ՀՀ-ն օժանդակելու է Աֆղանստանում անվտանգության հաստատման ջանքերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 21-ին Չիկագոյում տեղի է ունեցել Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպումը, որին Հայաստանի պատվիրակությունը ղեկավար ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Հայաստանն օժանդակելու է Աֆղանստանում անվտանգության հաստատման ջանքերին։ ՀՀ ԱԳ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Աֆղանստանում տիրող իրավիճակին և միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների ներկայացուցիչներ: Ելույթ ունենալով հանդիպմանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին: Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասել է. “Աֆղանստանում անվտանգության ապահովման գործում դրական տեղաշարժերն ակնհայտ են։ Բայց, անկասկած, առավել շատ ջանքեր են անհրաժեշտ այս գործընթացն անդառնալի դարձնելու համար։ Դժբախտաբար, մենք ամեն օր ականատես ենք լինում, որ անցումային շրջանը սահուն իրականացնելն այդքան էլ հեշտ խնդիր չէ։ Կործանարար ուժերը խոչընդոտում են խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը Աֆղանստանում:
Միջազգային հանրության ջանքերը պետք է ուղղված լինեն թույլ չտալու ահաբեկչական ուժերի ավերիչ գործունեությունը ոչ միայն Աֆղանստանում, այլ նաև որպես վարձկանների՝ այլուր: Մենք մեր տարածաշրջանում դրա ականատեսն ենք եղել և գիտենք թե դա ինչ է նշանակում։ Կարևոր է ապահովել Աֆղանստանում դրական փոփոխությունների ընթացքը, որպեսզի այդ երկիրը չծառայի որպես անհանգստության աղբյուր իր հարևանների և այլ երկրների համար, այլ դառնա ամբողջ տարածաշրջանի դրական շարժիչ ուժը և օգտագործի իր բնական հարստություններն ի շահ Աֆղանստանի ժողովրդի, երկրի և տարածաշրջանի զարգացման”։ Նախարար Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանը կշարունակի իր նպաստը բերել Աֆղանստանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատմանն ու ամրապնդմանը, ինչպես նախատեսվող՝ մինչև 2014թ. անվտանգության աջակցության ուժերի դուրս բերումը, այդպես էլ դրանից հետո:




Լրահոս