Գյուղնախարարը խուսափում է ՎՊ-ի արձանագրած խախտումների մասին խոսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Վերահսկիչ պալատի՝ 2012-2013 թվականի ներկայացրած հաշվետվությունում գյուղատնտեսության ոլորտին առնչվող որոշ բնագավառներում ակնհայտ թերություններ են արձանագրվել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այս առնչությամբ որեւէ մեկնաբանություն չցանկացավ անել:

Հիշեցնենք, որ «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի» կողմից կազմակերպությունների բիզնեսի գնահատումը եւ դրա արդյունքում Հիմնադրամի բաժնեմասի չափի որոշումը կատարվել է սխալներով եւ հիմնադրամի` «Ներդրումների իրականացման եւ փոխառությունների տրամադրման ուղեցույց»-ից շեղումներով: Օրինակ՝ «ՍԻՍ Նատուրալ» ՓԲԸ-ն բաժնեմասի ձեռքբերման պայմանագրով 2012թ. ընթացքում ՓԲԸ-ի հիմնական միջոցների եւ վերանորոգման աշխատանքների վրա կատարված փաստացի ծախսերը սահմանվել են 155.08 մլն դրամ, սակայն ըստ ներկայացրած փաստաթղթերի՝ 2013թ.-ը ներառյալ, կազմել է 61.9 մլն դրամ:

Ինչպես արձանագրվել էր նախորդ վերահսկողության արդյունքում, այս անգամ եւս` չեն ապահովվել բաժնետոմսերի ձեռք բերման պայմանագրերով Հիմնադրամի եւ ընկերությունների կողմից երաշխավորված նվազագույն հիմնական գործառնական եւ ֆինանսական ցուցանիշները:

Երեկ «Ժողովուրդ»-ը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից փորձեց մեկնաբանություն ստանալ ՎՊ-ի արձանագրած խախտումների, գյուղատնտեսության ոլորտում առկա մի շարք բացթողումների վերաբերյալ: Նախարարը, սակայն, մեր հարցադրումներին արձագանքեց բավականին կոպիտ կերպով. «Այսօր բյուջե ենք քննարկում, ի՞նչ եք հարցեր տալիս, մեջ ընկնում: Թողե՛ք աշխատենք»: Այսպես՝ շատ համառելու պարագայում անգամ Սերգո Կարապետյանից այդպես էլ որեւէ մեկնաբանություն հնարավոր չեղավ ստանալ:

Իսկ նրա մամուլի խոսնակ Անի Սմբատյանն էլ Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումների վերաբերյալ մեկնաբանություն անելը համարեց իրենց կոմպետենտությունից դուրս: «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) պարտավորությունների շրջանակում է այդ հարցերի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն անելը»,- ասաց մամուլի խոսնակը:

Մինչդեռ իրականում այդ հիմնադրամը, որին Հայաստանն անդամակցում է 1993 թվականից, ՄԱԿ-ի ոչ քաղաքականացված կազմակերպությունն է, որի հիմնական նպատակն է գյուղական բնակչության շրջանում չքավորության դեմ պայքարը:

Հիշեցնենք, որ գյուղատնտեսության ոլորտի գլխավոր պատասխանատվությունը կրում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը եւ անձամբ նախարարը:

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ




Լրահոս