ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱԿ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՉՎԵՐԹԵՐԸ
Հայկական «Էյր Արմենիա» («Air Armenia») ավիաընկերությունը երեկ պաշտոնապես հայտարարեց չվերթերը դադարեցնելու մասին: Հայկական միակ ավիաընկերությունն իր ձախողման մեջ մեղադրում է ՌԴ «Ռոսաէրոնավիգացիա» պետական ծառայությանը: «Սույն թվականի սեպտեմբերի 11-ին «Ռոսաէրոնավիգացիայի» կողմից ռուսական լրատվամիջոցների տարածած հայտարարությունն առ այն, որ «Air Armenia» ավիաընկերությանը սեպտեմբերի 21-ից արգելվելու է չվերթեր իրականացնել դեպի Ռուսաստանի Դաշնություն, մեծ վնաս հասցրեց եւ լուրջ խնդիրների պատճառ դարձավ միակ հայկական ուղեւորափոխադրող ավիաընկերության համար»,- նշված է «Էյր Արմենիա»-ի տարածած հաղորդագրությունում: Ներկայումս սնանկ ճանաչված «Արմավիան» եւս կարելի է ասել, որ «Ռուսաէրոնավիգացիայի» զոհը դարձավ: Իհարկե, «Արմավիայի» սնանկացումը ավելի երկար` մոտ մեկուկես տարի տեւեց, բայց, դե, նախկին փոխադրողի ռեսուրսներն ավելի շատ էին, ու ռուսները ստիպված էին մի փոքր ավելի շատ ջանք թափել:
Ուշագրավ է, որ թեեւ «Էյր Արմենիան» պատկանում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ընտանիքին, սակայն ՀՀ կառավարությունը որեւէ քայլով, ըստ էության, չի կարողացել գնել հայկական միակ փոխադրողին:
ՀՀ կառավարությունը մտադիր է ռեստորան գնել: Այս մասին որոշման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Ըստ այդմ, կառավարությունը մտադիր է գնել Հանրապետության հրապարակում գտնվող «Արարատ» ռեստորանը` 3 միլիոն 200 հազար դոլար արժեքով: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առնվազն մինչեւ 2015 թվականի դեկտեմբերը «Արարատ» ռեստորանը շարունակելու է գործել: Այսինքն՝ մեկ տարի շարունակ ՀՀ կառավարության անդամներն այլեւս կարող են «Արարատ» ռեստորանում «հաց ուտել» եւ իրենց զգալ ինչպես տանը: Իհարկե, կառավարության անդամներից շատերն իրենց սեփական ռեստորաններն ունեն, բայց այս մեկը կլինի իրենց բոլորինը, այսպես ասած «օբշագինը»: Ի դեպ, գործադիրը մտադիր է ռեստորանի տարածքը վերավաճառել Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» փակ բաժնետիրական ընկերությանը զբաղեցրած տարածքի 1 քմ-ը 4 հազար դոլար արժեքով: Իսկ մինչ այդ ռեստորանը առաջիկա մեկ տարում դեռ կշարունակի գործել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ում այժմ քննարկվում է ՀՀ իշխանություններին կոնկրետ ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու պահանջը ներկայացնելու հարցը, որի կազմում պետք է ներառված լինեն ոչ միայն եռյակի ներկայացուցիչները, այլեւ ոչ խորհրդարանական ուժերի: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, երբ «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու պահանջ ներկայացնելու հնարավորության մասին, պատասխանեց. «Ազգային համաձայնության կառավարության գաղափարը կարող է առանձին ամեն մեկը քննարկել, բայց այդպես ընդհանուր քննարկում չի եղել: Առանձին մարդիկ կարող են առանձին բաներ մտածել, կարծիք հայտնել, բայց այդպես ընդհանուր քննարկում չի եղել»: Մելքումյանին հիշեցրեցինք, որ Գագիկ Ծառուկյանը միշտ հայտարարել է, թե անձամբ որեւէ պաշտոն չի ուզում զբաղեցնել, այդ դեպքում ինչի՞ համար է այսօր: «Ինչ-որ ինքն ասել է, ուժի մեջ է»,-վստահեցրեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Գյումրիի քաղաքապետարանի միջոցները յուրացնելու փաստի առիթով հարուցված քրեական գործով մեղադրյալների թիվն ավելացել է: Այդ գործով առաջինը մեղադրանք էր առաջադրվել Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանին: Մոտ մեկ տարի առաջ հարուցված քրեական գործի քննությունը դեռեւս շարունակվում է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քաղաքացի Հովհաննես Գեւորգյանին եւս («Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել, թե ով է նա եւ ինչ կապ ունի քաղաքապետարանի հետ) ուրիշի գույքի յուրացման կամ վատնելու համար մեղադրանք է առաջադրվել: Հիշեցնենք, որ քրեական գործ հարուցելու առիթ էր դարձել Գյումրիի քաղաքապետարանի բյուջեից փողոցների ասֆալտապատման նպատակով դուրս գրված 80 միլիոն դրամի յուրացումը:
ՄԻԱՅՆ ՈՉ ՍՐԱՆՔ
Այս օրերին անդրադառնալով հանրահավաքներում եռյակի առաջնորդների հնչեցրած քննադատությանը` հանրապետականներն արձագանքում են, թե իրենք, ի տարբերություն ընդդիմության, չունեն այնպիսի զենք, ինչպես պոպուլիզմն է, թե Հանրապետականի հանրային աջակցության եւ վստահության ռեսուրսը շատ ավելի մեծ է, քան եռյակի եռապատիկինը, եվ, ի վերջո, որ իշխանությունն ինքն է բարձրաձայնում այն բոլոր քայլերի անհրաժեշտության մասին, ինչը խոստանում են եռյակի ներկայացուցիչներն իրենց հանրահավաքային ելույթներում:
Միանգամից արձանագրենք, որ իշխանությունը լավ էլ զինված է պոպուլիզմով, եւ եթե վերջին շրջանում այն հաճախ չի գործածում, ապա միայն այն պատճառով, որ բարեհաջող կերպով քաղաքական մենաշնորհը հաստատելով` մինչ հաջորդ ընտրությունները ժողովրդին հաճոյանալու մոտիվացիա չունի: Ինչ վերաբերում է Հանրապետականի` հանրային աջակցության եւ վստահության ռեսուրսին, ապա այդ մասին պնդումները, եթե չասենք՝ իրական չեն, հաշվի առնելով նախորդ ընտրությունների համատարած կեղծիքները, ապա առնվազն ժամանակավրեպ են: Հանրապետականներն իրավացի են միայն իրենց վերջին պնդման մեջ` իրոք, իշխանություններն իրենք են պարբերաբար բարձրաձայնում երկրում առկա աղքատության, կոռուպցիայի, տնտեսական մենաշնորհների մասին: Օրինակ՝ նույն Սերժ Սարգսյանի ելույթները եթե ընթերցենք, ապա կտեսնենք, որ դրանք հաճախ ավելի ընդդիմադիր են, քան այսօր հարթակից հնչող որոշ ելույթներ:
Ամբողջ խնդիրն այն է, որ իշխանությունները ոչ թե պետք է բարձրաձայնեն այդ խնդիրների մասին, այլ պետք է դրանք լուծեն: Բարձրաձայնելու գործառույթը վերապահված է ընդդիմությանը: Մինչդեռ երկրի զարգացումը բոլոր ուղղություններով տորպեդահարած Ս. Սարգսյանը, դատարկախոսելով հանդերձ կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ՀՀ կառավարություն է բերում ամենակոռումպացված պաշտոնյաներին, հայտարարելով զոռբայությունը մերժելու եւ արածի ու չարածի համար պատասխանատվություն կրելու մասին` մարզպետի պաշտոնը կրկին նվիրում է մարդասպանության մեջ մեղադրվող զավակի՝ եռակի դատվածություն ունեցող հորը` Սուրեն Խաչատրյանին: Խոսելով ծնելիության խրախուսման մասին` փորձում է աշխատող հղիների վրա դնել չաշխատողներին պահելու հոգսը, եւ այլն, եւ այլն: Եվ այս ամենի արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որ ով էլ լինի ընդդիմության առաջնորդը եւ ինչ էլ ասի, ժողովուրդը գնալու է նրա հետեւից: