ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԷԼ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴ Է, Ի՞ՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ»

Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունն այս տարվա սկզբին տուգանել է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանին: 2014թ փետրվարի 14-ին ոստիկանությունը Թեւան Պողոսյանի դեմ հայց է ներկայացրել դատարան, որպեսզի նրանից, հօգուտ ՃՈ-ի, բռնագանձի 50 հազար դրամ: Պատգամավորն իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել եւ պահանջում է վերացնել ոստիկանության` իրեն տուգանելու մասին ակտը: Թեւան Պողոսյանն իր դիրքորոշումը հիմնավորում է այն պնդմամբ, որ ոստիկանությունն իրավունք չուներ իրեն տուգանելու եւ դրա համար պետք է ստանար խորհրդարանի համաձայնությունը: Իսկ ոստիկանությունը պնդում է, որ օրենքի առաջ բոլորն են հավասար:

Երեկ «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ԱԺ տարբեր խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե իրենք ինչպես են վերաբերվում պատգամավորին տուգանելու խնդրին:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
-Պարո՛ն Ավետիսյան, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պահանջել է տուգանել նաեւ օրինախախտ բոլոր պատգամավոր-վարորդներին: Ի՞նչ եք կարծում՝ դա արդա՞ր է:
-Ճիշտն ասած այդ հարցի շուրջ մենք երկակի կարծիք ունենք, մի կողմից բոլորն էլ օրենքի առաջ հավասար են, բայց մյուս կողմից էլ վարչական իրավախախտումների մասին օրենքին հակասող դրույթներ կան այնտեղ: Դրանք վերաբերում են անձեռնմխելիությանը, բայց, ընդհանուր առմամբ, ես գտնում եմ, որ դա նորմալ է:
-Ձեր կարծիքով պատգամավորը հասարակ քաղաքացուց պետք է տարբերվի՞ իր արտոնյալ կարգավիճակով, թե՞ հավասար պետք է լինի:
-Եթե ինքն ակնհայտ սխալներ է անում, ապա օրենքի առջեւ պետք է բոլորն էլ հավասար լինեն, բայց թե՛ սահմանադրությամբ, թե՛ վարչական իրավախախտումների մասին օրենքով կան հակադրություններ: Եթե պատգամավորն անձեռնմխելի է… ինձ թվում է, որ դա իրավաբանների գործն է, բայց բոլոր դեպքերում ես նորմալ եմ ընդունում, թող բոլորն էլ մուծեն տուգանքները:
-Պարզվում է՝ ընդդիմադիր պատգամավոր Թեւան Պողոսյանն այդ կարծիքին չէ, ինչի համար էլ դատի է տվել ոստիկանությանը:
-Ես նշեցի, որ օրենքի առաջ բոլորն էլ հավասար են, նույն օրենքներից էլ պատգամավորն է օգտվում: Եթե իր նկատմամբ սխալ տուգանք են կիրառել, ինչո՞ւ իրավունք չունի դատարան դիմելու: Իրավաբանական մոտեցում է:
-Իսկ Դուք տուգանվե՞լ եք, մուծե՞լ եք այն գումարը, որը սահմանված է օրենքով:
-Այո՛, ես տուգանվել եմ ու անպայման վճարել եմ: Աշխատում եմ խախտումներ չանել, բայց, դե, ինչքանով որ ստացվում է:

