Հայաստանյան ԲՈՒՀ-երի ռեկտորները կասկածվում են չարաշահումների մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները հայտնվել են աղմկալի պատմության մեջ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մեկ տասնյակից ավել բուհի ռեկտորների կողմից թույլ տված չարաշահումների փաստի առթիվ ՀՀ գխավոր դատախազի հրահանգով քրեական գործեր են հարուցվել:

Ինչի՞ մեջ են կասկածվում ռեկտորները:

«ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին նամակ է ուղարկել՝ հասկանալու, թե նրանք բուհի անունով մեքենա գնե՞լ են եւ ի՞նչ գումարով: Դատախազությունը տեղեկություններ է ստացել, որ պետբյուջեից հատկացված գումարները բուհի ռեկտորներն իրենց նպատակին չեն ծառայեցրել եւ իրենց համար շքեղ ավտոմեքենաներ են գնել:
«Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ տասնյակից ավել բուհի ռեկտորներ են կասկածվում չարաշահումների մեջ: «Սեւ ցուցակում» են գտնվում Երեւանի պետական համալսարանը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, Երեւանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանը, Գավառի պետական համալսարանը:
Մեզ հասած տեղեկություններով՝ նշված բուհի ռեկտորների կողմից թույլ տված չարաշահումների փաստի առթիվ դատախազության հրահանգով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր. 308 հոդվածի 1-ին մասի` պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Ռեկտորները չարաշահումների մասին

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց, թե նման բան չկա, եթե նման բան լիներ, առաջինն ինքը կիմանար. «Առաջին անգամ եմ լսում, ի՞նչ չարաշահում, այս ի՞նչ բան է»: Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանն էլ նշեց, որ եթե իր նկատմամբ քրեական գործ հարուցված լիներ, ապա կիմանար. «Խոսքը 2012թ կատարված գնման մասին է, որը նախկին ռեկտոր Արմեն Մազմանյանի օրոք է եղել: Բուհի համար մեքենայի գնման հարցով հատուկ քննություն է ընթացել, հարցաքննել են թատրոնի հաշվապահին եւ այլ մարդկանց: Այլ մանրամասներ չգիտեմ»: Չնայած նորանշանակ ռեկտորը կատարվածի մանրամասներից տեղյակ չէր, սակայն թատրոնի պրոռեկտոր Հովիկ Մինասյանը ներկայացրեց որոշ մանրամասներ: Ըստ նրա՝ 2012թ. թատրոնում գնումների հետ կապված խնդիր է եղել. «Նախորդ ռեկտոր Արմեն Մազմանյանի ժամանակ բուհի համար մեքենա է գնվել, սակայն գնումների ընթացակարգը չի պահպանվել ու կատարվածի համար սկսվել է քննություն, մեզ կանչել են, քննել են, եւ այլ բան չգիտենք»:
Իսկ, ահա, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը նշեց, որ. «Մենք ՀՀ գլխավոր դատախազությունից նամակ ենք ստացել, որտեղ գրված է եղել՝ դուք մեքենա գնել եք, ու ես շատ լավ տեղյակ եմ, որ բոլոր բուհերին այս հարցումը գնացել է: Մենք պատասխանել էինք, որ մեր բուհը պետական բյուջեից գումար չի ստանում, եւ մենք բուհի համար ծառայողական մեքենա ենք գնել բուհի սեփական միջոցներով: Օրինակ՝ ուրիշ բուհեր, որ պետբյուջեից գումար են ստացել, նրանք խախտում են արել, քանի որ մեքենան գնել են բյուջետային միջոցներով, ինչն արդեն խախտում է»:
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանն էլ անձամբ է գնացել հատուկ քննչական ծառայություն: «Մենք մեքենա գնել ենք, բայց յուրաքանչյուրի տակ կա կառավարության որոշումը: Կարծում եմ, որ ամեն ինչ եղել է սահմանված կարգով: Ներկայացրել եմ բոլոր փաստաթղթերը, իսկ թե հետո ինչ կլինի, չգիտեմ»,- ներկայացրեց կոնսերվատորիայի ռեկտորը:
Այն, որ տասնյակ բուհերի ռեկտորների գլխին սեւ ամպեր են կուտակվել, փաստ է, իսկ թե նրանցից որ մեկի գլխին կտեղա հուժկու կարկուտը, դեռեւս հայտնի չէ: Քննությունը շարունակվում է: Չի բացառվում, որ շատ խիստ մոտեցում չլինի, քանի որ ռեկտորները շատ դեպքում կատարել են ընդամենը ոչ ճիշտ ֆինանսական բաշխում, որը կարելի է նույնիսկ քրեական հանցանք չհամարե՞լ:
Ի դեպ, երեկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել էր 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի եւ տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված էին նաեւ ՀՀ ուսումնական հաստատություններ եւ կրթական ծառայություն մատուցող 23 կազմակերպություններ, այդ թվում՝ 19 բուհ, 2 կրթահամալիր, 1 քոլեջ եւ կրթության ազգային ինստիտուտը:
Խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որը 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 60-րդ տեղը: Երկրորդը Երեւանի պետական համալսարանն է՝ 67-րդ տեղ, երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, որը 142-րդ տեղում է:
Այսինքն՝ իսկապես բուհերում «մեծ փողեր» են պտտվում, ինչը նշանակում է, որ չարաշահումներն էլ չպետք է բացառել:

Քնար Մանուկյան




Լրահոս