Իջեւանի Ներսես Շնորհալի եկեղեցու հարակից տարածքում գյուղատնտեսական մթերքների բացօթյա վաճառք է կատարվում: Թեեւ Իջեւանի շուկան ընդամենը 70 մետր հեռավորությամբ է գտնվում, սակայն Իջեւանի տարածաշրջանի գյուղերի որոշ բնակիչներ գերադասում են այդտեղ իրացնել իրենց մթերքները: Դրանից քիչ հեռու՝ գետափնա փողոցում, խանութների տերերն իրենց տարատեսակ ապրանքները՝ շորեր, կոշիկներ, հեծանիվներ եւ այլն, ցուցադրում են փողոցում՝ նեղացնելով ավտոմեքենաների եւ մարդկանց տեղաշարժի համար նախատեսված ճանապարհը:
Այս կապակցությամբ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը գրություններ է ուղարկել ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Կարեն Հակոբյանին` հայտնելով, որ քաղաքի կենտրոնական փողոցների մայթերին ավելացել է առանց համապատասխան թույլտվության գյուղմթերքներ վաճառողների թիվը: Քաղաքապետը հայտնել է, որ ըստ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի՝ բացօթյա առեւտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերեր, թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղեւնիների եւ սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում՝ հանքային, հյութերի եւ զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առեւտուրը:
Իջեւան համայնքի ավագանու որոշմամբ 2014 թվականի համար համայնքի տարածքում բացօթյա առեւտուր կազմակերպելու թույլտվության տուրքը սահմանվել է յուրաքանչյուր օրը 1քմ մետրի համար 350 դրամ: Ներկայումս քաղաքապետարանի կողմից բացօթյա առեւտրի թույլտվություն ոչ ոքի տրված չէ: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի համապատասխան քաղաքապետարանի կողմից բացօթյա առեւտուր իրականացնողների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, դրանք գտնվում են ընթացքի մեջ: Քաղաքապետը ոստիկանապետին հայտնել է նաեւ, որ ոստիկանության Իջեւանի բաժնի հետեւողական, ամենօրյա աշխատանքի շնորհիվ այս տարվա սեպտեմբերի 1-ից քաղաքի կենտրոնական փողոցներում ապօրինի, բացօթյա առեւտուր կատարողները տեղափոխվեցին քաղաքային շուկա, սակայն վերջին օրերին քաղաքի կենտրոնական փողոցների մայթերին ավելացել է գյուղմթերքներ վաճառողների քանակը:
Ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Կարեն Հակոբյանը քաղաքապետին պատասխան գրությամբ տեղեկացրել է, որ ՏԻՄ օրենքի համաձայն՝ համայնքի ղեկավարն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում վերահսկողություն է իրականացնում առեւտրի, հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների նկատմամբ, քննում ոչ սահմանված վայրում առեւտուր իրականացնելու համար նախատեսված վարչական իրավախախատումների վերաբերյալ գործերը: Ոստիկանապետը նաեւ հայտնել է, որ բաժնի աշխատողները «անհրաժեշտության դեպքում կաջակցեն հասարակական կարգի պահպանմանը»: Իսկ բացօթյա առեւտուրն Իջեւանի կենտրոնում շարունակվում է:
Ոսկան Սարգսյան