Չիկագո չգնալը ինքնամեկուսացման ամենակարճ ճանապարհն է. Օսկանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախկին արտգործնախարար, վերջերս “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը անդամակցած Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շուրջ կատարվող իրադարձություններին, հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի չմասնակցելուն, ինչպես նաև դրա մասին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությանը։
Վարդան Օսկանյանը,մասնավորապես, գրել է.
“Հետևում եմ Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի իրադարձություններին: Մեծ հաշվով՝ լավ կլիներ, որ Հայաստանի նախագահն այնտեղ լիներ: Բազմակողմ նման հնարավորություններ շատ չեն լինում, և դա փայլուն առիթ է Հայաստանին հուզող խնդիրներն այլ երկրների ղեկավարների հետ քննարկելու: Սակայն, իհարկե, միշտ չէ, որ նախագահները բոլոր գագաթաժողովներին կարող են գնալ:
Ես խնդիր չէի տեսնի, եթե նախագահի՝ գագաթաժողովին չմասնակցելու մեկնաբանությունը չլիներ այն, ինչ էր, որ ՆԱՏՕ-ի հռչակագրի նախագծում ներառված է Հարավային Կովկասում և Մոլդովայում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձևակերպում, որը չի համապատասխանում ԵԱՀԿ շրջանակներում հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վերջին տարիներին ընդունված հայտարարություններին և որոշումներին:
Նախ, այս մեկնաբանությունը պարտվողական դիրքորոշում է: Ճիշտ այն է, ինչ Ադրբեջանը կուզեր, որ Հայաստանը այդպես հասկանար:
Երկրորդ, սա ինքնամեկուսացման ամենակարճ ճանապարհն է:
Երրորդ, ԼՂ հարցի կարգավորումը ՆԱՏՕ-ին չէ վերապահված, ուստի նրա կողմից ձևակերպումը չի կարելի որպես հիմք ընդունել: Եթե նման ձևակերպում հայտնվեր ԵԱՀԿ փաստաթղթերում, միգուցե Հայաստանի արձագանքը հասկանալի լիներ:
Չորրորդ, համենայն դեպս, ՆԱՏՕ-ի հռչակագրում չի ասվում, որ Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Այն ընդամենը արձանագրում է երկրների այսօրվա դե յուրե իրավիճակը: Հինգերորդ, եթե այս տրամաբանությամբ դատենք, ապա Հայաստանի նախագահը չպետք է մեկնի Իրան, Վրաստան և շատ այլ երկրներ:
Ամփոփելով՝ կրկնեմ, որ ամեն ինչ նորմալ կընկալվեր, եթե չլիներ նախագահի՝ Չիկագո չմեկնելու պաշտոնական բացատրությունը”:




Լրահոս