ԱԺ անկախ պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ
-Պարո՛ն Մարուքյան, ԱԺ պատգամավոր-վարորդներին ոստիկանությունը սկսել է տուգանել. Դուք է՞լ եք դա անարդար համարում:
-Այդտեղ իրավաբանական լուրջ վեճ կա, ու ես այն կարծիքին եմ, որ այդտեղ անձեռնմխելիության խնդիր կա: Այն իրավաբանները, որոնք պնդում են, որ չկա նման խնդիր, նրանք նշում են, թե սահմանադրության մեջ նշված է՝ դատական կարգով… բայց գործը դառնում է դատական կարգով, երբ հասնում է դատարան: Բայց եթե ինձ եք հարցնում, ապա ես տուգանվել եմ ու մուծել եմ: Եթե շարքային քաղաքացիներին տուգանում են, մեզ էլ՝ հետը, ուրեմն պիտի մուծենք:
-Իսկ տեղյակ էի՞ք, որ «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը դատարան է դիմել՝ պաշտպանելու իր անձեռնմխելիությունը:
-Լավ է արել, ճիշտ է արել, եթե ես ժամանակ ունենամ… ուղղակի չեմ խորացել ու մուծել եմ, 3 հատ 5.000 դրամանոց տուգանք եմ ստացել վերջին 20 օրվա մեջ: Դա արտոնության հարց չէ, դա ինսիտուտի հարց է:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՄՆԱՑԱԿԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
-Պարո՛ն Մնացականյան, Դուք ինչպե՞ս եք վերաբերում հարցին, որ ԱԺ պատգամավորները եւս տուգանվում են ՃՈ-ի կողմից, երբ խախտում են ճանապարհային երթեւեկության կանոնները:
-Եթե օրենքով այդպես է, ուրեմն այդ օրենքը պետք է բոլորի համար գործի: Իսկ ի՞նչ տարբերություն՝ պատգամավոր է՞, նախարար է՞, թե՞ շարքային քաղաքացի է այդ օրենքը խախտում:
-ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թեւան Պողոսյանն իրեն տուգանլու համար դատի է տվել ՀՀ ոստիկանությանը, քանի որ տուգանքով խախտվել է նրա անձեռնմխելիությունը:
-Դե, ես չեմ կարող ինչ-որ բան ասել, քանի որ ամեն մեկն իր արարքի համար է պատասխանատվություն կրում: Ուղղակի ես չեմ հասկանում, թե պատգամավորին ինչո՞ւ եք առանձնացնում ընդհանուր ժողովրդից, պատգամավորն էլ սովորական մարդ է, ի՞նչ տարբերություն:
-Իսկ Դուք տուգանվե՞լ եք:
-Եթե խախտում եղել է, տուգանվել եմ ու մուծել եմ:

 

 

«ԿՌՈՒՏՈՅՆԵՐՆ» ՈՒ «ԴՈԿՏՈՐՆԵՐԸ» ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ

Երեկ խորհրդարանում 2015 թվականի բյուջեն ներկայացրեցին ՀՀ մարզպետներն ու Երեւանի քաղաքապետարանը: Սակայն բյուջեի քննարկմանը Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ինչպես միշտ, որոշել էին չներկայանալ՝ իրենց փոխարեն ուղարկելով տեղակալներին: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ որոշեց բոյկոտել նիստը:

Եւ այսպես՝ նիստի մեկնարկից առաջ, մինչ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը կներկայացներ քաղաքապետարանի 2015 թվականի բյուջեն, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ն. Փաշինյանը խոսք խնդրեց:
«Արդեն երեք տարի է՝ ես տեսնում եմ ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունը՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում ՀՀ պետբյուջեի քննարկումների մասին ժամանակացույցը, որտեղ գրված է, որ այսօրվա քննարկմանը հրավիրված են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ՀՀ մարզպետերը, չի կատարվում: Ես երեք տարի է՝ չեմ տեսել Տարոն Մարգարյանին եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Սա ի՞նչ է նշանակում: Ամենակռուտոյ պաշտոնյաները չե՞ն գալիս այսպիսի ոչ պրիստիժնի տեղեր, գալիս են առավել ոչ արտոնյալնե՞րը: Նրանք, ովքեր պատմագիտության դոկտորի կոչում ունեն, նրանց հարմար չէ՞ այսպիսի քննարկումների մասնակցել: Ասում են՝ Տարոն Մարգարյանը կարեւոր գործ ունի, այսինքն՝ մենք այստեղ հավաքվել ենք ոչ կարեւոր գործերո՞վ: Ես հիմա շատ կարեւոր գործեր ունեմ, ինչպես Տարոն Մարգարյանը եւ Սուրիկ Խաչատրյանը: Երբ նրանք կներկայանան, իմ հեռախոսահամարն ունեք, կզանգեք, ես կներկայանամ այս քննարկմանը»,- հայտարարեց Ն. Փաշինյանը, վեր կացավ, որ հեռանա դահլիճից:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը, որը գլխավորում էր նիստը, Փաշինյանին խնդրեց մի քանի րոպե սպասել ու լսել պարզաբանումը՝ հորդորելով հարիր բառապաշար օգտագործել: «Երեք տարի է՝ մենք լսել ենք այդ պարզաբանումները»,-վրդոված հայտարարեց ընդդիմադիր պատգամավորն ու հեռացավ:
Իսկ ավելի ուշ Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը փորձեց արդարացնել մարզպետի բացակայությունը. «Մարզի համար շատ կարեւոր միջոցառում էր, ներդրողների հետ հանդիպում կար, ես էլ կարող էի ներկայացնել, ինձ լիազորեց»: Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն էլ հայտարարեց, որ Տ. Մարգարյանը Սերժ Սարգսյանի հետ պաշտոնական այցով մեկնել է Հորդանան:
Նշենք, որ Սուրեն Խաչատրյանը միակ մարզպետն է, որ երբեւէ Աժ չի ներկայանում ոչ միայն տարեկան բյուջեն քննարկելու, այլեւ բյուջեի կատարողականը ներկայացնելու ժամանակ: Իսկ երեկ, երբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պատասխանում էր լրագրողների հարցերին, նրա «ձեռքին» զանգահարեց Սյունիքի մարզպետը: Ա. Ղահրամանյանը հայտարարեց, որ ինքն այժմ պատասխանում է լրագրողների հարցերին, մարզպետն էլ փոխանցեց, որ Ղահրամայնն իր կողմից բարեւի լրագրողներին:
Ստացվում է՝ մարզպետ Խաչատրյանն այդքան էլ զբաղված չէր:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԿՏԵՂԱԴՐԵՆ ՀԱՅՏՆԻ ՉԷ, ԹԵ ԵՐԲ
Երեւանի քաղաքապետարանի ավագանին այս տարվա ապրիլի 30-ի նիստում որոշել էր մայրաքաղաքում տեղադրել Անաստաս Միկոյանի արձանը: Որոշման մեջ նշված է, որ այս գաղափարի հիմքը «Հայաստանի Հանրապետությունում պետական եւ հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգն է»: Ստալինյան եւ լենինյան շրջանի բարձրաստիճան պաշտոնյայի, հազարավոր մարդկանց գնդակահարության եւ աքսորման որոշումներ ստորագրած անձի արձանը Երեւանում տեղադրելու հարցը երեւանցիների շրջանում բողոքի ալիք բարձրացրեց, եւ խնդիրը մնում է չլուծված: «Ժողովուրդ»-ը փորձեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանից պարզել՝ ի՞նչ եղավ Միկոյանի արձանի տեղադրման հարցը: «Ավագանու որոշումն ուժի մեջ է, արձանը պատրաստ է, բայց թե նախաձեռնողները երբ կտեղադրեն այն, հայտնի չէ: Քննարկումները շարունակվում են»,- ասաց Արեյանը:

 

ԿՏՐՈՒԿ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հոկտեմբերի 19-ին, երբ այցելել էր Արցախ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ փորձել է հասկանալ, թե նա ինչ դիրքորոշում ունի եռյակի գործունեության վերաբերյալ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Բակո Սահակյանը կտրուկ է պատասխանել Հովհաննիսյանին` նշելով, որ ցանկացած դեպքում իրենք լինելու են ՀՀ իշխանությունների կողքին, քանի որ ոչ իշխանական եռյակի իրականացրած քայլերին լուրջ չեն վերաբերվում: Բակո Սահակյանի պատասխանն անակնկալ է եղել Հովհաննիսյանի համար, եւ նա շփոթվել է:
«Ժողովուրդ»-ը փորձեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից պարզել՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում են վերը բերված տեղեկությունները: «Չգիտեմ, ճիշտն ասած, ես ներկա եմ եղել այդ հանդիպման ողջ ընթացքում: Հարցերը բացառապես վերաբերում էին Արցախին, Արցախի տեղին ու դերին, այդպիսի հարցեր են քննարկվել: Ես տեղյակ չեմ, չեմ լսել այդպիսի քննարկում»,- պատասխանեց մամլո խոսնակը:

 

ԱՌԵՐԵՍՈՒՄ
«Ա1+»-ի փոխանցմամբ՝ ԱԺ դարպասների մոտ տեղի ունեցած հայտնի միջադեպի առիթով ՀՀ պետական պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանի եւ «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնակցությամբ այսօր ՀՔԾ-ում տեղի է ունեցել առերեսում: Այն տեւել է մոտ երեք ժամ: Հիշեցնենք, որ հարուցված է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այսօր «Ա1+»-ի լրագրողը 3-րդ անգամ է հրավիրվել հարցաքննության:
Այդ ժամանակ ՀՔԾ-ն կայացրել էր քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը, որը բողոքարկվեց, եւ գլխավոր դատախազի կարգադրությամբ նորից քր.գործ հարուցվեց:

 




Լրահոս