու կարգը հաստատելու մասին» համար 876-Ն որոշման 10-րդ կետում:
Քանի որ Դուք եք այն գործատուն, ում մոտ անձն անցնում է աշխատանքի` ուսումնական հաստատությունը եւ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելուց հետո, հետեւաբար Դուք էլ պարտավոր եք աշխատողի աշխատանքային գրքույկում կատարել երկու ժամանակահատվածների մասին համապատասխան գրառումները:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատանքային գրքույկի առկայության ու դրանում կատարվելիք գրառումների կարեւորությունն աստիճանաբար մեծանում է, ուստի քաղաքացու դեպքում որքան էլ այդ գրքույկն ունենալը կամավոր լինի, այսուհանդերձ, անհրաժեշտությունը ստիպում է, որպեսզի բոլորը պահեն աշխատանքային գրքույկ: